Հանրահայտ տենոր Գեղամ Գրիգորյանը 60 տարեկան է: Չորեքշաբթի երեկոյան` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպվել էր հոբելյանական միջոցառում` նվիրված Հայաստանի ժողովրդական արտիստ եւ Լիտվայի վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին եւ ծննդյան 60-ամյակին: Հոբելյանական երեկոյին ներկա էր նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ միջոցառման մեկնարկը հանրապետության նախագահը Գեղամ Գրիգորյանին պարգեւատրեց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանով: Երեկվա համարում «Ազգը» գրել է այս մասին: Երեկոյի ընթացքում ցուցադրվեց Գեղամ Գրիգորյանի մասին պատմող տեսաշար, միջոցառումը նաեւ բաղկացած էր համերգային ծրագրից:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Գեղամ Գրիգորյանն իր 40 տարվա գործունեությունը գնահատեց հետեւյալ ձեւով. «Ես ի՞նչ իրավունք ունեմ գնահատելու իմ անցած ճանապարհը»: Իսկ երազանքների մասին խոսելիս նշեց, որ երազում է ունենալ իր դպրոցն ու ակադեմիան:
Գեղամ Գրիգորյանը ելույթ է ունեցել աշխարհի լավագուն բեմերում, նա համարվում է 20-րդ դարի 40 լավագույն տենորներից մեկը, եւ նրա անունը գրվում է այնպիսի հայտնի տենորների կողքին, ինչպիսին են Պլասիդո Դոմինգոն ու Լուչիանո Պավարոտին:
Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, որը նույնպես դահլիճում էր, լրագրողների հետ զրուցելիս Գեղամ Գրիգորյանի մասին ասաց հետեւյալը. «60 տարեկան դառնալուց հետո մի նոր փուլ է սկսվում: Ով մի անգամ լսել է նրա ձայնը, էլ երբեք չի մոռանա ու նրան նորից լսելու եւ տեսնելու պահանջ կունենա»: Ապա կոմպոզիտորը հավելեց. «Զարմանալի է, որ այդպիսի ձայն ու նման բաց հայացք ունեցող Գեղամ Գրիգորյանն արդեն 60 տարեկան է»:
Ստեղծագործական անսպառ եռանդ, եւս 60 տարիների կյանք ու բազմաթիվ հաջողություններ մաղթեց Մարտին Վարդազարյանը հոբելյարին:
Գեղամ Գրիգորյանը հայ մշակույթի մեջ նշանակալի ավանդ ունի եւ մեծ ձեռքբերումներ` օպերային երգարվեստում: Չորեքշաբթի կազմակերպված երեկոն նրա անցած ճանապարհի համեստ գնահատանքն էր:
Ի.Պ.