Ահա 8-րդ անգամ Երեւանում մեկնարկեց «Մանկական գրքի շաբաթը»: Առավոտյան Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին մանկագիրներ, գրականագետներ, այցելեցին Կոմիտասի անվան այգում գտնվող մեր մեծերի Պանթեոն եւ ծաղիկներ դրեցին գրողների շիրմաքարերին: Պանթեոնում գրողներին միացան նաեւ Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի աշակերտները, եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հայ գրողներին:
Այս անգամ որոշվել էր «Մանկական գրքի շաբաթը» բացել Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: Քաղաքի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի առջեւ ուրախ եռուզեռ էր: Բացօթյա գրքի ցուցահանդես-վաճառքին ներկայացվել էր, ինչպես նշեց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը, 8 հրատարակիչների շուրջ 1000 կտոր գիրք, հրատարակված են վերջին մեկ տարում: Գրողների պատվիրակությունն Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հետ շրջեցին տաղավարներով, եւ պրն Բարսեղյանը շուրջ 100 հազար դրամի գրքեր գնեց մարզպետարանի համար:
Այնուհետեւ թատրոնում կայացավ գրողների եւ մարզի ուսուցիչների, դպրոցականների եւ գրքասերների հետ հանդիպումը: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը մարզի գրադարանին նվիրեց 60 նոր անուն ժամանակակից մանկագիրների գրքերը եւ տեղեկացրեց, որ Գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության 2011-ի մանկապատանեկան գրականության անվանակարգի մրցանակը, որն այս տարի կրում է Վախթանգ Անանյանի անունը, միության նախագահության որոշմամբ, հանձնվում է Ղուկաս Սիրունյանին «Տառափնջիկ» գրքի համար: ՀԳՄ նախագահության պատվոգրին արժանացավ մարզպետ Էդիկ Բարսեղյանըՙ մարզի մշակութային կյանքին աջակցելու համար: Մարզպետն ասաց, որ արվեստն ու գրականությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում են գտնվում:
Այնուհետեւ պրն Անանյանը «Սիլվա Կապուտիկյան» հիմնադրամի պատվոգրեր շնորհեց Նոր Խարբերդի դպրոցի գրականության ուսուցչուհի Գոհար Զիրոյանին, Բաղրամյանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Անուշ Վարդանյանին, Արարատի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Հայկուշ Մովսիսյանին:
Քիչ անց բեմը տրամադրվեց դպրոցականներին, եւ նրանք արտասանեցին մանկագիրներ Լիպարիտ Սարգսյանի, Սուրեն Մուրադյանի, Յուրի Սահակյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Երվանդ Պետրոսյանի, Անուշ Վարդանյանի եւ այլոց ստեղծագործությունները: Միջոցառումն ամփոփվեց փոխմարզպետ Սամվել Մինասյանի շնորհակալական խոսքով, որում հատկապես նշվում էր, որ նման միջոցառումները մարզերում կազմակերպելը մեծ դեր ու նշանակություն ունեն մատաղ սերնդին գրքի միջոցովՙ հոգին կրթելու:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ