ՀԴՄ-ների կտրոնների վիճակախաղը վերածվելու է պետական միջոցների անիմաստ փոշիացման
Ինչպես տեղեկացրել էինք մեր թերթում, կառավարությունը հերթական անգամ փոփոխություն կատարեց հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների խաղարկության շահումների կարգում: Համաձայն այդ փոփոխության, կտրոններով խաղարկվող մեքենաների քանակը 10-ից դարձավ 15, սակայն վերացվեցին դրամային շահումները: Ի՞նչ կարելի է ասել այս որոշման մասին: Եթե համառոտ, ապա սա ոչ այլ ինչ էր, քան ՀԴՄ-ների կիրառումը տապալելուն ուղղված եւս մեկ քայլ:
Ամենամեծ հարվածը այս գործընթացը ստացավ այն բանից հետո, երբ նախ նվազեցվեցին կտրոնների արժեքի դիմաց տրամադրվող բոնուսները, ապա ընդհանրապես դրանք վերացվեցին: Կտրոններ պահանջելու քաղաքացիների շահագրգռությունը գրեթե վերացվեց, քանի որ այլ բան է, երբ ակնկալում են երաշխավորված գումար, այլ բանՙ երբ այդ գումարը ստանալու հավանականությունը դրվում է վիճակախաղի վրա:
Բազմիցս ենք գրել, որ մանրածախ առեւտրում եւ սպասարկման ոլորտում իրական փաստաթղթաշրջանառության բացահայտման նպատակով ՀԴՄ-ների կիրառմանը նպաստող խրախուսող քայլը ոչ թե վիճակախաղն է, այլ բոնուսների տրամադրումը: Այժմ, երբ վիճակահանության արդյունքում տրամադրվող դրամային շահումներն էլ վերացվեցին, բացարձակապես անիմաստ է մեքենաներով վիճակահանության անցկացումը: Ավելին, դա պետական միջոցների փոշիացում է, որն ավելի լավ կլինի տրամադրել սոցիալական որեւէ կոնկրետ ծրագրի եւ առարկայական օգնություն ցույց տալ կոնկրետ մարդկանց:
Բոլորն էլ հասկանում են, որ միլիոնավոր կտրոնների մեջ 15 մեքենաներից 1-ը շահելու հավանականությունը գործնականում հավասար է զրոյի: Ուստի հարկ է դադարեցնել «վիճակահանություն» կոչվող այս ներկայացումը: Իսկ եթե կառավարությունն, այնուամենայնիվ, ցանկանում է խրախուսել այս գործընթացում մարդկանց ակտիվությունը, ապա միակ տարբերակը բոնուսների կարգը վերականգնելն է:
Ա. Մ.