«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2011-03-31 | #57, 2011-04-01 | #58, 2011-04-02


ԵՐԲ ՆԻԿՈԼԸ ԳԱ ՀԱԿ-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը երեկ չբացառեց, որ շուտով ազատ կարձակվեն Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը, քանի որ նրանց վաղաժամկետ ազատ արձակելու ժամկետը մոտենում է: ՀՀԿ փոխնախագահ Ռ. Զոհրաբյանն ամենեւին էլ երկրորդական մարդ չէ, որ առանց տեղյակ լինելու նման տեսակետներ հայտնի: Այս ֆոնին հայկական մի շարք լրատվամիջոցների խմբագիրների` նախորդ օրը նախաձեռնած հավաքում որոշած քայլերը` Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու պահանջով շարունակական միջոցառումներ սկսել, մի կողմից գուցե շատ հասկանալի եւ խրախուսելի են, մյուս կողմից` կարծես ուշացած են, որովհետեւ եթե Նիկոլին շուտով ազատելու են` խմբագիրների միջոցառումներն ավելի շատ լրատվամիջոցների դեմքը պարզերես անելուն ուղղված կլինեն: Դույզն-ինչ չկասկածեք, որպես լրատավական դաշտի ներկայացուցիչ եւ Նիկոլի ավելի վաղ ժամանակի գործընկեր` ես շատերից գուցե ավելի անկեղծ եմ ցանկանում լրագրողի ազատ արձակումը, սակայն բոլորովին չեմ հասկանում նրա քաղաքական համախոհներին, որոնք քաղաքական թեթեւ հայտարարություններից բացի առանձնապես գործնական մեծ միջոցառումներ չկազմակերպեցին` Նիկոլին օր առաջ ազատության մեջ տեսնելու համար, այդպիսով այդ ծանր գործը «պաս» տալով մասնագիտական դաշտի նրա գործընկերներին: Այսինքն` դուրս է գալիս, որ խմբագիրներն իրենց գործընկերոջ ճակատագրով մտահոգված ձայն են բարձրացնում, քանի որ նախորդ ակցիաները բավական անպտուղ եւ անարդյունավետ են եղել: Ճիշտն ասած` բացի Նիկոլի ղեկավարած թերթի եւ նրա փաստաբանների ջանքերից, առանձնապես նպատակային ջանք չենք էլ տեսել Փաշինյանի քաղաքական համակիրների շրջանակից վերջին ժամանակներս: Անկախ այն բանից, որ չենք կասկածում, թե խմբագիրները ջանալու են, ու այդ ջանքերը գուցե համընկնեն իշխանության բարի կամքին (ինչ պատահականություն)` մենք առավել արմատական առաջարկ ենք ուզում անել Նիկոլի թիմակիցներին: Վերջին շրջանում անցկացված անհասկանալի պահանջներով հանրահավաքները, որոնցից ՀԱԿ-ի համակիրները անբավարարված են հեռանում, քանի որ չեն հասկանում` իրենց շեֆերն այս պահին ի վերջո ի՞նչ խնդիր են լուծում, առաջարկւմ ենք ավելի կոնկրետանալ եւ ապրիլի 8-ին շատ առարկայական պահանջ ներկայացնել իշխանությւններին` կոնկրետ խնդիր լուծելով. որպես հանրահավաքի գլխավոր պահանջ ձեւակերպել Նիկոլ Փաշինյանի (եւ մյուսների ազատ արձակումը), եւ հենց նույն օրը պահանջն ամրապնդել մի տասը բարձրաստիճան կոնգրեսականով (չի խանգարի այդ թվում` Տեր-Պետրոսյանը) Ազատության հրապարակում սկսած հացադուլի նստելով: Թող Րաֆֆի Հովհաննիսյանի նման մեր էլիտար ՀԱԿ-ականները եւս երկու շաբաթ սոված մնան, ու այդ հացադուլի ազդեցությամբ գուցե իշխանությունները ստիպված լինեն ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին եւ մյուսներին, իրենք էլ կվաստակեն անձնազոհ քաղաքական գործիչների լուսապսակը: Թե չէ` ՀԱԿ-ականները ընկել են «պեչենու ծառերը»: Մի խոսքով` Նիկոլի (եւ մյուսների) համար հացադուլ անելը կբյուրեղացնի ՀԱԿ-ականներին, կօգնի մաքրվել Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի պատճառով թույն արձակած ՀԱԿ-ի մի քանի ղեկավարի մթնած վարկից եւ սեփական համակիրների շրջանում վարկանիշ կբարձրանա: Չնայած` չենք կարծում, որ Նիկոլի ազատ արձակումը (ամենայն անկեղծությամբ ենք հավատացած), բխում է բարձրաստիճան ՀԱԿ-ականների եւ նույնիսկ նրա առաջնորդի շահերից. պատկերացնո՞ւմ եք, որ եթե իշխանությունը ՀԱԿ-ի մոտակա որեւէ հանրահավաքի օրը բաց թողնի Նիկոլին, Նիկոլն էլ բանտից գնա ուղիղ հանրահավաք ճիշտ այն ժամին, երբ ելույթ է ունենում Տեր-Պետրոսյանը, ինչ կլինի՞: Ճիշտ հասկացաք` հանրահավաքը շուռ կգա, կիսատ կթողնի Տեր-Պետրոսյանին լսելն ու կգոռա` «Նիկո՛լ, Նիկո՛լ». ու կլինի էն, ինչ եղավ մի անգամ «Ժառանգության» համաժողովին, երբ Ր. Հովհաննիսյանը ելույթ էր ունենում, Տեր-Պետրոսյանը եկավ ու ամեն ինչ «հեչ» արեց: Իսկ Նիկոլի հանրահավաք գալը կվերաջանա նրանով, որ Նիկոլին ձեռքերի վրա կտանեն հարթակ, ու Տեր-Պետրոսյանը տեղը կզիջի նրան: Այ հենց դրանից էլ վախենում է ՀԱԿ միակ առաջնորդը ու շատ հավեսով չի կպնում Նիկոլին ազատելու պահանջին... գոնե մինչեւ 2012 թվականի ընտրությունների ավարտը: Եթե, իհարկե, իշխանությունը չխառնի հաշվարկները:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. - Նիկոլ Փաշինյանը անազատության մեջ է 2009 թվականի հուլիսից, 1910 թվականի հունվարին նա 7 տարվա ազատազրկման է դատապարտվել, իսկ վերաքննիչի որոշմամբ, համաներման արդյունքում նրա պատժաչափի չկրած մասը կիսով չափ կրճատվել է, մի խոսքով`Փաշինյանը պետք է ազատ արձակվի 2013 թվականի գարնան վերջին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4