«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2011-03-30 | #56, 2011-03-31 | #57, 2011-04-01


ԿՈՉ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ. «ՄԻ ՔԻՉ ԷԼ ԽՂՃԻ ԿՈՃԱԿՆԵՐԸ ՍԵՂՄԵՔ»

Փոխքաղաքապետ Կամո Արեյանի մեկնաբանությամբ` Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշումըՙ արգելել բացօթյա առեւտուրը, ոչ թե միջոցառում էր, այլ օրենքի պահանջի կատարում: «Կարեն Կարապետյանն օգտվել է օրենքով իրեն վերապահված լիազորությունները կյանքի կոչելու իրավունքից, իսկ օրենքը բացառում է ապրանքների վաճառք փողոցում: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղեւնիների ու սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային հյութերի ու զովացուցիչ ըմպելիքների առեւտուրը: Սա ենթադրում է, որ այլ ապրանքների վաճառքը օրենքով բացառվում է», ասաց նա ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Արեյանի գնահատմամբ` կիրառված օրենքը բավականին հաջողված է: «Առեւտրականները վաճառվող ապրանքները տեղադրում էին մայթերին, երբ ունեին առեւտուր անելու համար հատկացված տարածքներ` խախտելով մայրաքաղաքի սանիտարա-հիգիենիկ իրավիճակն ու խաթարում Երեւանի արտաքին տեսքը: Գիտակցելով, որ միայն արգելելով հարցը չի կարող լուծվել, քաղաքապետարանում հասկացան, որ բախվում են սոցիալական լուրջ խնդրի: «Ո՞ւր գնան այդ մարդիկ» հարցին չէր կարող պատասխանել ոչ ԱԺ-ում ընդունված օրենքը, ոչ էլ այն իրականացնող քաղաքապետը:

Քաղաքապետարանում վերջերս հաստատվել է 8 մինիշուկաների նախագիծը: Բացօթյա առեւտուրը արգելվել է տարեսկզբին, սակայն քաղաքապետարանը միայն երեք ամիս անց է քննարկում ու հաստատում մինիշուկաների նախագծերը: Գուցե անհրաժեշտ էր մինչ օրենքի կիրառումն ու բացօթյա առեւտրի արգելումը հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք, այլ ոչ թե հիմքը գցելու փոխարեն տանիքը կառուցել: Մինչ մինիշուկաների կառուցումը մի քանի տասնյակ փողոցային առեւտրով զբաղվողների քաղաքապետարանը դարձրեց գործազուրկ:

Բացի մինիշուկաներից, որոնք դեռ պետք է իրողություն դառնան, քաղաքապետարանն առետրականներին առաջարկում է աշխատել Երեւանում գործող 18 շուկաներում: Արեյանի տվյալներովՙ շուկաներում առկա 4242 տաղավարից միայն 1160-ն է զբաղված: Մինչդեռ բացօթյա առեւտրով զբաղվող առեւտրականներից մեկը նրան հակադարձեց` փաստելով, որ քաղաքապետարանն այս ուսումնասիրությունն իրականացրել է տարվա այն եղանակին, երբ գյուղացին իր մթերքը չի բերել Երեւան: «Նման մի ուսումնասիրություն կատարեք ամռանն ու աշնանը ու կտեսնեք, որ շուկաներում 10 ազատ տաղավար էլ չի մնում»:

Փոխքաղաքապետի մեկնաբանությամբ` բացօթյա առեւտուրը շատ լուրջ վտանգ է պարունակում. կոռուպցիոն ռիսկերը մեծ են ու դրանից տուժում է պետական բյուջեն: «Առեւտրականներն իրենց առեւտուրը իրականացնելու համար վարձահատույց էին լինում, բայց ո՞ւմ. այդ փողերը որեւէ կերպ չէին երեւում պետական միջոցներում: Իսկ հիմա իսպառ վերացվել են այդ ռիսկերը, քանի որ առեւտուրը թույլատրվում է միայն օրենքով` համապատասխան վայրում ու համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում»:

Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը մտադրվել էր միայն ձայնի իրավունք տրամադրել պաշտոնյաներին` փոխքաղաքապետ Կամո Արեյանին, Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանին: Նա փոխքաղաքապետի ելույթից հետո հրաժարվեց ձայն տալ Արծվիկ Մինասյանին: Վերջինս մի քանի անգամ ձեռքը բարձրացրեց եւ արձագանքման իրավունքով ցանկանում էր խոսել: Սակայն Մարգարյանը ելույթի հրավիրեց էկոնոմիակայի փոխնախարարին: Հենց դա վերջնականապես հունից հանեց ու բարկացրեց հավաքվածներին: Վերջիններս աղմուկ-աղաղակ բարձրացրին, յուրաքանչյուրն իր ցավն ու խնդիրն էր ներկայացնում: Մոտ 15 րոպե Մարգարյանը չէր կարողանում կարգ ու կանոն հաստատել. նիստը ընդհատեց: Ընդմիջմանը Մինասյանն ու Մարգարյանը վիճաբանում էին: Դաշնակցական պատգամավորը ՕԵԿ պատգամավորին մեղադրեց ԱԺ կանոնակարգը խախտելու մեջ:

Խորհրդարանում միայն կռիվ տալուց հետո Մարգարյանը թույլ տվեց առեւտրականներին իրենց խնդիրը ներկայացնել:

Իր խոսքերովՙ չդիմանալով «բյուրոկրատական կապիկություններին» 75-ամյա Լեւոն Ուլիխանյանը հարկադրված ընդմիջեց լսումների` կառավարությանն ու քաղաքապետարանին ձեռնտու հանգիստ ընթացքն ու պատմեց, որ արդեն 3 ամիս յոլա է գնում 25.000 դրամ թոշակով:

«Դրանով անգամ գազի փող չես կարող վճարել: Հիմա սոված ու ոտքով հասել եմ խորհրդարան: Հասել եմ, որ ասեմ` որպես ի՞նչ եք մեզ էստեղ բերել, որ մեզ ձայն չտան, մենք ձեր լոլոները լսենք: Կուշտը սովածին մեծ-մեծ բրդում է»:

Լեւոն պապին բակում աճեցրած կանաչին է վաճառում: «Օրական մի քանի հարյուր դրամ գումար եմ ստանում, դրանով մի հաց եմ առնում, որ գոյատեւեմ: Կամ ինձ թույլ տվեք աշխատել, կամ էլ 30.000 դրամով պահակի մի աշխատանք ճարեք, գնամ էս տարիքիս պահակություն անեմ, որ ինձ պահեմ: Եթե չէ, ուղարկեք ուրիշ երկիր, գնամ էնտեղ մեռնեմ»:

Այս խոսքերը կարծես ազդեցություն թողեցին ՕԵԿ պատգամավորի վրա, որը «Լյովայով» դիմելով Լեւոն պապին` ասաց, որ մտահոգված է:

Երեկ տիկին Ալլայի տանը էլէկտրաէներգիան անջատել են, որովհետեւ 3000 դրամ կազմող պարտքը չէր կարողացել վճարել: «Մեզ էլ դուր չի գալիս այդ աշխատանքը, բայց ի՞նչ անենք, այլ ճար չկա: Շուկաներում առեւտուր չի լինում, որովհետեւ ոչ ոք չի գալիս: Ժողովրդին ընդդիմադիր դարձնում են: Մի ժամանակ հացն ու պանիրը աղքատի ուտելիք էին, հիմա պանիրն էլ թանկացրիք, դարձրիք դելիկատես, որ աղքատը մնա չոր հացի հույսին: Դուք ըստեղից դուրս չեք գալիս, չեք տեսնում, թե երկրում ինչ է կատարվում: Դուք կոճակներ եք սեղմում, մի քիչ էլ խղճի կոճակները սեղմեք» ասաց տիկին Ալլան:

Հենրիկ Հովհաննիսյանն արդեն 15 տարի բացօթյա առեւտրով է զբաղվում:

«Երկու համալսարան եմ ավարտել, սակայն կրճատման տակ ընկա ու զրկվեցի աշխատանքից: Դրսում պտուղ ու բանջարեղեն էի վաճառում: Կարապետյանի որոշումից հետո 15 օր աշխատեցի Զեյթունի շուկայում, բայց վնասով: Եղածն էլ շատ էժան գնով վաճառեցի, որ չփչանար: Մարդիկ շուկաներ չեն գալիս, որովհետեւ ամեն քայլափոխի կան խանութներ, սուպերմարկետներ: Մենք ընդամենը չենք ցանկանում սովամահ լինել»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը փաստեց, որ օրենքն ընդունվել է 2004-ին, 2007-ին օրենքում փոփոխություններ են մտցվել, սակայն միայն 4 տարի անց է օրենքը կիրառվում: «Հետեւաբար նախորդ քաղաքապետներն ու թաղապետները օրենք են խախտել, թույլ են տվել բացօթյա առեւտուր իրականացնել ու դրսեւորել անգործություն, հետեւաբար պետք է նրանց պատասխանատվության ենթարկել: Իհարկե նրանք իմացել են օրենքի մասին, սակայն առաջնային են համարել քաղաքացիների տարրական գոյության ապահովումը: Չեն փորձել օրվա հացի վրա քար գցել»: Մինասյանի գնահատմամբ` քաղաքապետի կտրուկ քայլերը հակասահմանադրական են, որովհետեւ այդ կերպ խախտվում են սահմանադրության բազմաթիվ հոդվածներ, որոնցով պետությունը պարտավոր է հոգ տանել իր քաղաքացիների մասին:

«Բացի դրանից Կարեն Կարապետյանն իր այս քայլով մնացած քաղաքապետներին մեղադրում է անգործության մեջ»:

Մի քանի ժամ տեւած քննարկումն ըստ էության, ոչնչի չհանգեցրեց. քաղաքապետարանից հավաստիացրին. օրենքում փոփոխություններ չեն լինելու:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Այն պահին, երբ խորհրդարանում տեղի էր ունենում վերոնշալ քննարկումը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բակում դիմավորում էր Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյին: Նույն պահին ԱԺ շենքի դիմաՍց հավաքված մի քանի տասնյակ բացօթյա առեւտրով զբաղվողներ բողոքի ցույց էին կազմակերպել` պահանջելով իրենց չզրկել հանապազօրյա հաց վաստակելու իրավունքից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4