«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2011-03-30 | #56, 2011-03-31 | #57, 2011-04-01


ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՐԶՉԻ ՀԱՐՑԸ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԼՈՒԾՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Երեք հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի 2013-ի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարը: Խաղերից մեկը կայացավ ընտրական 3-րդ խմբում, որտեղ ընդգրկված է Հայաստանի երիտասարդական հավաքականը: Անդորրայի ընտրանին սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջեց Ուելսի հավաքականին: Հանդիպման ելքը վճռեց 21-րդ րոպեին անդորրացի Արմանդ Ֆախարդոյի ինքնագոլը:

Կայացած մյուս երկու հանդիպումներում գրանցվեցին խոշոր հաշիվներ: 1-ին խմբում Կիպրոսի հավաքականը 6 անպատասխան գնդակ խփեց Սան Մարինոյի ընտրանու դարպասը: Իսկ 7-րդ խմբում թուրքերը 6-1 հաշվով պարտության մատնեցին Լիխտենշտեյնի հավաքականին:

Ընտրական մրցաշարն արդեն մեկնարկել է, իսկ Հայաստանի երիտասարդական հավաքականը դեռեւս գլխավոր մարզիչ չունի, մինչդեռ մյուս մրցակիցներն արդեն իրենց ուժերն են ստուգում ընկերական հանդիպումներում: Հիշեցնենք, որ ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը, որի գլխավորությամբ մեր ընտրանին բավական հաջող մրցելույթներ ունեցավ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական նախորդ մրցաշարում, անցած տարեվերջին հեռացավ Հայաստանիցՙ աշխատանքի անցնելով Իրանում:

Ըստ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, ֆեդերացիան բանակցում է արտերկրի հանրահայտ մասնագետներից մեկի հետ: Նա խոստացել էր, որ վիճակահանությունից հետո հայտնի կդառնա ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը: Սակայն մինչ օրս հարցը դրական լուծում չի ստացել: Նաեւ հայտարարվել էր, որ եթե չհաջողվի «դրսից» մարզիչ հրավիրել, ապա հավաքականի ղեկը կվստահվի տեղացի մասնագետի: Կարծում ենք, վերջին տարբերակի դեպքում կարելի է երիտասարդական հավաքականի ղեկը վստահել Աբրահամ Խաշմանյանին, որը բավական բեղմնավոր մարզչական գործունեություն է իրականացնում:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականն ընդգրկված է ընտրական 3-րդ խմբում, որտեղ մրցելու է Չեխիայի, Ուելսի, Չեռնոգորիայի եւ Անդորրայի հավաքականների հետ: Կարծում ենք, որ կարելի է հաջող մրցելույթներ ակնկալել մեր երիտասարդ ֆուտբոլիստներից, որոնցից շատերն իրենց լավ դրսեւորեցին ընտրական նախորդ մրցաշարում եւ տարիքային առումով կարող են մասնակցել նաեւ 2013-ի ընտրական մրցախաղերին: Միայն անհրաժեշտ է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ հավաքականի խնդիրներին, շուտափույթ լուծել գլխավոր մարզչի հարցն ու լրջությամբ նախապատրաստվել առաջիկա հանդիպումներին: Մեր ֆուտբոլիստներն ընտրական մրցաշարում մեկնարկելու են հունիսի 7-ին Երեւանում Չեռնոգորիայի հավաքականի հետ կայանալիք հանդիպումով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4