«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2011-03-31 | #57, 2011-04-01 | #58, 2011-04-02


ԾԱՂՐԱՆԿԱՐԻՉՆԵՐԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ «ՀԱՅԵԼՈՒ» ԱՌՋԵՎ

Երեկ Նկարիչների տանը բացվեց ապրիլի մեկի` «Հումորի օրվա» կապակցությամբ 15 ծաղրանկարիչների ցուցահանդեսը: «Ազգ» -ի ընթերցողների լավ հայտնի Գեորգի Յարալյանի եւ Toto-ի (Սուքիաս Թորոսյան) ծաղրանկարները նույնպես այնտեղ էին: Ամեն տարվա ապրիլի 1-ի համար ավանդույթ դարձած այս ցուցահանդեսը սովորաբար անցկացվում է Նկարիչների տան բակում` բացօթյա, եւ հատուկ ընտրված թեմայով: Սակայն այս տարի անկացվեց Նկարիչների տան ներսում, եւ ծաղրանկարիչները ներկայացրին իրենց աշխատանքները ամենատարբեր թեմաներով` քաղաքական, միջազգային հարաբերություններ, սոցիալական եւ կենցաղային: Մեր կյանքի ողջ փայլն ու գարշահոտությունը` ծաղրանկարիչների մատուցմամբ, ցուցահանդես էին բերել մեծաթիվ մարդկանց, այդ թվումՙ մեծ թվով երիտասարդների: Վերջիններիս ներկայությունը էլ ավելի է ուրախացնում վարպետ Յարալյանին, որին մոտենալով այցելուներից մեկը ասաց. «Վարպետ, Ձեր գործերն, ինչպես միշտ, առանձնահատուկ են. միտք կա...»:

«Սիրում եմ այս օրը հատկապես ծաղրանկարիչների ցուցահանդեսում անցկացնել, քանի որ, կարծում եմ` ապրիլի 1-ի խորհուրդը միայն այստեղ է պահպանվում: Բոլորի կարծիքով այսօր պետք է կամ խաբել, կամ խաբվել, ինչ-որ անիմաստ կատակներ անել, մինչդեռ այս սրահում հաճախ տեսնում ենք պարզապես ինքներս մեզ` մեր թերություններով եւ ժպտում ենք...», մեր զրույցում նշեց ցուցահանդեսի այցելուներից ուսանողուհի Վարդուհին : Վերջինիս ուղեկցող Դավիթը առաջին անգամ է «նման տեղ» լինում. խոստանում եմ` ամեն տարի այցելել, երեւի` վաղն էլ ուզենամ գալ, ասաց Դավիթը:

Սրահում կարելի էր հանդիպել անգամ մարդկանց, որոնք, առանց ժպիտը դեմքերից իջեցնելու, արդեն մի քանի անգամ վերադառնում էին այնտեղ, որտեղից սկսել են դիտումը...:

Գարուն, արեւ, հումոր եւ «տաղանդավոր կատակ-պատկերներ», որոնք իրական կյանքի հետ խիստ կապ ունենալով, այն գնահատողներին հրավիրում են Նկարիչների տուն` միասին ժպիտով տեսնելու մեր իսկ թերությունները եւ պարզապես ինքներս մեզ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4