Ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչն ու փորձագետը անդրադարձան գնաճի ցուցանիշներին
Մարտին փետրվարի համեմատ Հայաստանում նվազել են 3 ապրանքատեսակների գներՙ մսամթերքինըՙ 0,1 տոկոսով, ձվինըՙ 0,4 տոկոսով եւ մրգինըՙ 2,2 տոկոսով: Այս մասին երեկ հայտնեց ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանըՙ ներկայացնելով առաջին եռամսյակի տվյալները: Նրա ներկայացմամբ, մարտին փետրվարի համեմատ 13 պարենային ապրանքախմբերից 10-ում արձանագրվել է գնաճՙ 0,1-3,3 տոկոսով: Ամենաբարձր գնաճն արձանագրվել է բանջարեղենի եւ կարտոֆիլի գծովՙ 34,7 տոկոս, շաքարավազի գինը բարձրացել է 6,8 տոկոսով, սուրճ, թեյ , կակաո ապրանքախմբինըՙ 5,4 տոկոսով եւ հացամթերքինըՙ 4,8 տոկոսով:
Սակայն մամուլի ասուլիսի մյուս բանախոսիՙ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի կարծիքով, կախված մեթոդաբանությունից, գնաճը կարող է լինել բարձր կամ ցածր: Նա նշեց, որ ներկայումս օգտագործվում է 2005 թվականի այն մեթոդաբանությունը, ըստ որիՙ 470 ապրանքատեսակների մեջ են մտնում նաեւ երկրորդական նշանակության ապրանքներ: Մինչդեռ անապահով խավը գումարը ծախսում է հիմնականում երկու ուղղությամբՙ սննդամթերք, որոնց գները ավելի արագ են բարձրանում, եւ կոմունալ ծառայություններ: «Եթե վիճակագրական ծառայությունը սպառողական զամբյուղում ներառի անապահով խավի կողմից օգտագործվող ապրանքատեսակները, ապա ստացվում է, որ 2010 թվականի գնաճը 25 տոկոսից բարձր է», եզրակացրեց նա, ավելացնելով, որ 2008 թվականին աղքատության շեմը կազմել է 23 տոկոս, իսկ 2010-ինՙ 34,1 տոկոս: Ինչը նշանակում է, որ մոտ 1,1 մլն մարդ Հայաստանում անապահով խավն է:
Հարություն Մեսրոպյանի կարծիքով, քանի որ Հայաստանն առավելապես ներմուծող երկիր է, ապա մեր գների վրա կազդեն նաեւ էներգակիրների եւ սննդամթերքի միջազգային թանկացումները, ինչպես նաեւ եղանակային պայմաններն ու մենաշնորհները: Փորձագետի համոզմամբՙ անհրաժեշտ է ոչ թե պայքարել մենաշնորհների դեմ, այլ վերացնել այդ երեւույթըՙ ստեղծելով մրցակցային պայմաններ: «Այդ դեպքում որոշ փոփոխություններ կարող են լինել», ասաց նա:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ