«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2011-04-01 | #58, 2011-04-02 | #59, 2011-04-05


ՀԱՑԻ, ՁՎԻ ԵՎ ԿԱԹԻ ԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Մեր երկրում դրանք նկատելի ավելի բարձր են եղել

Վերջերս Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին, խոսելով Հայաստանում գնաճի ցուցանիշների մասին, հայտնեց, որ ՀԲ անցկացրած ուսումնասիրության արդյունքներով մի շարք ապրանքատեսակներ Հայաստանում ավելի թանկ են, քան ԱՊՀ հարեւան երկրներում: Ըստ ՀԲ ներկայացուցչի, խոսքը հացի, ձվի եւ կաթի մասին էր, որոնց փոխարեն նշվեց նաեւ, որ շաքարավազի գները Հայաստանում ավելի ցածր են:

Դրանից մի քանի օր անց, Լուսակերտի թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանը , փորձելով արդարացնել Հայաստանում ձվի գների պարբերաբար թանկացումը եւ մասնավորապես դրա հավանականությունը նաեւ Զատկի տոնից առաջ, ասաց, որ Հայաստանում ձվի գները ցածր են ինքնարժեքից: Բնական է, որ հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ թռչնաֆաբրիկաները, այդ թվում նաեւ իր ներկայացրած, վնասով են աշխատում, ոչ մի պատասխան չտվեց:

Պարենային առավել մեծ սպառում ունեցող ապրանքների գների ուսումնասիրության արդյունքները մեզ տրամադրելու խնդրանքին ի պատասխանՙ ՀԲ երեւանյան գրասենյակից միայն որոշ տեղեկություններ հաղորդեցին դրանց մասին, որոնք, սակայն, բավարար են իրական վիճակին ծանոթանալու համար:

Համաձայն այդ տեղեկությունների, 2005-2010-ին Հայաստանում կաթի, ձվի եւ հացի (սպիտակ եւ սեւ) միջին գները բարձր են եղել ԱՊՀ երկրներում գրանցված գներից հետեւյալ չափովՙ սպիտակ հացինըՙ 36 տոկոսով, սեւ հացինըՙ 45 տոկոսով, կաթինըՙ 33 տոկոսով, ձվինըՙ 23 տոկոսով: Շաքարավազի գները նշված ժամանակահատվածում Հայաստանում 10 տոկոսով ցածր են եղել ԱՊՀ երկրների գներից: Արեւածաղկի ձեթի, կարագի, տավարի մսի եւ մակարոնեղենի գները նույն մակարդակի վրա են եղել, ինչ ԱՊՀ մյուս երկրներում:

Ընդ որում, հետաքրքրական է, թե ինչպես են փոփոխվել վերոնշյալ գները 2006-2008-ին եւ 2009-2010-ին: Ըստ ՀԲ ուսումնասիրության, 2006-2008-ին բոլոր մթերքների միջին գները Հայաստանում բարձր են եղել ԱՊՀ գներից 21 տոկոսով, իսկ 2009-2010-ինՙ 10 տոկոսով: Նույն համամասնությունն է նաեւ առանձին մթերքների մասով: Սպիտակ հացի գները 2006-2008-ին բարձր են եղել ԱՊՀ գներից 49 տոկոսով, 2009-2010-ինՙ 21 տոկոսով, սեւ հացինըՙ 52 տոկոսով եւ 36 տոկոսով, կաթինըՙ 35 տոկոսով եւ 30 տոկոսով, ձվինըՙ 39 տոկոսով եւ 9 տոկոսով: Շաքարավազի գինը ցածր է եղել ԱՊՀ երկրների գներից նույն 9-10 տոկոսով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4