«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2011-03-30 | #56, 2011-03-31 | #57, 2011-04-01


«ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ» ԿՍԿՍՎԻ ԴԵՂԱՏՆԵՐԻՑ

Կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն ուսումնասիրել է Կոմիտասի խազերը, ինչի շնորհիվ կարողացել է մշակել 12 շարականներ ու փոխադրել դրանք ժամանակակից նոտագրության համակարգի: Այս մասին երեկ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Արթուր Շահնազարյանը : «Հենարան» ակումբում նա նշեց, որ թողարկվելու է նոր ձայնասկավառակ, որտեղ զետեղված են լինելու հենց այդ 12 շարականները: «Նարեկացի» միության հիմնադիր-նախագահ Նարեկ Հարությունյանն էլ նշեց, որ նախագիծն իրականացվում է «Նարեկացի» միության հետ համատեղ. «Եթե Աստված հաջողի 2-3 ամսից ձայնասկավառակը կթողարկվի»: Խտասալիկը ներառելու է նաեւ գրավոր բացատրություններ:

Այնուհետեւ Արթուր Շահնազարյանը բացատրեց, որ 1000 տարի առաջ մեր երգերը խազերով են նոտագրել, եւ Կոմիտասը զբաղվել է խազերի վերծանությամբ:

Արթուր Շահնազարյանի փոխանցմամբ` բացի վերոնշյալ սկավառակից նախատեսվում է թողարկել մեկ այլ ձայնասկավառակ, որտեղ ներառված կլինեն Կոմիտասի 5 երգերը: Սա թողարկվելու է հազարավոր օրինակներով ու բաժանվելու է անվճար` այն էլ դեղատներում: Կոմիտասագետն ասում է, որ այդպես «կոմիտասյան հարձակում» են սկսելու, իսկ խտասալիկը, որը բաժանելու են դեղատների հաճախորդներին, կոչվելու է «անտիվիրուս»: Բանախոսների կարծիքով` սկավառակների միջոցով հնարավոր կլինի ազդել մարդկանց հոգեւոր աշխարհի ու ճաշակի վրա: «Կոմիտասն ուղղակիորեն ազդում է մեր հոգու, նաեւ օտարների վրա», հավելեց Նարեկ Հարությունյանը: Իսկ Կոմիտասյան զորակոչի մասին, ըստ Ա. Շահնազարյանի, կտեղեկացվի նախօրոք. «Հետո արդեն կանցնենք հարձակման»:

Ի.Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4