«Ազգն» արդեն տեղեկացրել է «Արմմոնո» միջազգային 9-րդ փառատոնի մասին, որն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ ՀԹԳՄ աջակցությամբ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Երեկ, փառատոնի հիմնադիր, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղանաչյանը, փառատոնի նախագահ Մարիաննա Մխիթարյանը, մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, դերասաններ Սամվել Բաղինյանը, Ռոբերտ Հակոբյանը եւ Արամ Հովհաննիսյանը հանդիպեցին լրագրողների հետ եւ ներկայացրին փառատոնի ծրագիրն ու իրենց մասնակցությունը նման կարեւոր միջազգային փառատոնին, որի շնորհիվ հնարավոր է լինում ծանոթանալ ու նաեւ մասնակցել տարբեր երկրներում անցկացվող նմանատիպ փառատոներին: Այս տարի թատերասերները հնարավորություն կունենան դիտել 17 ներկայացումՙ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի, Լիտվայի, Եգիպտոսի եւ Հայաստանի դերասանների մասնակցությամբ:
Փառատոնը կբացի ճանաչված դերասան Ֆիլիպ Հոխմայերը (Գերմանիա) «Վերթեր» մոնոներկայացմամբ: Փառատոնին հրավիրվել է մասնակցելու Մոսկվայի Եվ. Վախթանգովի անվան դրամատիկական թատրոնի դերասան Յուրի Կրասկովըՙ «Լսելով հեռուն» մոնոներկայացմամբ: Բացի այդ Ռուսաստանից, փառատոնին հանդես կգա նաեւ դերասանուհի Իրինա Եվդոկիմովանՙ «Ոչ ոք» մոնոներկայացմամբ: Առաջին անգամ փառատոնին կմասնակցեն դերասաններ Եգիպտոսիցՙ Սամաա Իբրահիմըՙ «Կարմեն», Իսրայելիցՙ Հովարդ Ռիպը «Ջիմփել հիմարիկը» մոնոներկայացումներով: Տարեցտարի փառատոնին մասնակցելու ե՛ւ ցանկությունը, ե՛ւ աշխարհագրությունն ընդլայնվում են, ու հետաքրքրությունը մեծանում, վկան տարբեր երկրներից ստացված մասնակցության հայտերն են, որոնց շատ հետաքրքրում են հայկական թատերարվեստը:
Փառատոնը իսկական տոն է թատերասերների համար, ու կազմակերպիչները խոստացան, որ տոնը կկայանա, որովհետեւ փառատոնին մասնակցում են նախնական ընտրությամբ անցած եւ երիտասարդ ու արդեն թատերարվեստում իրենց խոսքն ասած դերասաններ: Փառատոնին Ֆրանսիայից մասնակցում է Ժան Պոլ Շինտունՙ «Առաջին մարդը», Լեհաստանից Գաբրիելա Մուսկալան, «Բուենոս Այրեսից վերադառնալիս», Լիտվայից Բիրուտե Մարն «Ունե» մոնոներկայացումներով եւ այլք:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ