«Ժամանակն է կոնկրետ գործերով իրականացնելու հույսերը»: Սա է 2011 թվի Հայոց ցեղասպանության ցուցատախտակի պատգամը: «Peace of Art» կորպորացիայի հովանավորությամբ պատրաստված ցուցատախտակներն ապրիլի 4-ից կբարձրացվեն Ուոթերթաունի Մաունթ Օբըրն փողոցի սյուների վրա, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը: Իսկ Ֆոքսբորոյում, «Ժիլետ» մարզադահլիճի մոտակայքում արդեն իսկ տեղադրված ցուցատախտակը կոչ է անում «Ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Պատգամը հղում է 2009 թվին խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ նախագահ Օբամայի խոսքերին, որոնցով նա այդ որոշումը որպես ավելի «գործողության կոչ» ընդունեց, քան իր ձեռքբերումների գնահատանք: «Peace of Art»-ի հիմնադիր եւ տնօրեն Դանիել Վարուժան-Հաճինյանն էլ այս տարվա ցուցատախտակներով ցանկանում է հիշեցնել նախագահ Օբամային, որ հիմա է ժամանակը «կոնկրետ գործերով իրականացնելու հույսերը»:
Դանիել Հաճինյանը ծնվել է Սիրիայում, Եղեռնից մազապուրծ ընտանիքում: 1969-ին ներգաղթել է Հայաստան եւ սովորել Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1979-ին տեղափոխվել է Մ. Նահանգներ: Բոստոնի հայկական եկեղեցիներում ունի բազմաթիվ որմնանկարներ:
Հ. Ծ.