«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2011-04-01 | #58, 2011-04-02 | #59, 2011-04-05


ԳԱԶԻ ԲԱՐՁՐ ՍԱԿԱԳՆԻ ՀԱՐՑ ՉԿԱ, ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՍՏԱՆԱՆՔ

Ապրիլի 1-ից գազի սպառողների որոշ շերտերի համար գազն էժանացավ, «Հայռուսգազարդը» գնաց այդ քայլին, բայց գազի սպառման ծավալների, գնագոյացման, գազի որակի բազմաթիվ հարցեր սպառողները հաճախ բարձրացնում եւ պատասխանը չեն ստանում: Ազգային ժողովում մեկը մյուսին հաջորդող խորհրդարանական լսումներից երեկվանը հենց նվիրված էր այդ հարցերի պատասխանը որոնելուն, քննարկվում էր ՀՅԴ օրենսդրական նախաձեռնությունը` «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»: Այս որոշման նախագիծը ավելի վաղ հատուկ կարգով քննարկվել է Ազգային ժողովի քառօրյայում ու հետաձգվել: Ըստ լսումները վարող տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի ` ԱԺ նախագահի առաջարկն էր լսումներ կազմակերպել այդ թեմայով:

Ըստ նախաձեռնության հեղինակների` համակարգի մի շարք հարցեր բաց են` այդ մասին խոսեցին եւ զեկուցող Վահան Հովհաննիսյանը , եւ նրա գործընկերները. մատակարարվող գազի որակի, գազի հաշվիչների ճշգրիտ աշխատանքի, սպառողների սպասարկման, գազի սակագնի արդար եւ ողջամիտ սահմանման եւ համակարգի բազմաթիվ խնդիրների առումով էլ առաջարկի հեղինակները հրամայական են համարում այդ հարցերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խնդիրը: Սպառողների սոցիալական շերտերի համար տանելի գազի գնի վերաբերյալ տարբեր ելույթներին ի պատասխան, թեեւ հենց առաջարկի հեղինակները գիտեին` երկիրն իր բնակիչներին պետք է գնողունակ ու վճարունակ դարձնի, մարդիկ պետք է կարողանան վճարել` հարցերը այդքան սուր չեն կանգնի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի թվերով` 1000 խմ գազի գինը սահմանի վրա 180 դոլար է, 11 դոլար կազմում են կորուստները, 47 դոլար ԱԱՀ-ն, 45 դոլար մարժան (դոլար-դրամ տարբերությունը), գազի սակագինն այսպիսով միջինում 283 դոլար է, վաճառքի գինը սպառողներին` 341 դոլար: Բայց թվերը չէին համոզում առաջարկի հեղինակներին, ըստ նրանց` քննարկումը ցույց տվեց, որ երկու ծայրագույն թվերը ճշգրիտ չեն, բայց նախ այդ բոլոր թվերը պիտի ուսումնասիրվեն, եւ դա պետք է անի այդ նպատակով ստեղծված ԱԺ հանձնաժողովը, այդպիսով հասարակության հավատը կվերականգնվի:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, սակայն, իր մասով նպատակահարմար չէր համարում հանձնաժողովի ստեղծումը, քանի որ ե՛ւ էներգետիկայի նախարարությունում, ե՛ւ իր ղեկավարած հանձնաժողովում բոլոր այդ խնդիրներն առանց այդ էլ մանրակրկիտ ուսումնասիրվում եւ իրենց պատասխաններն են ստանում: Ըստ նրա թվերի` այժմ գազի սպառողների թիվը 600 հազար է, համակարգում էլ 66 մլրդ դրամի ներդրումներ են կատարվել, իսկ ընդհանրապես` եվրոպական երկրներում (Ռուսաստանն ու Ուկրաինան հանած) այդ սակագինն ավելի բարձր է, էներգետիկայի նախարարն էլ նկատեց, թե հարցը պետք է կարգավորվի տնտեսության զարգացմամբ եւ բարձր աշխատավարձերով (հա՞): Իսկ պատգամավորները ցանկության դեպքում այդ նույն կառույցներից իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները կարող են ստանալ: Մի խոսքով` երեւի առաջարկը ջրվի, թեեւ Վ. Այվազյանը դեռ խոստացավ քննարկել իր ղեկավարած հանձնաժողովում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4