«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2011-03-31 | #57, 2011-04-01 | #58, 2011-04-02


ՄՏԱՀՈԳԻՉ ԻՐԱՎԻՃԱԿ ԺՆԵՎԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ

  «Ազգը» նախանցյալ համարում ներկայացրել էր Հայ եկեղեցու Շվեյցարիայի թեմում ստեղծված վիճակը, հիշեցնելով մարտի 17-19-ին Մայր աթոռում Վեհափառ հայրապետի նախագահությամբ գումարված Գերագույն հոգեւոր խորհրդի որոշումը թեմում առաջնորդական տեղապահ նշանակելու Մեսրոպ աբեղա Պարսամյանին եւ գործող հոգեւոր հովիվ Աբել քահանա Մանուկյանին հետՙ Մայր աթոռ այլ ծառայության կանչելու մասին: Տեղեկացրել էինք նաեւ, որ Ժնեւի հայոց եկեղեցական խորհուրդը որոշել է մերժել Հոգեւոր գերագույն խորհրդի կարգադրությունը, պնդելով միաժամանակ, որ Աբել քահանան ինքն էլ չի ցանկանում հեռանալ եւ, հետեւաբար, շվեյցարական օրենքով իրենք պետք է պաշտպանեն նրա իրավունքները:

Դժբախտաբար, սակայն, մեր հրապարակումը պատրաստելիս հիմնվել էինք Ժնեւի հայոց եկեղեցական խորհրդի նախագահ Վիգեն Վարձպետիՙ Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված անգլերեն նամակի բացառապես 4-րդ կետի վրա, անհրաժեշտ ուշադրությունը չդարձնելով նամակի նախորդ 3 կետերին, որոնք վերաբերում են Շվեյցարիայի թեմական կարգավիճակին եւ Մայր աթոռ Սբ Էջմիածնի հեղինակությանը:

Նախ տեղեկացնենք, որ դեռեւս 1992 թ.-ին երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի կարգադրությամբ ու կոնդակով, Շվեյցարիայի հայոց թեմը կազմավորվել է Վիգեն արք. Այքազյանի թեմակալ առաջնորդությամբ, ներառելով Ժնեւի, Ցյուրիխ-Բադենի, Բեռն-Առաու-Բազելի, Շաֆհաուզեն-Շթայն-ԱՄ-Ռայնի, Գրոցլինգենի, Սեն Գալենի եւ Լուգանայի եկեղեցական ծխերը: 1993 թ.-ին Ժնեւի նորընտիր եկեղեցական վարչությունը մերժում է նաեւ Վազգեն հայրապետի հաստատած թեմական կանոնադրությունը, միաժամանակ մերժում առաջնորդական փոխանորդ նշանակելու վերաբերյալ Վիգեն սրբազանի տնօրինությունը եւ առանց վերջինիս հավանության Ժնեւի Սբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովվության պաշտոնին է կոչում Աբել քահանա Մանուկյանին, ինչը դատապարտվում է, 27 սեպտ. 1995 թվակիր նամակով, երջանկահիշատակ Գարեգին Ա հայրապետի կողմից:

Հետեւաբար, ինչպես տեսնում ենք, խնդիրն ունի շուրջ 20 տարվա վաղեմություն: Ու փաստորեն, երբ Հոգեւոր գերագույն խորհուրդը փորձել է լուծել հարցը եւ Շվեյցարիայում մեր եկեղեցական հովվությունները միավորել առաջնորդի կամ առաջնորդական տեղապահի մականի ներքո, Ժնեւի եկեղեցական խորհուրդը նորից դեմ է կանգնել: (Հակառակ այդ հանգամանքին, պրն Վիգեն Վարձպետը իր նամակն ստորագրել է «Զուիցերիոյ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Խորհուրդ»ի անունով եւ պաշտոնաթղթի վրա):

Դժվարանում ենք ներկայացնել բուն պատճառը այդ մերժման: Համենայն դեպս, եթե նյութական ծախսերի ավելացումն է առարկության պատճառը, ապա շվեյցարահայ գաղութի համար դա մտահոգություն չպետք է լինի: Արդարեւ, հակառակ իր անդամների սակավությանը, շվեյցարահայ համայնքը համազգային հանգանակություններին միշտ էլ մասնակցել է մեծագումար:

Առավել անընդունելի է Վեհափառին ուղղված նամակի 2-րդ կետը: «Մենք չենք ընդունում առաքելական բոլոր եկեղեցիների նկատմամբ Էջմիածնի ուղղակի կամ անուղղակի որեւէ իշխանություն ունենալը իրավական, վարչական, ֆինանսական եւ կառուցվածքային հարցերում, ներառյալ իրենց սեփական եկեղեցականին ընտրելու հարցը: Մենք չենք հիշում պատմության ընթացքում որեւէ ժամանակ, որ ժողովուրդը իշխանություն տված լինի «հոգեւոր գերագույն խորհրդի» կամ անհատի եւ կամ անհատական ինքնությանՙ կայացնելու այդպիսի որոշումներ, հատկապես հայ ժողովրդի ու համայնքների ճշգրիտ եւ առանձնահատուկ ցանկություններին հակառակ»:

Սա արդեն շատ է: Պարզապես անհնազանդություն է: Հայաստանյայց առաքելական եկեղեցին ժողովրդավարական է, մանավանդ քրիստոնեական շատ այլ եկեղեցիների համեմատությամբ: Սակայն դա չի նշանակում անիշխանություն, անգլուխ մի մարմին եւ կառույց: Դա հոգեւոր գերագույն իշխանություն է Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, որին ընտրում է, ի տարբերություն, օրինակ, կաթոլիկ եկեղեցու, Ազգային-եկեղեցական ընդհանուր ժողովը, որի անդամների բացարձակ մեծամասնությունը կազմվում է աշխարհականներից: Հետեւաբար, ազգն է, որ իշխանությամբ է օժտել եւ օժտում Մայր աթոռի գահակալին, հոգեւո՛ր իշխանությամբ, որը ենթադրում է հոգեւոր կյանքի վարչական ղեկավարում նաեւ:

Այստեղից անմիջապես բխում է Գերագույն հոգեւոր խորհրդի կարգադրությունըՙ տեր Աբել քահանային փոխարինելու այլ եկեղեցականով, այլ հանգամանքով: Եվ շեղումը դրանից, առավել եւս չհնազանդվելը դրանՙ առաջին հերթին պատասխանատվության առաջ է կանգնեցնում Ժնեւի հոգեւոր հովվինՙ Աբել քահանային, որից ակնկալում ենք, որպես եկեղեցականի, ենթարկվել Հոգեւոր գերագույն խորհրդի կարգադրությանը, ըստ մեր եկեղեցական դարավոր կանոնադրությունների:

«Ազգ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4