2001-ի հունվարի 29-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակն ու վարչապետ Լիոնել Ժոսպենը ստորագրեցին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը, որն ընդունել էր Ազգային ժողովը: 2006-ի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատեց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրինագիծը: Սակայն երբ դա ներկայացվեց Սենատ, մի խումբ ֆրանսիացի պատմաբաններ, տուրք տալով «պատմությունը պատմաբաններին թողնելու» թուրքական պետական թեզին, առարկեցին: Իսկ Թուրքիան բուռն հակազդեցություն ցուցաբերեց: Այսպիսով, Սենատը կասեցրեց օրինագծի վավերացման ընթացքը, բայցՙ ժամանակավորապես:
Ինչպես մարտի 31-ին կայքէջում նշել է թուրքական NTV-ն, ֆրանսահայության անցյալ տարվա ընթացքում ծավալված լոբբիստական գործունեության շնորհիվ նույն բովանդակությամբ երկու օրինագիծ է ներկայացվել Ֆրանսիայի Սենատ, որոնք Հայոց ցեղասպանությունն ուրացողների համար մինչեւ 45 հազար եվրո տուգանք եւ 5 տարի ազատազրկում են նախատեսում:
Գաղտնիք չէ, որ ներկա պահին Սենատում մեծամասնություն կազմող աջ ուժերը, որոնց թվում նաեւ իշխող կուսակցությունը, բացասաբար են մոտենում օրինագծին: Հակառակ դրանց, ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության մոտեցումը միանգամայն դրական է: Ըստ թուրքական NTV-ի, հայկական լոբբին շփումների մեջ է մտել Սոցիալիստական կուսակցության նախագահ Մարտին Օբրիի հետ, որն էլ նամակով դիմել է Սենատում սոցիալիստների խմբակցության առաջնորդ Ժան Պիեռ Բելին, պահանջելով օրակարգում ընդգրկել Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրինագիծը:
Խմբակցության ղեկավարները, «Հյուրիեթի» վկայությամբ, մայիսի 4-ին օրինագիծը Ֆրանսիայի Սենատում օրակարգ մտցնելու հարցով հանդես են գալու: Ի դեպ, Սենատի առաջիկա ընտրությունները նշանակված են նոյեմբերին: Ենթադրվում է, որ ընտրությունների արդյունքում այնտեղ մեծամասնությունը կանցնի Սոցիալիստական կուսակցությանը:
Հ. Չ.