«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2011-03-30 | #56, 2011-03-31 | #57, 2011-04-01


ՄՈՒՐԹԱԶԱԼԻԵՎԻ ՄԵԴԱԼԸ ՄԻԱԿՆ ԷՐ

Դորտմունդում մրցավեճն ավարտեցին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը վիճարկող ազատ ոճային ըմբիշները: Մրցումների 2-րդ օրը առաջնության պարգեւները վիճարկեցին քաշային չորս կարգերի ըմբիշները: Ցավոք, Հայաստանի ըմբիշները շատ անհաջող ելույթներ ունեցան ու անմասն մնացին խաղարկվող պարգեւներից:

Մինչեւ 55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց Միհրան Ջաբուրյանը: Առաջին գոտեմարտում Միհրանը 5-4 հաշվով հաղթեց բուլղարացի Ռադոսլավ Վելիկովին: Սակայն քառորդ եզրափակիչի արգելքը հաղթահարել նրան չհաջողվեց: Այդ փուլում հայ ըմբիշը պարտվեց Բելառուսը ներկայացնող Վլադիսլավ Անդրեեւին: Վերջինս պարտվեց կիսաեզրափակիչում, ուստի Ջաբուրյանը զրկվեց նաեւ բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությունից: Իսկ Անդրեեւն արժանացավ բրոնզե մեդալի:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Ջամալ Օտարսուլթանովը, որը եզրափակիչում առավելության հասավ վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլու նկատմամբ:

Անհաջող էր նաեւ Ժիրայր Հովհաննիսյանի ելույթը: Մինչեւ 66 կգ քաշային կարգում Ժիրայրն առաջին իսկ գոտեմարտում պարտվեց ռուսաստանցի Ադամ Բատիրովին, որն արժանացավ բրոնզե մեդալի: Քաշային այս կարգում ուժեղագույնն ադրբեջանցի Ջաբրաիլ Հասանովն էր, որը եզրափակիչում հաղթեց բուլղարացի Լեոնիդ Բազանին: Բրոնզե 2-րդ մեդալը բաժին հասավ Գերմանիան ներկայացնող Սաբա Ջավադ Բոլագիին:

Մինչեւ 84 կգ քաշայինների մրցավեճում Հաբեթնյակ Կուրղինյանը 2 գոտեմարտ անցկացրեց: Առաջինում նա հաղթեց բելառուսցի Ալեքսեյ Իսաեւին, 2-րդում պարտվեց շվեյցարացի Մարկո Ռիսենին: Չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Անզոր Ուրիշեւը, որը վճռորոշ գոտեմարտում պարտության մատնեց վրացի Դաթո Մարսագիշվիլուն: Բրոնզե մրցանակակիրներ դարձան ռումինացի Ստեֆան Գեորգիտան եւ ադրբեջանցի Շարիֆ Շարիֆովը:

Հայաստանի վերջին պատվիրակին էլՙ գերծանրքաշային Ռուսլան Բասիեւին չհաջողվեց 2 գոտեմարտից ավելի անցկացնել: Առաջինում նա հաղթեց իսպանացի Խոսե Վասքուեզին, 2-րդում պարտվեց ադրբեջանցի Ջամալադին Մագոմեդովին:

Գերծանրքաշայինների պայքարում ոսկե մեդալի արժանացավ թուրք Ֆաթիհ Չաքիրօղլունՙ եզրափակիչում հաղթելով բելառուսցի Ալեքսեյ Շեմարովին: Բրոնզե մեդալներ ստացան հունգարացի Դանիել Լիգետին եւ ադրբեջանցի Ջամալադին Մագոմեդովը:

Ընդհանուր թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավեց Ռուսաստանի հավաքականը, որը նվաճեց 4 ոսկե, մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ: 2-րդ տեղում Ադրբեջանի հավաքականն է, որի հաշվեկշռում կա 2 ոսկե, 3 բրոնզե մեդալ: Թուրքերը նվաճել են 1 ոսկե մեդալ: Հայաստանի հավաքականը 7-8-րդ տեղերն է բաժանում ալբանացիների հետ նվաճած 1 արծաթե մեդալով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4