«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2011-03-30 | #56, 2011-03-31 | #57, 2011-04-01


ԲԱՆԿ ԿՏՐԵԼՈՒ ՓՈՐՁ ԱՐԱԾ ՄԱՐԴԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՇԵՐՏԻՑ Է

Մարտի 29-ին բանկ թալանելու փորձ արած ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանի արարքը ցնցել է նրա հարազատներին, ընկերներին եւ հարեւաններին: News.am կայքի մատուցմամբ` հարազատները տարակուսած ու զարմացած են, թե ինչը կարող էր ֆինանսապես ապահովված, բարեկեցիկ կյանքով ապրող մարդուն նման արարքի դրդել: Մանավանդ պարզվել է, որ Արթուր Հակոբյանի ընտանիքին է պատկանում Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում տեղակայված բնակելի 6-հարկանի շենքը, ինչպես նաեւ մի քանի առանձնատուն Երեւանի տարբեր հատվածներում: Նրա ընտանիքը Արտաշատից Երեւան է տեղափոխվել 1972 թվականին: Ունի երկու եղբայր, որոնցից մեկը մասնագիտությամբ երաժիշտ է, մյուսը երկար տարիներ աշխատում է ազգային անվտանգության համակարգում: Հարազատները պատմեցին, որ 33-ամյա Հակոբյանը ոստիկանության համակարգում է 1996 թվականից եւ Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետի պաշտոնը կարճ ժամանակ առաջ է ստանձնել: Ունի երկու բարձրագույն կրթություն` ավարտել է Գյուղատնտեսական ակադեմիան եւ ԵՊՀ իրավաբանական ֆալկուլտետը, ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա: Վարկած կա, թե Արթուրը թմրամոլ է եղել եւ բանկ թալանելու արկածախնդրությանն է դիմել թմրանյութի ազդեցության տակ: Հարազատները կտրականապես հերքում են Արթուրի թմրամոլ լինելու վարկածը` եթե նա թմրամոլ լիներ, ապա նրան ոչ ոք չէր երաշխավորի մտնել համակարգ, կապիտան լիներ, երեք փոխգնդապետ աշխատող ունենար: Նրա մտերիմներից մեկը նկատել է, որ եթե Արթուրը «բանկ կտրելու» նպատակ ունենար, ապա տեղը տեղին կպատրաստվեր, գոնե դիմակ կկրեր, ատրճանակը, որով բանկ էր մտել, կլիցքավորեր, եւ ամենակարեւորը` բանկ կմտներ օրվա այն ժամին, երբ բանկի փողերը Հայինկասացիային հանձնելու ժամը լիներ: Հարազատներն անգամ ենթադրություն են հնչեցրել, թե գուցե Արթուրին այդ արարքին «զաստավիտ» են արել ինչ-ինչ անձինք, ովքեր աչք են ունեցել նրա զբաղեցրած պաշտոնի վրա: Ավելացնենք, որ բանկ կողոպտելու փորձ արած կապիտանը դեռ առողջական նորմալ վիճակի չի եկել եւ ոչ մի ցուցմունք չի տվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4