«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2011-03-31 | #57, 2011-04-01 | #58, 2011-04-02


ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆՙ ԻՆԵՐՑԻՈՆ ՎԻՃԱԿՈՒՄ

Գների փոքր անկում եւ գործարքների քանակի որոշ աճ փետրվարին

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2011-ի փետրվարին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14834 գործարք, ինչը 54 տոկոսով բարձր է նախորդ ամսվաՙ հունվարի եւ 10,6 տոկոսովՙ 2010-ի փետրվարի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը փետրվարին հունվարի համեմատ աճել է 36,9 տոկոսով, իսկ անցյալ տարվա փետրվարի համեմատՙ 6,6 տոկոսով: 3538 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 78,3 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 36 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:

Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 71,9 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2011-ի հունվարի համեմատ, փետրվարին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 2 անգամ, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատՙ 19,4 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա փետրվարին հունվարի համեմատ աճել ենՙ 0,7 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) փետրվար 2010թ.Միջին գները (դրամ) փետրվար 2011թ.Միջին գները (դրամ) հունվար 2011թ.
Կենտրոն469200442800439100
Արաբկիր370800356100352400
Քանաքեռ-Զեյթուն281200275200273400
Նոր Նորք234400228100225800
Ավան235700231000228900
Էրեբունի246500236300234700
Շենգավիթ247300237300235500
Դավթաշեն269000261400260100
Աջափնյակ240500222200220400
Մալաթիա-Սեբաստիա235000221000219400
Նուբարաշեն143500149000149000
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)270300260000258100

Միաժամանակ, աղյուսակից երեւում է, որ անցյալ տարվա փետրվարի համեմատ գրեթե բոլոր վարչական շրջաններում գների անկում է գրանցվել:

Մարզերում, բացառությամբ Երեւանի, փետրվարին վաճառվել են 331 բնակարաններ, որոնց քանակը հունվարի համեմատ աճել է 37,9 տոկոսով, իսկ 2010-ի փետրվարի համեմատՙ 7,8 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները հունվարի համեմատ նվազել են 0,2 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 177 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 145 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)ՙ 150 հազար դրամ: Ապա գալիս են Գորիսըՙ 139 հազար դրամ, Աշտարակըՙ 134 հազար դրամ, Իջեւանը եւ Մասիսը 131 հազար դրամ 1 քմ-ի դիմաց ցուցանիշներով: Բոլոր այս բնակավայրերում նախորդ տարվա փետրվարի համեմատ գները նվազել են:

2011-ի փետրվարին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 336 գործարք, որից 84-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը 2011-ի հունվարի համեմատ աճել է 31,3 տոկոսով, իսկ մարզերումՙ 24,8 տոկոսով: 2010-ի փետրվարի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 13,5 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած նվազել 15,2 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2010-ի փետրվարին հունվարի համեմատ նվազել են 0,1 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) փետրվար 2010թ.Միջին գները (դրամ) փետրվար 2011թ.Միջին գները (դրամ) հունվար 2011թ.
Կենտրոն485300468800469200
Արաբկիր379400378000379200
Քանաքեռ Զեյթուն288700288900289200
Նորք-Մարաշ284500275500275700
Ավան238500243000243100
Էրեբունի251700244000244300
Շենգավիթ251500249200249800
Դավթաշեն277500274000273500
Աջափնյակ243800239000238100
Մալաթիա-Սեբաստիա242300233600234600
Նուբարաշեն147500150900150750
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից)281000276800277000

Անհատական տների դեպքում, աղյուսակից երեւում է, որ նախորդ տարվա փետրվարի համեմատ Երեւանի վարչական շրջանների մի մասում աճ է արձանագրվել, մյուս մասումՙ անկում:

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները փետրվարին հունվարի համեմատ նվազել են 0,2 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում ենՙ 1 քմ-ն 317 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է 1 քմ-ն 164 հազար դրամ, երրորդը Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 159 հազար դրամ: Ապա գալիս են Գորիսը 143 հազար դրամ, Աշտարակը 142 հազար դրամ, Նոր Հաճընը 136 հազար դրամ, Իջեւանըՙ 135 հազար դրամ, Եղվարդըՙ 113 հազար դրամ 1 քմ-ի դիմաց: Այս բնակավայրերի մեծ մասում գների անկում է արձանագրվել նախորդ տարվա փետրվարի նկատմամբ:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2011-ի փետրվարին 2010-ի փետրվարի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 0,7 տոկոսով, աճուրդով վաճառքներինը նվազել 7,7 տոկոսով:

2011-ի փետրվարին, 2011-ի հունվարի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը աճել է 44,1 տոկոսով, իսկ 2010-ի փետրվարի համեմատ նվազել` 23,8 տոկոսով:

Իրականացվել են հիփոթեքային գրավադրման 148 գործարքներ, որից 120-ը` Երեւանում: Հիփոթեքային գրավադրման գործարքներից 83,1 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 15,5 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2011-ի հունվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 68,2 տոկոսով, ընդ որում Երեւանում` 84,6 տոկոսով, իսկ մարզերում` 21,7 տոկոսով: 2010-ի փետրվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 38,3, ընդ որում, Երեւանում` 51,9 տոկոսով, իսկ մարզերում` մնացել անփոփոխ:

Այսպիսով, 2011-ի հունվարի համեմատ, փետրվարին, Հայաստանի անշարժ գույքի շուկան ավելի ակտիվ է եղել, բայց 2010-ի փետրվարի ցուցանիշների եւ հատկապես գների առումով անկում է ունեցել: Եթե փորձենք բնութագրել անշարժ գույքի շուկայի վիճակն այս պահին, ապա կարելի է ասել, որ այն գտնվում է իներցիոն շարժման վիճակում, առանց լուրջ խթանի: Հնարավոր է, որ գարնան ամիսներին, շինարարության ակտիվացման պարագայում, որոշակի աշխուժություն այդտեղ նկատվի:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4