«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2011-03-30 | #56, 2011-03-31 | #57, 2011-04-01


ICAO-Ն ՏԵՂԵԿԱՑՆՈ՞ՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Շատ հաճախ ադրբեջանական դատողություններին անդրադառնալն ուղղակի իմաստազուրկ է: Սակայն երբ իրենց փորձագետ ու վերլուծաբան, քաղաքագետ ու մասնագետ ներկայացնող մարդիկ են փորձում իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ անել, արձագանքի անհրաժեշտություն է զգացվում:

Այդպիսի մի փորձագետ էլ, իր «յուրօրինակ» դատողություններով, «Heritage» հիմնադրամի փորձագետ Արիել Քոհենն է: «Թրենդի» փոխանցմամբ, Քոհենը գործակալության խնդրանքով մեկնաբանել է Ստեփանակերտի օդանավակայան թռիչքների առնչությամբ ստեղծված իրավիճակը: Ըստ այդմ, Քոհենը հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղի, այդ թվում` օդային տարածքը, միջազգային իրավունքի համաձայն, պատկանում է Ադրբեջանին»: Ուստի նման փորձագետի համար «հասկանալի չէ, թե ինչու է հայկական կողմը չվերթեր իրականացնելու մասին հայտարարում` ավելի լարելով իրավիճակը»:

Այն, որ Արիել Քոհենի համար Արցախը «ադրբեջանական տարածք» է, վկայում է նույն այդ փորձագետի` միջազգային իրավունքի տարրական նորմերին չտիրապետելու մասին: Սակայն առավել հետաքրքրական է, որ տարբեր երկրների ղեկավարների, տարբեր պաշտոնյաների կողմից քաղաքացիական ավիացիայի թռիչքներին խոչընդոտելու եւ ահաբեկչական հայտարարություններ անելու անընդունելիության մասին արված հայտարարությունների կողքին շատ է նշվում հարցը Միջազգային քաղավիացիայի կազմակերպության կողմից կանոնակարգվելու մասին: Իսկ վերջինիս անդամները, որոնց թվում են ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը, պարտավորություն են ստանձնել երբեւէ ռազմական քայլեր չձեռնարկել քաղաքացիական ավիացիայի թռիչքների նկատմամբ:

Ամեն դեպքում, պարզվում է, Հայաստանը նամակ է ստացել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից` CAO-ից (International Civil Aviation Organization), որով ICAO-ն Երեւանին տեղեկացրել է Ադրբեջանի անհանգստությունն ու նախազգուշացումները Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման վերաբերյալ: Այդ լուրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:

Վերջինս, սակայն, հրաժարվել է հայտնել նամակի բովանդակության մասին, չմեկնաբանելով, թե արդյոք Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը պատրաստվո՞ւմ է պատասխանել նամակին եւ ի՞նչ է պատասխանելու: Այսինքն` ICAO-ն արձագանքել է, բայց ինչպե՞ս` մնում է անհայտ:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4