«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2011-03-31 | #57, 2011-04-01 | #58, 2011-04-02


ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԱՌԱՅԺՄ ԱՐՄԱՆ ՓԱՇԻԿՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Ֆրանսիայում վերջնագծին է մոտենում շախմատի Եվրոպայի հերթական առաջնությունը: Մասնակիցները ոչ միայն վիճարկում են առաջնության պարգեւները, այլեւ պայքարում են աշխարհի գավաթի խաղարկության 23 ուղեգրերի համար: Ուստի հատկապես վերջնագծում յուրաքանչյուր միավորի կորուստ կարող է ճակատագրական դառնալ:

9-րդ տուրում մեր շախմատիստներից միայն չորսին հաջողվեց իրենց օգտին հաղթական միավորներ գրանցել: Առայժմ բոլորից հաջող հանդես եկող Արման Փաշիկյանը, որ դեռեւս պարտություն չի կրել, սպիտակներով հաղթեց Աթանասիոս Մաստրովասիլիսին: Փաշիկյանը վաստակեց 6 միավոր, ինչը լավագույն արդյունքն է հայաստանցի շախմատիստների մեջ:

Տուրը հաղթական էր նաեւ Զավեն Անդրեասյանի համար: Նա սեւերով պարտության մատնեց Ռուֆաթ Բաղիրովին: Զավենն ունի 5,5 միավոր: 2 անընդմեջ պարտություններից հետո վերջապես հաջողությունն ուղեկցեց նաեւ Հրանտ Մելքումյանին, որը սպիտակներով առավելության հասավ Բրագի Թորֆինսոնի նկատմամբ: Մրցաշարում անհաջող հանդես եկող Վլադիմիր Պողոսյանն էլ այս տուրում հաղթեց Միշել Կոմբազին: Դա Պողոսյանի 3-րդ հաղթանակն էր: Նա վաստակել է 3,5 միավոր:

Հայաստանցի շախմատիստներից ամենաբարձր անհատական վարկանիշ ունեցող Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը շարունակեցին ոչ-ոքիների շարքը: Գաբրիելը 5-րդ անընդմեջ պարտիան ավարտեց խաղաղ արդյունքովՙ հաշտություն կնքելով ադրբեջանցի Ղադիր Հուսեյնովի հետ: Հակոբյանն էլ 3-րդ անգամ անընդմեջ հաշտություն կնքեց մրցակցի հետ: Այս անգամ նա խաղում էր Պավել Ջարազի հետ: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ Սամվել Տեր-Սահակյանըՙ միավորը կիսելով Դանիել Ֆրիդմանի հետ մրցավեճում: ՀՀ չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանն էլ հաշտություն կնքեց Թոմի Նուբակի հետ: Հայաստանցի շախմատիստներից միակ պարտությունը կրեց 2010-ի ՀՀ չեմպիոն Ավետիք Գրիգորյանըՙ զիջելով Բորիս Էսենին:

Փաշիկյանից հետո մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրեասյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք վաստակել են 5,5-ական միավոր:

Մրցաշարային աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են 12 շախմատիստներ: 6 միավոր ունեն ֆրանսահայ Տիգրան Ղարամյանն ու ռուսաստանցի Արթուր Գաբրիելյանը, որոնք անհաջողության մատնվեցին 9-րդ տուրումՙ կորցնելով առաջատարներին միանալու հնարավորությունը: Ղարամյանը պարտվեց Բայադուր Ջոբավային, Գաբրիելյանը զիջեց Սերգեյ Ժիգալկոյին: Մրցաշարի ավարտին մնաց 2 տուր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4