Մեկօրյա հանգստից հետո շախմատի Եվրոպայի առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջըՙ անցկացնելով 8-րդ տուրի հանդիպումները: Հայաստանցի շախմատիստներից հաղթանակներ տոնեցին միայն երկուսըՙ հանրապետության անցյալ եւ այս տարվա չեմպիոններ Ավետիք Գրիգորյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Գրիգորյանն իր առավելությունը հաստատեց Ալին Բերեսկուի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանը պարտության մատնեց Ալեքսանդր Պոտապովին:
Սարգսյան-Հալկիաս, Տեր-Սահակյան-Հակոբյան, Անդրեասյան-Յանսա, Մազե-Փաշիկյան եւ Դուբոյս-Պողոսյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Միակ պարտությունը կրեց Հրանտ Մելքումյանըՙ զիջելով Ալեքսանդր Ֆաուլանդին:
Հայաստանի շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք վաստակել են 5-ական միավոր:
Առաջատարների խմբում նեղվածք է: 6,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Վլադիմիր Պոտկինը, Մարկուս Ռագերը, Վիորել Յորդաշեսկուն, Էմիլիան-Միրչեա Պարլիգրասը, Ռաուֆ Մամեդովը եւ Նիկիտա Վիտյուգովը: 6 միավոր ունեցող շախմատիստների թվում են ռուսաստանցի Արթուր Գաբրիելյանը եւ Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանը: Արթուրը պարտության մատնեց Վիկտոր Բոլոգանին, իսկ Տիգրանն առավելության հասավ Դավիթ Նավարայի նկատմամբ: Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր: