Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական երկօրյա այցով մեկնեց Սերբիայի Հանրապետություն: Նախագահը Բելգրադում հանդիպել է իր սերբ գործընկերոջը, որի հետ առանձնազրույցից հետո տեղի է ունեցել հայ-սերբական ընդլայնված կազմով նիստ: Սերժ Սարգսյանին երեկ ընդունել են նաեւ Սերբիայի վարչապետ Միրկո Ցվետկովիչը եւ Ազգային ժողովի նախագահ տիկին Սլավիցա Դուկիչ Դեյանովիչը: Սերբիայի նախագահի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ Բելգրադում գտնվող panorama.am-ի թղթակցի, նշել է, որ ԼՂՀ ժողովուրդը ԽՍՀՄ փլուզումից հետո ինքնորոշվել է, պարտադրված պատերազմում պահպանել հայրենիքը եւ անհնար է նրան զրկել իր անկախությունից: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որ ԽՍՀՄ փլուզումից ի վեր օգտվել է ինքնորոշման իր իրավունքից, չի կարող ապագա ունենալ Ադրբեջանի կազմում: Նա իրեն պարտադրված դաժան պատերազմի ընթացքում պահպանել է իր հայրենիքը եւ անհնար է ստիպել նրան հրաժարվել իր անկախությունից»:
Հայաստանի եւ Սերբիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բորիս Տադիչի առանձնազրույցից ու երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումից հետո Սերբիայի նախագահի նստավայրում տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն. ստորագրվել է երեք փաստաթուղթ: Երկու երկրների նախագահների ներկայությամբ արտգործնախարարներ Վուկ Երեմիչն ու Էդվարդ Նալբանդյանը ստորագրել են համաձայնագիր երկու կառավարությունների միջեւ, որով փոխադարձաբար վերացվում են մուտքի արտոնագրերի պահանջը` դիվանագիտական եւ պաշտոնական անձնագրեր կրողների համար: Երկրորդ փաստաթուղթը` երկու երկրների միջեւ օդային հաղորդակցությունների մասին, ստորագրել են Սերբիայի ենթակառուցվածքների եւ էներգետիկայի նախարար Միլուտին Մրկոնյիչը եւ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Համագործակցության եւս մեկ փաստաթուղթ ստորագրել են մշակույթի նախարարներ Հասմիկ Պողոսյանն ու Սերբիայի տեղեկատվության եւ տեղեկատվական հասարակության նախարար Պրեդրագ Մարկովիչը:
Հ. Ա.