«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2011-03-30 | #56, 2011-03-31 | #57, 2011-04-01


ԱԲՐԱՀԱՄՆ ՈՒ ՈՒՈՐԴԸ ՄԱՐՏԱԿԱՆՈՐԵՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երկրորդ միջինքաշային կարգի Super Six մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումն Արթուր Աբրահամի եւ Անդրե Ուորդի միջեւ կայանալու է ԱՄՆ-ի Կարսոն քաղաքում մայիսի 14-ին: Այդ մենամարտին էր նվիրված Լոս Անջելեսում կազմակերպված մամուլի ասուլիսը, որին ներկա էր միայն Անդրե Ուորդը: Արթուրը հիվանդության պատճառով չէր մեկնել ԱՄՆ, ուստի հեռուստակամուրջ էր կազմակերպվել:

«Մեծ պատասխանատվությամբ եմ նախապատրաստվում առաջիկա մենամարտին: Իմ խնդիրն է հենց սկզբից զինաթափ անել մրցակցիս, որպեսզի Արթուրն իրեն զգա այնպես, ինչպիսի զգացումներ ունեցավ Կառլ Ֆրոչի հետ մենամարտից հետո: Չեմ հավատում այն մարդկանց, որոնք կարծում են, թե Արթուր Աբրահամն այլեւս այն ներուժը չունի: Հասկանում եմ, որ Արթուրն իր թիմի հետ եւս լրջորեն է նախապատրաստվում առաջիկա մենամարտին ու ցանկանում է ինձ անակնկալ մատուցել: Սակայն պատրաստ եմ պաշտպանել տիտղոսս: Ամեն ինչ կրկնվում է. մարդիկ կասկածանքով են վերաբերվում ինձ ու հարցնում են, թե արդյոք պատրա՞ստ եմ մենամարտին: Կարծում եմ, նրանք մոռանում են, որ ես պետք է կերակրեմ ընտանիքս, ուստի ինձ եւս շատ է անհրաժեշտ հաղթանակը: Միայն երկու մենամարտ է ինձ բաժանում երկրորդ միջինքաշային կարգում ուժեղագույնի տիտղոսից: Եվ ես մտադիր եմ երկու մենամարտերում էլ հաղթել», հայտարարել է Անդրե Ուորդը:

«Մենք նախապատրաստվում ենք լավ մենամարտի: Նախորդ մարզումային մենամարտը շատ կարճ տեւեց եւ ինձ չտվեց այն, ինչին ձգտում էի: Սակայն սարսափելի ոչինչ չկա: Գիտեմ, որ առաջիկա մենամարտում Ուորդին են համարում հաղթողի գլխավոր հավակնորդը: Դա նույնիսկ լավ է ու լրացուցիչ խթան է ինձ համար: Քիչ չեն դեպքերը, երբ հաղթողի հավակնորդները չեն արդարացնում սպասելիքները: Չեմ ցանկանում անդրադառնալ անցյալին: Ցանկանում եմ կենտրոնանալ Անդրեի վրա: Կօգտագործեմ քաջությունս, բռունցքներս, իմ մարմինը մրցակցին հաղթելու համար: Անհամբերությամբ եմ սպասում ԱՄՆ ժամանելուն: Կներդնեմ ուժերիս 120 տոկոսը: Իմ հայ երկրպագուների աջակցությամբ կնվաճեմ երկրորդ միջինքաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը ու կմտնեմ եզրափակիչ: Հայ երկրպագուները մեծ խթան կլինեն ինձ համար: Դա մենամարտին առանձնահատուկ բնույթ կհաղորդի: Ես նրանց հուսախաբ չեմ անի», նշել է Արթուր Աբրահամը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4