«LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունն ու առողջապահության նախարարությունն ապրիլի 1-3-ը անցկացնում են «Առողջապահություն եւ դեղագործություն Expo-2011» միջազգային մասնագիտացված 10-րդ ցուցահանդեսը: Պաշտոնական բացումը տեղի ունեցավ երեկ: Ցուցահանդեսն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Առանձին խոսքով հանդես եկավ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը , որը կարեւորեց ցուցահանդեսը նաեւ նոր կապեր հաստատելու եւ բնակչությանն իրազեկելու տեսանկյունից: Իսկ Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանն ընդգծեց, որ նմանատիպ միջոցառումները բնակչությանն իրազեկելու ամենակարճ ու արդյունավետ ճանապարհներից են:
«Առողջապահություն եւ դեղագործություն Expo-2011»-ին մասնակցում են ինչպես Հայաստանից, այնպես էլ ուրիշ երկրներից` Ռուսաստանից, Իսրայելից, Վրաստանից եւ այլն: Բացի այցելուներից մասնակիցներին եւս հետաքրքրում են ներկայացված մյուս տաղավարները: Օրինակ` Հայաստանի մասնակիցներն այս օրերին հնարավորություն ունեն ծանոթանալու արտասահմանյան ընկերությունների ձեռքբերումներին:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնը ցուցահանդեսին մասնակցում է առանձին տաղավարով: Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը «Ազգի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ ամեն անգամ իրենք հանդես են գալիս որեւէ նորույթով: Ա. Ուռումյանի փոխանցմամբ` մասնակցում են արդեն 4-րդ անգամ. «Եվ տարեցտարի այստեղ միանշանակ առաջընթաց ենք տեսնում»:
«Առողջապահություն եւ դեղագործություն Expo-2011»-ի շրջանակներում անցկացվելու են վարպետաց դասեր, սեմինարներ, դեմքի ու մարմնի մաշկի խնամքին առնչվող ծրագրեր եւ այլ նախաձեռնություններ:
«EXPO BEAUTY-2010»
Երեկ մարզահամերգային համալիրում բացվեց նաեւ միջազգային մեկ այլ ցուցահանդես` «EXPO BEAUTY-2011»-ը, որը կտեւի միչեւ ապրիլի 3-ը: Սա եւս կազմակերպել է «LOGOS EXPO Center»-ը: Այս տարի «EXPO BEAUTY»-ի շրջանակներում անցկացվելու են «Միս EXPO BEAUTY-2011»-ը եւ այլ միջոցառումներ: Ցուցահանդեսի նպատակներից է նպաստել գործնական նոր հարաբերությունների հաստատմանը: Այստեղ նույնպես առանձին տաղավարներով ներկայացված են եւ արտասահմանյան ընկերությունները: «EXPO BEAUTY»-ին կազմակերպվում է արդեն 7-րդ անգամ: Այստեղ այցելուները իրենց նախընտրած ապրանքների մասին կարող են հանգամանալից տեղեկատվություն ստանալ հենց ընկերությունների մենեջերներից, իսկ խանութներում այցելուները միշտ չէ, որ ունենում են նման հնարավորություն:
Տաղավարներում ներկայացված գեղեցիկ զարդերը, դիմահարդարման եւ մաշկի խնամքի միջոցները, գեղեցկությունն ընդգծող մյուս ապրանքներն այցելուներին, անկասկած, անտարբեր չեն թողնի:
Ի. Պ.