Ընթերցող բարեկամ, ներկայացնում եմ ձեզ ուրախանալու մի առիթ, որ արվեստին մոտիկ անձիս ուղղակի ապշեցրել է: Մեկ շաբաթ առաջ Ֆրանսիայի Սենտ-Այնեն փոքր քաղաքում տեսակցել եմ հայրենանվեր մեր նկարչիՙ 92-ամյա Ժանսեմիՙ Հովհաննես Սեմերջյանի հետ: Ուրախության առաջին առիթը նրա խոստումն էր Էջմիածնի նոր թանգարանին նվիրելու եւս մի պատկեր: Իսկ երկրորդը` Երեւան վերադարձիս «Շեդեվր» նկարասրահում տեսա Ժանսեմյան հիասքանչ, մեծաչափ մի ստեղծագործություն, գունա-լուսային գերող ներդաշնակությամբ հյուսված անծանոթ մի նատյուրմորտ:
Հոգեւոր ինչ խորհուրդ է մեզ ու մարդկությանը պարգեւում վարպետ Ժանսեմը, որի անունով աշխարհում արդեն գործում է երկու թանգարան: 1915-ի արհավիրքը վերապրած ծնողների զավակը իր ստեղծագործության ոգին ժառանգել է նրանց դաժան ճակատագրից: Երկրորդ աշխարհամարտից հետո ժողովրդին հոգեմոտ ու սպասվող դարձավ նկարչական տխրահույզ իրապաշտական ուղղությունը: Ճիշտ այդ շրջանում Ժանսեմի արվեստը լայն արձագանք գտավ, երգող արձագանք` իր արտահայտչական լեզվի ինքնությամբ եւ դառնախոհ բովանդակությամբ: Ֆրանսիայում նրան բնութագրեցին իբրեւ միզերաբլիստ` թշվառատես նկարիչ:
Մինչ այսօր աշխատող Ժանսեմը ստեղծել է ավելի քան հինգ հազար պատկեր ու անընդհատ կապվել իր սրտի հետ խոսող հարցերին: «Թափուր», «Ցլամարտ», «Դիմակահանդես» ու այլ նկարաշարքերին հաջորդեց Հայոց մեծ եղեռնը ներկայացնող տասնյակ գործեր, որոնք հանգրվան առան հայրենիքում: Ժանսեմի բոլոր կտավների մեղմաշունչ հարթության վրա, գույնով մի փոքր շեշտված ջղաձիգ գծերը ասես նրա պատկերների «մարմնի» արյունատար երակները լինեն: Խորանալով նրա ներաշխարհը, դիտողի առջեւ բացվում է մի իրականություն, որ բանաստեղծական կարելի է կոչել: Թվում է, թե նկարիչը տեսիլներ է կերտում պահպանելով իմաստալի լռություն: Այդ հատկանիշը բացահայտվում է իր ազգային նկարագրով եւ հիշեցնում Չարենցի տողերը.
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տեդի մեջ,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք,
Մենք կժպտանք, գոհ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք...
Ահա եւ երեւան հասած պատկերի առջեւ կանգնած ներշնչվում ես նույն ապրումներով: Սեղանի վրա դրված աղքատիկ իրերը գրավում են իրենց գծանկարային երգեցիկ արտահայտչականությամբ, իսկ կտավի ընդհանուր գունա-լուսային մթնոլորտը դիտողին իրականությունից վերացնում ու առաջնորդում է խորհրդավոր, բանաստեղծական աշխարհ: Այդ աշխարհն է արվեստով ոգեւորվելու ակունքը: Ժանսեմի այս գործի առանձին ցուցադրումը առիթ պիտի դառնա անկեղծ սիրո ու ոգեւորության:
ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ազգը» մարտի 31-ին տպագրված «Քոչարի տարածական նկարչության նմուշներից» հոդվածում նշել էր, որ Ազգային պատկերասրահում ապրիլի 5-ից մինչեւ մայիսի 5-ը կցուցադրվի Քոչարի տարածական նկարչության նմուշներից (1927 թ.), նաեւՙ Ժանսեմի «Նատյուրմորտ» (1955 թ.) յուղաներկ կտավը: