«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2011-04-01 | #58, 2011-04-02 | #59, 2011-04-05


ՌԴ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՖԻԶԻԿՈՍՆԵՐԻ ՄԵՋ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇ ՈՒՆԻ 21-ԱՄՅԱ ՖԻԶԻԿՈՍ ՀԱՅԿ ԻՇԽԱՆՅԱՆԸ

Ռուսաստանում երիտասարդ ֆիզիկոսների մեջ ամենից բարձր վարկանիշ ունեցողների թվում է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտն այս տարի գերազանցությամբ ավարտած 21-ամյա Հայկ Իշխանյանը: Նրա անունը «Ազգն» առաջին անգամ նշել է ՀՕՖ-ի այս տարվա գիտական դրամաշնորհների արժանացածների թվում, այդ դրամաշնորհները տրվում են ԱՄՆ-ի ազգային գիտական ֆոնդի երաշխավորությամբ` ամերիկյան փողեր են: Հայկի դիպլոմային աշխատանքի տակ իր ստորագրությունն է դրել Նոբելյան մրցանակի դափնեկիր Բասովը: Միջազգային ամենահեղինակավոր գիտական ամսագրերում Հայկ Իշխանյանն արդեն հասցրել է 12 գիտական հոդված հրապարակել, մի շարք միջազգային հեղինակավոր մրցույթների մրցանակակիր դառնալ (Մոսկվայի ֆիզիկայի ընկերության մրցանակ, Պավլովի շքանշան եւ այլն): Հայկ Իշխանյանը այս տարվա հուլիսին կպաշտպանի թեկնածուական թեզը. Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում պետական քննական հանձնաժողովը որոշել էր երաշխավորել Հայկին` շրջանցելու մագիստրատուրայում ուսանելը եւ միանգամից շարունակել ասպիրանտուրայում: Հայկը երեւի այն հազվագյուտ գիտնականներից կլինի, որ 21 տարեկանում գիտությունների թեկնածու կդառնան: Սա հազվագյուտ բան է: Ի դեպ` Հայկ Իշխանյանն արդեն նախագծեր է մտմտում, օրինակ, ավարտելուց հետո քիչ ժամանակով Երեւան գալով` նա կառավարությանն առաջարկել է «Լաբորատորիա առանց սահմանների» նախագիծը: Այդ նախագծի միտքն այն է , որ աշխարհի տարբեր հայտնի գիտական կառույցներում եւ լաբորատորիաներում աշխատող հայ ֆիզիկոսները հնարավորություն ունենան համատեղ գիտական հետազոտություններ անելու: Առաջին խումբը եւս առաջարկել է (նրանց մեջ են Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ասպիրանտ Տիգրան Շահվերդյանը, Նյու Յորքի Սան Բրուք համալսարանի երիտասարդ գիտնական Սահակ Պետրոսյանը, երեւանցի երիտասարդ ֆիզիկոս Ռուզան Սոխոյանը): Հետագայում մենք առավել հանգամանորեն կանդրադառնանք երիտասարդ ֆիզիկոսի գործունեությանը, ավելացնենք միայն, որ նա երեւանցի ֆիզիկոս Արթուր Իշխանյանի որդին է:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4