Հունահռոմեական ոճի ըմբիշները 4 մեդալ նվաճեցին
Դորտմունդում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը: Վերջինը մրցասպարեզ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները: Ի տարբերություն ազատ ոճայինների, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները շատ ավելի հաջող հանդես եկան: Քաշային 7 կարգերից 4-ում մեր ըմբիշներն արժանացան մեդալների (1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե):
Գերազանց ելույթ ունեցավ Պեկինի օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը (55 կգ): Մարզիչներ Համլետ Հովհաննիսյանի եւ Հարություն Խաչատրյանի սանը Դորտմունդում 5 գոտեմարտ անցկացրեց եւ բոլորն էլ շահեց ընդհանուր 42-0 հաշվով: Սա վկայում է մրցակիցների նկատմամբ հայ ըմբիշի ունեցած զգալի առավելության մասին: Ռոման Ամոյանն արժանիորեն 2-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Առաջին գոտեմարտում Ռոմանը մեծ առավելությամբ հաղթեց լատվիացի Ռամունաս Դագիսին (9-0), այնուհետեւ պարտության մատնեց վրացի Լաշա Գոգիտաձեին (4-0): 3-րդ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը ռուսաստանցի Վալերի Բորգոյակովն էր: Նա եւս չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ Ամոյանինՙ պարտվելով 0-11 հաշվով: Կիսաեզրափակիչ եւ վճռորոշ գոտեմարտերում Ամոյանի մրցակիցներն ադրբեջանցիներն էին: Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 13-0 հաշվով պարզապես ջախջախեց Էլդանիզ Ազիզլիին: Եզրափակիչում Ամոյանին հարկ եղավ գոտեմարտել Ուկրաինան ներկայացնող ադրբեջանցի Վյուգար Ռահիմովի հետ: Վճռորոշ գոտեմարտում էլ Ամոյանն իրեն հիանալի դրսեւորեց ու հաղթելով 5-0 հաշվով, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Մինչեւ 96 կգ քաշային կարգում գյումրեցի Արթուր Ալեքսանյանը, որին մարզում է հայրըՙ նախկինում անվանի ըմբիշ Գեւորգ Ալեքսանյանը, դարձավ Եվրոպայի մեծահասակների առաջնության արծաթե մրցանակակիր: Աշխարհի երիտասարդների անցյալ տարվա չեմպիոնը եւս վստահ հանդես եկավ առաջնությունումՙ հասնելով մինչեւ եզրափակիչ: Նա եզրափակիչի ճանապարհին հաջորդաբար հաղթեց չեռնոգորցի Վլադիմիր Ռադոսլավեւիչին (6-0), վրացի Սոսո Ջաբիձեին (8-0), նորվեգացի Մարտին Նիլսենին (9-1) եւ բուլղարացի Էլիս Գուրիին (4-3): Եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը բելառուսցի Տիմոֆեյ Ձենիչենկոն էր: Այս անգամ հայ ըմբիշին չհաջողվեց հաղթել: 2-0 հաշվով շահելով գոտեմարտը, Ձենիչենկոն ուժեղագույնը ճանաչվեց Եվրոպայում:
Սպասելիքները մեծ էին Պեկինի օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն (2-ըՙ Հայաստանի հավաքականի կազմում), աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանրքաշային Յուրի Պատրիկեեւից: Սակայն սպասելիքները չարդարացան: Հաղթելով հույն Քսենոֆոն Կուտսիումպասին եւ խորվաթ Անտոն Դոկին, Պատրիկեեւը կիսաեզրափակիչում պարտվեց թուրք Ռիզա Կայալպային: Վերջինս մտավ եզրափակիչ, որտեղ զիջեց ռուսաստանցի Հասան Բարոեւին: Իսկ Պատրիկեեւը ստիպված էր պայքարել բրոնզե մեդալի համար: Այդ պայքարում նա հաղթեց շվեդ Մագնուս Եուրենին եւ արժանացավ բրոնզե մեդալի: Նշենք, որ Պատրիկեեւի անձնական մարզիչը Սամվել Գեւորգյանն է:
Եվս մեկ բրոնզե մեդալ ՀՀ հավաքականին պարգեւեց 84 կգ քաշային Արթուր Շահինյանը: Երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոնը, որին մարզում է Արթուր Թովմասյանը, առաջին գոտեմարտը շահեց չեռնոգորցի Պրեդրագ Ստանջեւիչից: Սակայն հաջորդ գոտեմարտում նա պարտվեց ռուսաստանցի Ալան Խուգաեւին: Քանի որ վերջինս հասել էր մինչեւ եզրափակիչ, որտեղ պարտվեց ուկրաինացի Վասիլի Ռաշիբային, ուստի Շահինյանը հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Հաղթելով իտալացի Վինցենզո Շիբիլիային եւ գերմանացի Յան Ֆիշերին, Արթուրն արժանացավ բրոնզե մեդալի:
Մեդալի ակնկալիքներ ունեինք նաեւ մինչեւ 74 կգ քաշային կարգում հանդես եկած մեր տիտղոսակիր ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանից: Սակայն մեդալ նվաճել չհաջողվեց: Քաշային այս կարգում մրցագորգ էին դուրս եկել 33 ըմբիշներ: 1/8 եզրափակիչում Արսենը հաղթեց բելառուսցի Ալեքսանդր Դեմյանովիչին, սակայն հաջորդ փուլում պարտվեց հունգարացի Պետեր Բակսիին: Վերջինս եզրափակիչում զիջեց ադրբեջանցի Ռաֆիկ Հուսեյնովին: Իսկ Արսենը հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե պարգեւի համար: Առաջին 2 գոտեմարտերում նա հաջողության հասավ բրիտանացի Միրոսլավ Դյուկինի եւ ֆինն Հենրի Վալիմակի նկատմամբ, սակայն վճռորոշ գոտեմարտում բրոնզե մեդալը զիջեց ռուսաստանցի Ռոման Վլասովին:
Մինչեւ 66 կգ քաշային կարգում Սասուն Ղամբարյանը պայքարից դուրս մնաց առաջին գոտեմարտից հետոՙ պարտվելով վրացի Անտոն Մամագեյշվիլուն: Մինչեւ 60 կգ քաշային Վահան Ջուհարյանն էլ առաջին գոտեմարտում հաղթելով իտալացի Լորենցո Ջենտիլեին, 2-րդում պարտվեց ռումինացի Էյսեբիո Դիակոնուից եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Թիմային պայքարում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը գրավեց 2-րդ տեղըՙ իրենից առաջ թողնելով միայն ՌԴ հավաքականին, որը նվաճեց 2 ոսկե, մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ: Հաջորդ տեղերում են Ուկրաինայի (1-1-0), Ադրբեջանի (1-0-3) եւ Վրաստանի (1-0-0) հավաքականները: