Ինչպես տեղեկացանք «Բանանց» ակումբից, թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկիՙ Սամվել Մելքոնյանի հետ կնքված պայմանագիրը խզվել է: Ներկայումս Մելքոնյանն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ունի եւ կարող է իր համար այլ թիմ որոնել:
Դեռեւս անցած մրցաշրջանում ակումբի ղեկավարությունը դժգոհ էր Սամվել Մելքոնյանի ցուցադրած խաղից, պարտականությունների անբավարար կատարումից: Ուստի ֆուտբոլիստին ժամանակ էր տրվել վերանայելու իր պահվածքը, բարելավելու խաղամակարդակը: Այդ մասին վերջերս կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր «Բանանցի» նախագահ Սարգիս Իսրայելյանը: Սակայն ինչպես երեւում է, ֆուտբոլիստն անհրաժեշտ հետեւությունների չէր հանգել: «Միկայի» հետ կիսաեզրափակիչի առաջին հանդիպմանը Մելքոնյանն ընդհանրապես հայտավորված չէր: Վերջին շրջանում նա նաեւ ազգային հավաքական չէր հրավիրվում:
Մելքոնյանը «Բանանցում» հանդես է գալիս 2002-ից: Նա միայն մեկ մրցաշրջան է բացակայել թիմիցՙ տեղափոխվելով Դոնեցկի «Մետալուրգ»: Սակայն Մելքոնյանին չհաջողվեց ամրապնդվել «Մետալուրգում», ուստի վերադարձավ հարազատ ակումբ: Մելքոնյանը «Բանանցում» անցկացրած խաղերի քանակով թիմի ռեկորդակիրն է: