«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2011-03-30 | #56, 2011-03-31 | #57, 2011-04-01


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԵՆՏՐՈՆ

«Ազգ»-ի հարցերին պատասխանում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը

- Աշխարհում հատկապես վերջին շրջանում արձանագրվող տարաբնույթ արտակարգ իրավիճակներն ու ճգնաժամերը ստիպում են մտածել Հայաստանում նման իրավիճակների դեպքում հնարավոր հետեւանքների մասին: Մենք պատրա՞ստ ենք հակազդել նման երեւույթների:

- Արտակարգ իրավիճակներն ու տարաբնույթ ճգնաժամերը դժվար կանխատեսելի, հաճախՙ անկանխատեսելի, կտրուկ զարգացող երեւույթներ են, որոնք պահանջում են հակազդման լուրջ հնարավորությունների ստեղծում, կառավարման կայուն եւ ներդաշնակ գործող համակարգ, ոլորտում քաղաքականության իրականացման գործուն մեխանիզմներ, ինչը հնարավոր է իրականացնել տեղեկատվական հոսքերի կառավարման ժամանակակից համակարգերի առկայության պայմաններում, որոնց առանցքն է կազմելու ճգնաժամային կառավարման կենտրոնը, որը, լինելով օպերատիվ կառավարման կարեւորագույն օղակ, կոչված է լինելու լուծել իր առջեւ դրված առօրյա խնդիրները: Ներկայումս աշխատանքներ են տարվում արտակարգ իրավիճակների նախարարությունն անհրաժեշտ շենքային պայմաններով ու տեխնիկական հագեցվածությամբ ապահովելու համար, ինչը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակների եւ լուրջ ճգնաժամների պարագայում արդյունավետ կառավարում ապահովելու:

Հայաստանում նախատեսվում է ստեղծել ճգնաժամային կառավարման ժամանակակից կենտրոն, ինչը թույլ կտա ոչ միայն լուծել ոլորտին առնչվող տարաբնույթ խնդիրները, այլեւ նոր որակ հաղորդել ճգնաժամերի կառավարման գործընթացինՙ ապահովելով երկրում արտակարգ իրավիճակների ժամանակ կառավարման օպերատիվությունը, տեղեկատվության ժամանակակից եղանակներով ձեռքբերումն ու կառավարումը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների փոխհամաձայնեցված գործողությունների ապահովումըՙ բարձրացնելով ճգնաժամերի կառավարման արդյունավետութունը:

- Ի՞նչ գործառույթներ է ունենալու նոր կենտրոնը եւ ի՞նչ խնդիրներ է լուծելու:

- Կենտրոնի գործառույթները նախատեսված են ինչպես ամենօրյա, այնպես էլ` ռազմական դրության եւ արտակարգ իրավիճակների պայմաններում գործելու համար: Լուծվելու են հետեւյալ հիմնական խնդիրները` ճգնաժամային կառավարման ոլորտում պետական միասնական քաղաքականության իրականացում, ճգնաժամային կառավարման գործընթացների պլանավորում, դրանց կատարման նկատմամբ մոնիտորինգի կազմակերպում եւ հսկողության իրականացում, արտակարգ իրավիճակների դեպքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ այլ նախարարությունների ու գերատեսչությունների ուժերի ներգրավում ու դրանց միջեւ համագործակցության կազմակերպում, արտակարգ իրավիճակների ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության ընդունում, ռիսկերի գնահատում, դրանց նվազեցման ուղղությամբ որոշումների ընդունում, արտակարգ իրավիճակների եւ պատերազմների, ինչպես նաեւ` ահաբեկչությունների ծագման դեպքում փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների, բնակչության կենսագործունեության ապահովման գործընթացի օպերատիվ ու արդյունավետ կառավարում, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ` միջազգային գործընկերների ազդարարման եւ իրազեկման իրականացում, կառավարման մարմինների միջեւ արտակարգ իրավիճակների վերաբերյալ միասնական տեղեկատվական դաշտի ստեղծում ու վերջինիս կառավարում:

Նշված խնդիրների նպատակաուղղված եւ արդյունավետ լուծումն ապահովելու համար նախատեսվում է ճգնաժամային կառավարման կենտրոնը հագեցնել ժամանակակից սարքերով ու սարքավորումներով, համակարգչային տեխնիկայով, կապի եւ ազդարարման միջոցներով, ծրագրային փաթեթներով, երկրատեղեկատվական համակարգերով, թվային քարտեզներով, վտանգավոր, հատուկ, կարեւորագույն օբյեկտների եւ մարդկանց զանգվածային կուտակման վայրերի շուրջօրյա տեսավերահսկման եւ ավտոմատացված կառավարման համակարգերով եւ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով: Ստեղծվելու են պարբերաբար թարմացվող, բնական եւ տեխնածին վտանգների վերաբերյալ տեղեկատվական բազաներ, իրականացվելու են մոնիթորինգի, կանխատեսման եւ պլանավորման լայնածավալ գործընթացներ:

Այսպիսով, Ճգնաժամային կառավարման ժամանակակից կենտրոնի հիմնումը, ներառելով ոլորտում առկա միջազգային փորձն ու կիրառվող տեխնոլոգիաները, հնարավորություն կտա որակական նոր մակարդակի բարձրացնել արտակարգ իրավիճակներում եւ պատերազմի պայմաններում մեր երկրի կառավարման հնարավորությունները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4