Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հիմնադրվել է 1821 թվականի ապրիլի 2-ին` Աստվածատուր Մուրադխանյանի եւ Մնացական Վարդանյանի բարերարությամբ: Կրթօջախը Կալկաթայի երկրորդ ամենահին դպրոցն է:
2011 թվականի ապրիլի 2-ին Կալկաթայում նշվեց Մայր աթոռ Սբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 190-ամյակը: Ձեռնարկը մեկնարկեց Տերունական աղոթքով եւ Հնդկաստանի ու Հայաստանի Հանրապետության օրհներգերով:
Բացման խոսքով հանդես եկավ ճեմարանի կրթական տնօրենը: Այնուհետեւ Մարդասիրականի պարախումբը ներկայացրեց մի գեղեցիկ հնդկական պար, որին հաջորդեց կրթօջախի երգչախմբի ելույթը: Ապա 2010-2011 ուսումնական տարվա շրջանավարտներին հանձնվեց ճեմարանի անունը կրող ժամացույցներ, իսկ բարձր առաջադիմություն ունեցող աշակերտները պարգեւատրվեցին գովասանագրերով եւ ստացան խրախուսական նվերներ:
Հանդիսության ընթացքում ցուցադրվեց Հնդկահայքի երեւելիների եւ հայ-հնդկական հարաբերությունների մասին պատմող տեսանյութ: Հանդիսության բարձրակետը Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Կալկաթայում լույս տեսած «Հնդկահայք» երկլեզվի (հայերեն-անգլերեն) երկրորդ տարեգիրքն էր, որը ներկայացրեց գրքի հիմնադիր-հրատարակիչ, հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանը : «Հնդկահայք 2010»-ում խտացել են հնդկահայոց հոգեւոր հովվության եւ Հնդկաստանում «կտոր մը Հայաստանի»` Հայոց մարդասիրական ճեմարանի անցուդարձը, մեր շնորհալի ուսանողների ուսումնական ու մարզական նվաճումները: Տարեգրքում տեղ են գտել հնդկահայ համայնքի հարյուրամյակների պատմությունը լուսաբանող հոդվածներ, ինչպես նաեւ աշխարհի տարբեր ծագերից անդրանիկ հրատարակությունը գնահատող եւ արժեւորող նամակներ, որոնք պարտավորեցնող էին եւ խթան հանդիսացան «Հնդկահայք-2010» -ը կյանքի կոչելու գործում:
Հանդիսությունը հարգանքի տուրք էր դպրոցի հիմնադիրների պայծառ հիշատակին: