«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2011-04-01 | #58, 2011-04-02 | #59, 2011-04-05


ՍԱՄՍՈՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԳԵՏՆ ՈՒ ԳՈՐԾԻՉԸ

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի երաժշտական բաժնի ֆոնդերում, ի թիվս հայ երաժշտության երախտավորների, իր տեղն ունի նաեւ երաժշտագետ Սամսոն Գասպարյանի արխիվը: Այն ընդգրկում է երաժշտագետի գիտական աշխատությունները, հրապարակախոսություն, երաժշտական ստեղծագործություններ, բանաստեղծություններ, նամակներ, անձնական փաստաթղթեր, կենսագրությանն առնչվող նյութեր, լուսանկարներ, գրքեր, մամուլ եւ այլն (ավելի քան 2000 փաստաթուղթ):

Թանգարանի հրատարակչությունը «Կոմիտաս» հրատարակչության հետ համատեղ պետական պատվերով հրատարակել է «Սամսոն Գասպարյան երաժշտագետն ու գործիչը» գիրքը: Մենագրական բնույթի այս գիրքը լույս է ընծայվել խմբագիր Մարինե Հարոյանի եւ կազմող Ցողիկ Բեքարյանի աշխատասիրությամբ:

Գիրքը ներկայացնում է հայ մշակույթի երջանկահիշատակ երախտավորներից մեկիՙ երաժշտագետ-գործիչ Սամսոն Գասպարյանի կյանքն ու բազմաբովանդակ գործունեությունը: Աշխատելով Խորհրդային Հայաստանի պետական տարբեր հաստատությունների ղեկավար պաշտոններումՙ Գասպարյանն իրեն դրսեւորել է որպես նվիրյալ, իր գործին պատասխանատվության բարձր զգացումով վերաբերող, առաջնային խնդիրներին ճիշտ լուծում տվող ղեկավար:

Գրքում որպես հավելված զետեղված են տարբեր տարիներին հրատարակվածՙ Գասպարյանի աշխատությունների ցանկը, պարբերական մամուլում լույս տեսած երաժշտական հոդվածներ, գրախոսություններ եւ նամակներ:

Ֆոնդում պահվող բազմաթիվ նամակներից եւ հոդվածներից ընդգրկված են այնպիսիները, որոնք առավել հստակ եւ բազմակողմանիորեն են լուսաբանում Ս. Գասպարյան մարդու, երաժշտագետի, հասարակական գործչի կերպարը, որոնք հարուստ տվյալներ են պարունակում երաժշտագետի թե՛ անձնական եւ թե՛ տվյալ ժամանակահատվածի մշակութային-հասարակական կյանքի մասին:

Սամսոն Գասպարյանը եղել է ամենատարբեր վարչական պատասխանատու ղեկավարի պաշտոններում. Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն (1937), Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտորի տեղակալ, ապաՙ ռեկտոր (1937-1940), Քաղսովետի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ (1940), ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդին առընթեր արվեստի գործերի վարչության պետի տեղակալ (1941), համատեղությամբ Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն (1943), ընտրվելով Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամՙ նորից դառնում է պատասխանատու քարտուղար (1945), ՀԽՍՀ կինեմատոգրաֆիայի նախարար (1947), ՀԽՍՀ Գիտություների ակադեմիայի թատերա-երաժշտական թանգարանի տնօրեն (1949-1954) եւ ՀԽՍՀ մշակույթի նախարարի տեղակալՙ 1954-1974 մինչեւ կյանքի վերջ: Ինչպես իրավացիորեն գրում է արվեստագիտության դոկտոր Մաթեւոս Մուրադյանը Սամսոն Գասպարյանին նվիրված իր գրքույկում. «Միմյանցից շատ են տարբեր կոնսերվատորիան եւ Քաղսովետը, կոմպոզիտորների միությունը եւ կինեմատոգրաֆիայի մինիստրությունը: Բայց Սամսոն Գասպարյանը կարողացել է գտնել այդ բնագավառներից յուրաքանչյուրի էական հատկանիշը եւ շեշտը դնել դրա վրա»:

Երաժշտագետ Արաքսի Ասրյանի բնորոշմամբ, որ ամենակարեւորը Սամսոն Գասպարյանն այս բոլոր պաշտոններում շարունակում էր մնալ արվեստագետ-երաժշտագետ, ինչից եւ բխում էր նրա ղեկավարության սկզբունքներն ու մտահոգությունները: Պատահական չէ, որ նույն այս տարիներին ստեղծվում էին հայ երաժիշտներին նվիրված նրա մենագրությունները, հայկական եւ քրդական երգերի ժողովածուները, պարբերական մամուլում հրապարակվում էին հանրապետության երաժշտական կյանքի անցուդարձը պարզաբանող բազում հոդվածներ, գրախոսություններ, առաջ քաշվում պրոբլեմատիկ կարեւոր հարցադրումներ:

Գրքից տեղեկանում ենք, որ ջերմ մտերմություն եւ փոխադարձ հարգանք է հաստատվել Ռոմանոս Մելիքյանի եւ Սամսոն Գասպարյանի միջեւ:

Նամակների հասցեատերերի անվանացանկն արդեն խիստ ուշագրավ է. Արամ Խաչատրյան, Ռոմանոս Մելիքյան, Խաչատուր Եսայան, Էմմա Ծատուրյան, Վահրամ Փափազյան, Դերենիկ Դեմիրճյան, Անտոն Քոչինյան, Վլասով, Սեմյոն Գինզբուրգ. այսինքնՙ թե մշակույթի, թե այլ ոլորտի, թե քաղաքական եւ հասարակական գործիչներ:

Գրքում տեղ են գտել ինչպես Ս. Գասպարյանի ֆոնդում, այնպես էլ ԳԱԹ-ի երաժշտական, թատերական եւ գրական բաժիններում գտնվող նամակները, որոնք ներկայացված են հասցեատերերի ազգանունների այբբենական հաջորդականությամբՙ պահպանելով ներքին ժամանակագրական կարգը:

Փաստաթղթերի գերիշխող մասը տպագրվում է բնագրից, առաջին անգամ: Նամակները հետաքրքիր եւ արժեքավոր են նրանով, որ երաժշտագետ Սամսոն Գասպարյանը երեւում է իր ներաշխարհով ու նախասիրություններով:

Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը գրում է. «Ինձ համար, որպես հոգեւորականի, անգնահատելի է այն փաստը, որ Սովետական միության տարիներին Սամսոն Գասպարյանը զբաղվել է նաեւ հայ հոգեւոր երգովՙ դառնալով նրա ուսումնասիրողը, տարածողը եւ անուղղակի կերպով ջատագովը, ինչպես նաեւ մեզ հայտնի եւ շատ պաշտելի լուսահոգի Լուսինե Զաքարյանը, ազդվելով յուր ժամանակին Գասպարյանի ուսումնասիրություններից, դիմել է հոգեւոր երգին եւ դարձել հայ շարականի «Սոխակը»: Կան մարդիկ, որոնք ամեն օր, ամեն ժամ իրենց մեծագույն լուման են ներդնում հայ մշակույթի գանձարանի մեջ, հիմք են դնում ապագա սերունդների համար: Նրա արածը իրոք սխրագործություն է, ինչն էլ գալիս է բարձր ազգային գիտակցությունից, հայրենասիրությունից ու կատարյալ նվիրումից, որով մենք ե՛ւ պիտի ուրախանանք, ե՛ւ պարծենանք ու երախտագետ լինենքՙ միշտ անմար պահելով նման երախտավորների հիշատակը»:

ԱՐՓԻՆԵ ԱՍԼԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4