«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2011-04-01 | #58, 2011-04-02 | #59, 2011-04-05


ԼԵՈՆԱՐԴՈ ԱԼԻՇԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

«Բլայնդ Օուլ» հրատարակչությունը Լուսյըն Սթոունի խմբագրությամբ եւ առաջաբանով լույս է ընծայել վաղամեռիկ իրանահայ բանաստեղծ, կարճ պատմվածքների հեղինակ եւ դրամատուրգ Լեոնարդո Ալիշանի բանաստեղծությունների նոր ժողովածուն «Մեռած մարդու ստվերը» ընդհանուր խորագրով, տեղեկացնում է «Արմենյն Միրոր-Սփեքթերթր» շաբաթաթերթը:

Լեոնարդո Ալիշանը (1951-2005) ծնվել էր Թեհրանում, բայց 1973-ին տեղափոխվել Միացյալ Նահանգներ, որտեղ ուսումն ավարտելուց հետո պարսկական եւ համեմատական գրականություն առարկաներն էր դասավանդել 1978-1997 թվականներին Սոլտ Լեյք Սիթիի «Յուտա Համալսարանում»: Բնակարանային հրդեհի զոհ էր գնացել 2005-ին: Իր ողջությանը հրատարակել էր բանաստեղծությունների երկու ժողովածուՙ «ոտաբոբիկ պարելով կոտրած ապակիների վրա» (1991 թ.) եւ «Ցողի կաթիլների միջով» (2000) խորագրերով: Իր բանաստեղծություններն ու կարճ պատմվածքները ընդգրկված են տարբեր անթոլոգիաներում: Արժանացել էր գրական մի շարքՙ այդ թվում «Ամերիկայի բանաստեղծների Ակադեմիայի», «Քրիստոֆեր Մոուլիի անվան» «Էն իրվինգի գրական» եւ «Ատլանտա Ռիվյուի միջազգային երախտիքի» մրցանակներին: Ալիշանի հետմահու նոր ժողովածուն կազմողՙ Լուսյըն Սթոունը ներկայիս Հյուսիսային Դակոտայի համալսարանում դասավանդում է կրոն եւ փիլիսոփայություն առարկաները, եւ ուսումնասիրություններ կատարում սուֆիզմի, իսլամական փիլիսոփայության, արվեստ-գրականություն-իրանական ինտելեկտուալ պատմություն համեմատական առնչությունների բնագավառներում:

Հ.Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4