«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2011-04-01 | #58, 2011-04-02 | #59, 2011-04-05


ԱՐԱՔՍԻ ՀՈՒՆԸ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՅՈՒՐ ՄԵՏՐ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է

ՀՀ կառավարության որոշմամբ Արաքս գետի ձախակողմյան ափի երկայնքով գետավազի արդյունահանումը թույլատրվում է հանքային արդյունաբերություն իրականացնելու իրավունք ունեցող այն կազմակերպություններին, որոնք կապահովեն ափապաշտպան ինժեներական կառույցների պահպանումը, վերականգնումը եւ նորերի կառուցումը` բացառելով գետի հունի խախտումը: Բնապահպան Կարինե Դանիելյանը «Ազգ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ կառավարության որոշումն ուշացած էր, եւ բնապահպանության նախարարությունը պետք է ավելի շուտ արգելեր գետավազի արդյունահանումը:

«Մեզ հասած տեղեկություններով` տարիներ շարունակ գետի շրջակայքից ավազ են կրել, ինչից գետի հունը փոխվել է: Ավազի հանումը էկոլոգիական եւ օրենսդրական լուրջ խնդիրներ է առաջացնում: Գետի հունը փոխվել է Հայաստանի կողմը: Անգամ, ինձ հասած տեղեկություններով, Թուրքիան Հայաստանին բողոքի նոտա է ուղարկել, թե ինչու են այդպես վարվում սահմանամերձ գետի հետ: Սակայն, իմ կարծիքով, թուրքերը կարող էին բողոքի նոտա չուղարկել, որովհետեւ հայկական կողմի նման պահվածքից Թուրքիայի տարածքը մեծանում է, Հայաստանինը` փոքրանում: Մի քանի տարվա ընթացքում գետի հունը մի քանի հարյուր մետր տեղափոխվել է: Դա կարելի է անվանել ազգային դավաճանություն», ասաց բնապահպանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4