Երեկ Հրազդանում տեղի է ունեցել բողոքի ակցիա` մասնակցությամբ հրազդանցիների եւ մի շարք հասարակական-բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների: Նրանք իրենց անհանգստությունն ու անհամաձայնությունն են հայտնել քաղաքում շահագործվող երկաթի հանքավայրի առնչությամբ եւ որոշում կայացրել նամակ ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
«Ազգ» օրաթերթը վերջերս անդրադարձել էր չինական Fortune Oil-ի գործունեությանը, որը պատրաստվում է Հայաստանում 500 մլն դոլարի ներդրում կատարել: Հունվարին վերոնշյալ ընկերությունը ձեռք է բերել Bounty Resources Armenia ընկերության 35 % մասնաբաժինը, որը տնօրինում է հայկական երկաթի 3 հանքավայր: Դրանց հաստատված եւ նախնական գնահատված պաշարները կազմում են 1.83 մլրդ տոննա: Հանքերը գտնվում են Հրազդան, Աբովյան քաղաքներում եւ Սվարանձ գյուղում: Հրազդանում շահագործվող հանքավայրը քաղաքից 800 մետր եւ Հրազդան գետից 1.5 կմ հեռավորության վրա է: Հանքավայրը կարող է քաղաքի` ծանր մետաղներով աղտոտման եւ քաղաքացիների մեջ վտանգավոր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Նախատեսվում է, որ Հրազդանի հանքավայրում հանքաքարի արդյունահանումը կսկսվի 2014-ին եւ կհասնի տարեկան 1.5-2 մլն տոննայի:
Ըստ շրջանառվող լուրերի` 3 հանքերը պատկանում են բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդի Սուրեն Այվազյանին եւ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին: Հանքավայրի շահագործմամբ հատկապես հարվածի տակ կհայտնվեն երեխաները: Հանքավայրից 2 կմ հեռու 3 դպրոց կա, հարեւանությամբՙ մի քանի աղբյուրներ, որոնցից օգտվում են բնակիչները: Հետեւաբար հանքի շահագործումից ծանր մետաղներով կաղտոտվի ոչ միայն ոռոգման, այլեւ խմելու ջուրը:
Հրազդանը հանրապետության ամենաաղտոտված քաղաքներից մեկն է: Օդում աղտոտվածությունը մի քանի անգամ գերազանցում է նորման: Դրա գլխավոր պատճառը ցեմենտի գործարանի շահագործումն է: Բնապահպանները համոզված են` երկաթի հանքավայրի շահագործումը էկոլոգիական աղետ կլինի քաղաքի համար: «Ազգ» -ի հետ հեռախոսազրույցում «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանն ասաց, որ հանքի շահագործման վերաբերյալ լսումներ են եղել, սակայն հասարակական կարծիքը որեւէ մեկը հաշվի չի առել: «Երկու տարի առաջ Հրազդանի քաղաքապետարանում տեղի ունեցան «լսումներ», սակայն որեւէ կազմակերպություն չէր մասնակցում: Անգամ մարզպետարանի (իսկ քաղաքապետարանն ու մարզպետարանը նույն շենքում են գործում) բնապահպանական վարչության աշխատակիցները չէին իմացել: Հետեւաբար շատ տարօրինակ պայմաններում է հանքի շահագործումը հանձնվել Fortune Oil ընկերությանը»: Ինգա Զառաֆյանը հավելում է, որ Հրազդանի քաղաքապետարանի հորդորները, որ հանքի շահագործմամբ աշխատատեղեր կբացվեն, իրականությանը չեն կարող համապատասխանել: «Համենայն դեպս մնացած երկրներում, որտեղ չինական կազմակերպությունը գործունեություն է իրականացնում, մի ավանդույթ է գործում: Հանքի մոտակայքում ավան են կառուցում, որտեղ տեղավորում են Չինաստանից եկած բանվորներին»: Զառաֆյանը չի բացառում, որ կկառուցվի այսպես կոչված չինական ավան` չինացի բանվորների համար:
Ստացվում է, որ չինական կազմակերպությունը Հայաստանում հանք է մշակում, միլիարդներ վաստակում, հսկայական վնաս հասցնում էկոլոգիային, գյուղատնտեսությանն ու քաղաքացիների առողջությանն ու իր հանքում աշխատելու համար կարող է բանվորներ հրավիրել դրսից:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ