«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2011-04-01 | #58, 2011-04-02 | #59, 2011-04-05


2010-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 38.5 ՏՈԿՈՍՈՎ

Հայ-իրանական հարաբերությունների, նախագծերի, փոխադարձ այցելությունների, հայ համայնքի դերակատարության եւ ապագա ծրագրերի մասին «Ազգ» օրաթերթի զրույցում խոսեց Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը:

- Պարոն դեսպան, ո՞ր փուլում է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, եւ ինչպիսի՞ ժամկետներ են նշվում ավարտի վերաբերյալ:

- Նախագծի իրականացումը չի դիտարկվում միայն երկկողմ տնտեսական ծրագրի շրջանակներում: Այն կարեւոր է նաեւ տարածաշրջանային հաղորդակցական ուղիների զարգացման համատեքստում: Ուստի երկաթուղու տվյալ հանգույցի կառուցումը զուտ տնտեսական ծրագիր չէ: Իրան-Հայաստան երկաթուղու նշանակության եւ ծրագրի հրատապության մասին շատ է խոսվել: Եղել են նաեւ հոռետեսական հրապարակումներ, հնչել են հայտարարություներ, թե սա քարոզչական նպատակ է հետապնդում: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին խոսվում էր գազամուղի կառուցման անհնարինության մասին, նույնը ասվում էր Արաքս գետի վրա միջպետական կամուրջը կառուցելուց առաջ եւ ընդհանրապես այն բոլոր նախագծերի ու փոխադարձ պայմանավորվածությունների մասին, որոնք ձեռք են բերվել ու բերվում երկու երկրների միջեւ: Կարող եմ հավաստիացնել, որ նախագծի իրականացման համար ամենաբարձր մակարդակով առկա է իրանական կողմի քաղաքական կամքը: Այն երկու երկրների նախագահների ուշադրության կենտրոնում է: Նախագիծը միանգամայն տեղավորվում է Իրանի երկաթուղային ցանցերի զարգացման ծրագրում: Դրա մասին են վկայում իրանական Ամանորի առիթով ԻԻՀ նախագահի հրավերով մարտի 27-ին Թեհրանում Հայաստանի եւ Իրանի նախագահների հանդիպման ընթացքում երկաթուղուն նվիրված քննարկումներն ու տրված հավաստիացումները: Դրա մասին է վկայում երկկողմ հարաբերությունների տրամաբանությունը:

- Անցյալ տարի ԻԻՀ կրթության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ անվավեր են ճանաչվելու հայկական դիպլոմները: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի` ԻԻՀ այցելության ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Իրանը կշարունակի ճանաչել Երեւանի պետական համալսարանի, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի եւ ՀՊՃՀ-ի դիպլոմները: Վերոնշյալ պայմանավորվածությունն ուժի մե՞ջ է եւ արդեն կիրառվո՞ւմ է:

- Վերջին շրջանում Իրանում շատ են կարեւորում կրթական փաստաթղթերը, եւ բարձրագույն կրթություն ստացող իրանցի ուսանողների համար գիտելիքների պատշաճ մակարդակ ապահովելու նպատակով աշխատանքներ են տարվում: Ի դեպ, իրանական կողմի նման որոշումը միայն Հայաստանի բուհերին չէր վերաբերում: Խնդիրը կարգավորելու եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի քննարկումներ անցկացնելու նպատակով անցյալ տարի Թեհրան այցելեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում խոսվեց երկկողմ գիտակրթական եւ ուսանողների, դասախոսների փոխանակման ծրագրերի ստեղծման եւ ընդլայնման, մշակութային ոլորտում առաջիկա նոր ծրագրերի շուրջը:

ԻԻՀ բարձրագույն կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարարության կողմից հայկական դիպլոմների չճանաչման հարցի կապակցությամբ եղան բանակցություններ, պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում վերանայել մոտեցումն այդ խնդրի վերաբերյալ: Այդ ժամանակ երկու նախարարությունների միջեւ ստորագրվեց ՀՀ-ի եւ ԻԻՀ-ի միջեւ կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության վերաբերյալ 2010-2013 թթ. ծրագրի նախագիծը: Իսկ ԻԻՀ բարձրագույն կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարարի 2 տեղակալների 2010 դեկտեմբերի 29-ին Երեւան կատարած այցելության նպատակներից մեկն էլ դիպլոմների փոխճանաչմանն էր վերաբերում, որի կապակցությամբ ընդունված դրական որոշումների մասին հանրությունը կտեղեկացվի մոտ ապագայում:

- Իրանում, հակառակ բոլոր խստություններին, թմրաբիզնեսը ծաղկում է: Որպես հարեւան երկիր` Հայաստանը խնդիր ունի ոչ ցանկալի ծավալումների դեմ պայքարելու: Իրանի համապատասխան իշխանություններն այս ուղղությամբ ինչ աշխատանք են ծավալում, եւ այդ ուղղությամբ համագործակցո՞ւմ են ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ:

- Իրանը թմրաբիզնեսի ու թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցում լուրջ աշխատանքներ է ծավալում: Իրանում տարեկան հսկայական ծավալների հասնող թմրանյութ է առգրավվում եւ ոչնչացվում: Քիչ չէ նաեւ Իրանում այդ պայքարին լծված իրավապահներից զոհերի թիվը, որոնք ստանում են նահատակի բարձր կոչում: Մեր երկու երկրների միջեւ զարգացող տուրիզմը, մեր տնտեսության համար ունեցած բազմաթիվ դրական արդյունքներով հանդերձ, խնդիրներ է հարուցում նաեւ թմրանյութերի ապօրինի շրջանառության առումով: Այդ ոլորտում համատեղ աշխատանքներ ծավալելու նպատակով 2010թ. հոկտեմբերին Թեհրան այցելեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: ԻԻՀ կարգապահական ուժերի հրամանատարության եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների ղեկավարների հետ հայկական պատվիրակության հանդիպումների ընթացքում ստորագրվեց համագործակցության արձանագրություն, որի գլխավոր դրույթներից էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին վերաբերող հատվածը: Երկու երկրների միջեւ զարգացող տուրիզմը, տնտեսության համար ունեցած բազմաթիվ դրական արդյունքներով հանդերձ, խնդիրներ է հարուցում նաեւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում: Օպերատիվ տեղեկատվություն փոխանակելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որի աշխատանքների արդյունքը ակնառու է: Բնականաբար, կողմերը չեն բավարարվում ձեռք բերվածով եւ կատարելագործում են տարվող աշխատանքների որակը:

- Հայաստանում ձեւավորվել է տպավորություն, որ իրանական կողմի հետ կնքված պայմանագրերը մնում են թղթի վրա կամ էլ իրականացվում երկարատեւ ձգձգումներից հետո: Նման իրավիճակի մեղավորը հայկակա՞ն, թե՞ իրանական կողմն է:

- Ցավում եմ նման կանխակալ տպավորություն համար: Իմ կարծիքովՙ նման տպավորության պատճառը երկու երկրների իրավապայմանագրային դաշտում գոյություն ունեցող տարբերություններն էին, որոնք ժամանակի ընթացքում, շնորհիվ ստորագրվող փաստաթղթերի, վերացել եւ վերանում են:

- Հայաստանն ու Իրանը տարբեր մշակութային ժառանգության կրողներ են: Լինելով հարեւան պետություններ, կարծես թե պետք է ձեւավորվեին մշակութային երկխոսություն եւ մշակութային փոխազդեցություն, սակայն դա չի նկատում: Ինչո՞ւ:

- Համամիտ չեմ, որ Հայաստանն ու Իրանը տարբեր մշակութային ժառանգության կրողներ են: Մեր հարաբերություններն սկիզբ չեն առել Հայաստանում քրիստոնեության կամ Իրանում մահմեդականության ընդունումից հետո: Մեր հարաբերությունները հազարամյակների խորքից են գալիս: Աշխարհի հնագույն քարտեզներում Հայաստանն ու Իրանը, պատմության գիրկն անցած այլ պետությունների հետ, եղել են կողք կողքի: Այսօրվա քարտեզների վրա նույնպես շարունակում են ներկայանալ Հայաստանն ու Իրանը, ասպարեզ եկած նոր պետական միավորների հարեւանությամբ: Երկու հարեւան երկրներն այսօր աշխարհին ներկայանում են որպես քրիստոնեություն եւ մահմեդականություն դավանող երկրների միջեւ գոյություն ունեցող խաղաղ գոյակցության եւ երկխոսության լավագույն նմուշ: Հենց դրա վառ ապացույցն իրանական Ամանորի` Նովրուզի տոնակատարություններին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ բարձրաստիճան պատվիրակության մասնակցությունն էր: Դրա վկայությունն են նաեւ իրանահայ ծաղկուն գաղթօջախը եւ մեր հարաբերությունների բարձր մակարդակը:

- Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք հայ համայնքի դերը պետության զարգացման գործում:

- Իրանահայերը կամուրջ են եղել երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Նրանց դերը հարաբերությունների այսօրվա բարձր մակարդակի հարցում ակնառու է: Հայրենիք-համայնք կապն այսօր միակողմանի չէ: Մեր պետությունը հզոր է արտերկրում ապրող հայրենակիցներով, իսկ սփյուռքահայերի ուժն ու տոկունությունը պայմանավորված են հայրենիքի հզորացմամբ: Իրանահայերի դիրքերի ամրապնդումն ու գաղութի հզորացումը բխում են մեր պետության շահերից:

- Ինչպիսի՞ ն էր 2010 թվականը հայ-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում:

- 2010 մեր հարաբերություններում նշանավորվեց բարձր մակարդակի փոխայցելությունների առատությամբ: Հունվարին Երեւանում տեղի ունեցավ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը, որին մասնակցելու համար Հայաստան ժամանեց ԻԻՀ ԱԳ նախարար, միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Մոթթաքին: Փետրվարին Թեհրանում կայացավ Հայաստանի ներդրումային եւ առեւտրային հնարավորությունների վերաբերյալ ARMEX 2010 միջազգային համաժողովը, որին մասնակցեցին շուրջ 600 իրանցի գործարարներ ու ներդրողներ: Փետրվարին Երեւան այցելեց ԻԻՀ նախագահի խորհրդական, ԻԻՀ մշակույթի եւ իսլամական կապերի կազնակերպության նախագահ Մեհդի Մոթաֆավիին: Ստորագրվեց ՀՀ եւ ԻԻՀ մշակույթի եւ կապերի կազմակերպության միջեւ 2010-2012 թթ. մշակույթի եւ արվեստների բնագավառներում համագործակցության գործնական ծրագիրը: Անցյալ տարի Թեհրան այցելեցին ՀՀ վարչապետը, ՀՀ ԱԳ, պաշտպանության, էներգետիկայի եւ բնական պաշարների, էկոնոմիկայի նախարարները, ՀՀ ոստիկանապետը: Հայաստանը հյուրընկալել է Մեջլիսի նախագահին, էներգետիկայի նախարարին, Իրանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահին: 2010 հարուստ էր նաեւ մշակութային ծրագրերի առատությամբ:

Հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար ձեւավորված բարենպաստ պայմանների բերումով էլ 2010-ին գրանցվեց ապրանքաշրջանառության ծավալների աննախադեպ աճ: Այն նախորդ տարվա համեմատությամբ աճել է 38,5 տոկոսով: Ըդ որում, այդ հաշվեկշռում նկատելի է հատկապես Հայաստանից Իրան արտահանված ապրանքների աճը, որը նախորդ տարվա համեմատությամբ կազմել է 57 տոկոս, իսկ Իրանից Հայաստան ներկրված ապրանքների աճը` 33 տոկոս: 2009-ին 195 մլն դոլար ապրանքաշրջանառության դիմաց 2010-ին գրանցվեց 270 մլն դոլար, ինչը երկկողմ հարաբերությունների ողջ ընթացքի համար աննախադեպ է: Չպետք է շփոթություն առաջացնի 2008թ. ցուցանիշը` 260 մլն դոլար, որը գոյացել էր ռուս-վրացական հակամարտության ընթացքում Հայաստանին անհրաժեշտ բեռների որոշ քանակության Իրանից ներկրելու հաշվին, ինչը կրեց ժամանակավոր բնույթ:

- Փոխադարձ այցելություններ 2011-ին սպասվո՞ւմ են:

- Կլինեն բազմաթիվ փոխայցելություններ, որոնց մեկնարկը մարտի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցն էր Թեհրան: ԻԻՀ ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Երեւան այցելելու հրավերը: Սպասվում է նաեւ միջկառավարական հանձնաժողովի նիստը, որն այս անգամ կկայանա Թեհրանում: Եվ քանի որ տարին հոբելյանական է, 2011-ին կլինեն բազմաթիվ մշակութային ձեռնարկումներ` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թեհրան-Երեւան

Հ. Գ.- Թեհրան այցելության համար շնորհակալություն ենք հայտնում «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4