«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2011-04-01 | #58, 2011-04-02 | #59, 2011-04-05


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ «ՀՐԱՊԱՐԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ

«Օլիգարխները լավ ճանապարհ են գտել հեշտ ապրուստի համար: Աշխատելու կարիք չկա, հիմա նրանք մամուլին դատի են տալիս, գումար շահում: Պատկերացնո՞ւմ եք, եթե տարվա մեջ գոնե երեք թերթի դատի տան ու պահանջեն 6 միլիոն դրամ, էլ աշխատելու կարիք չի լինի», այսպես է մեկնաբանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` «Հրապարակ» օրաթերթին դատի տալը լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը : «Ազգ»-ի հետ հեռախոսազրույցում Օհանյանն ասաց, որ երեկ առավոտյան խմբագրությունը ստացել է դատական ծանուցագիր: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցը բաղկացած է 3 կետից` հերքել թերթի` այս տարվա փետրվարի 12-ի համարում հրապարակված «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին բացատրո՞ւմ» խորագրով հոդվածը, որպես փոխհատուցում վճարել 6 մլն դրամ եւ արգելանք դնել թերթի հաշիվների վրա:

Մարտի 28-ից թերթը չի կարողանում տնօրինել բանկում գտնվող սեփական հաշիվները: Արմինե Օհանյանն ասաց, որ Քոչարյանը ոչ թե օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետում է հայցը դատարան ներկայացրել, այլ ուշացրել: Սակայն դա խոչընդոտ չի եղել եւ դատարանը թերթի հաշիվների վրա արգելանք է դրել: Առաջիկայում թերթը կշարունակի լույս տեսնել: Մայիսի 10-ին տեղի կունենա գործով նախնական դատական նիստը: Մինչ այդ խմբագրությունը պետք է աշխատանք տանի թերթի հաշիվների վրայից արգելանքը հանելու ուղղությամբ: Այլապես թերթը որոշ ժամանակ անց չի կարողանա լույս տեսնել:

«Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին բացատրո՞ւմ» հոդվածը թերթում տպագրվել է Քոչարյանի վերջին հայտարարությունից հետո: Ըստ «Հրապարակ»-ի խմբագրի` լրագրողը իր վերաբերմունքն ու գնահատականն է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ: «Որեւէ տեղեկատվություն թերթում չկա, որ այն մենք հերքենք»: Արմինե Օհանյանի փոխանցմամբ հոդվածի լույս ընծայումից հետո նրանք Քոչարյանի գրասենյակից ստացել են գրություն, որով պահանջվում է հերքում: «Սակայն ուղարկված նամակում ոչ թե հերքման խոսք կար, այլ պահանջ, որ թերթը ներողություն խնդրի Քոչարյանից սեփական պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար»:

Օրինակՙ ՀՀ երկրորդ նախագահին դուր չեն եկել «Երեւի տեղապահ Քոչարյանը ոչ միայն մտքի, այլեւ` հիշողության կարճության խնդիր ունի: Երեւի չի հիշում, թե 2003-ի նախագահական ընտրություններում ինքն ինչ ողորմելի վիճակում էր... Իսկ Քոչարյանը, որքան էլ առանձնանում է գավառականությամբ եւ արյունռուշտությամբ, առանձնակի փայլում է անմտությամբ..» եւ այլ տողեր, որոնք, ըստ խմբագրի, տեղեկություն եւ փաստեր չեն պարունակում:

«Մենք դիմել ենք Քոչարյանին` ասելով, ներկայացրեք հերքման դիմում եւ ասեք, թե որ տողերը չեն համապատասխանում իրականությանը, մենք այն կտպենք, սակայն նրանք որեւէ բան մեզ չուղարկեցին: Եթե նրանք ուզում են, որ մենք հերքենք մարդու վերաբերմունքը, ապա պետք է փոփոխություններ կատարեն սահմանադրության մեջ, որով մարդ զրկվի ազատ կարծիք եւ միտք արտահայտելու իրավունքից», ասաց Արմինե Օհանյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խմբ. կողմից. - Կարծում ենք, որ մեր կողմից ընդգծված տողերում ոչ միայն անձնական վիրավորմանք, այլեւ պատվի եւ արժանապատվության դեմ ոտնձգություն կա: Ինչ վերաբերում է հատուցման գումարի չափին, կարծում ենք, որ այն անհամաչափ է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4