«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2011-04-01 | #58, 2011-04-02 | #59, 2011-04-05


ՄԱՐԶԱԿԱՆ ԲԱԽՏԸ ԵՐԵՍ ԷՐ ԹԵՔԵԼ «ՓՅՈՒՆԻԿԻՑ»

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունը բավական հետաքրքրական պայքարում է ընթանում: Առաջնության 3-րդ տուրում երկրի չեմպիոն «Փյունիկն» անդրանիկ պարտությունը կրեցՙ 0-1 հաշվով զիջելով «Ուլիսին»: Հետաքրքրական է, որ նախորդ առաջնությունում էլ «Փյունիկին» առաջինը պարտության էր մատնել «Ուլիսը» (3-1), սակայն դա տեղի էր ունեցել 11-րդ տուրում: Իսկ այս տարի չեմպիոնն արդեն 3-րդ տուրում անհաջողության մատնվեց ու զիջեց առաջատարի իր դիրքը:

«Ուլիսի» հետ խաղում «Փյունիկը» կազմի կորուստներ ուներ: Ինչպես հայտնի է, Կառլեն Մկրտչյանը մեկնել է Դոնեցկ ու հանդես է գալու տեղի «Մետալուրգում»: Հիվանդության պատճառով խաղին չմասնակցեց Գեւորգ Ղազարյանը, իսկ թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը վնասվածքի պատճառով ընդմիջումից հետո խաղադաշտ դուրս չեկավ: Թեեւ այս ամենին, «Փյունիկն» ավելի մոտ էր հաղթանակինՙ ավելի շատ գոլային պահեր ստեղծելով մրցակցի դարպասին: Սակայն այդ օրը մարզական բախտը կարծես երես էր թեքել փյունիկցիներից: Երեք անգամ Մարկոսի եւ Մանուչարյանի հարվածներից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Խաղային մի քանի դրվագներում էլ հաջող խաղաց «Ուլիսի» դարպասապահ Վլադիմիր Մալկովըՙ հետ մղելով նույն Մարկոսի եւ Մանուչարյանի վտանգավոր հարվածները:

Չեմպիոնի հետ խաղում «Ուլիսը» շեշտը դրել էր հակագրոհների վրաՙ հստակ գործելով պաշտպանությունում: Ընդմիջումից հետո կատարված փոփոխությունների շնորհիվ ուլիսցիները զգալիորեն ակտիվացրին հարձակողական գործողությունները եւ ի վերջո հասան ցանկալի արդյունքի: Խաղավարտից 2 րոպե առաջ «Փյունիկի» դարպասը գեղեցիկ ու դիպուկ հարվածով գրավեց Արտյոմ Ադամյանը: Այս հաղթանակի շնորհիվ «Ուլիսն» իր պատմության մեջ առաջին անգամ գլխավորեց աղյուսակը:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:

Վարդան Մինասյան («Փյունիկ»)-Այսօր մեր թիմի ֆուտբոլիստները ցուցադրեցին ընթացիկ մրցաշրջանում իրենց լավագույն խաղը: Գոհ եմ նրանց գործողություններից: Հանդիպումը պետք է ավարտվեր 5-1 հաշվով, սակայն մարզական բախտը կարծես երես էր թեքել մեզանից ու մենք պարտվեցինք:

Սեւադա Արզումանյան («Ուլիս»)-Հաշվի առնելով «Փյունիկի» ֆուտբոլիստների խաղային բարձր որակները, առաջին խաղակեսում հիմնական ուշադրությունը դարձրել էինք պաշտպանությանը: Ընդմիջումից հետո ձգտեցինք հարձակողական ֆուտբոլ ցուցադրել: Թեեւ փյունիկցիները գոլային ավելի շատ պահեր ստեղծեցին, սակայն տղաների նվիրվածության եւ ինչ-որ տեղ էլ մարզական բախտի շնորհիվ չափազանց կարեւոր 3 միավոր վաստակեցինք: Առջեւում «Շիրակի» հետ գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումն է: Ուստի հարկավոր է վերականգնել տղաների ուժերը:

Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում նաեւ «Միկայի» եւ «Բանանցի» մրցավեճը: Ընդամենը մի քանի օր առաջ նրանց գավաթային մրցավեճն ավարտվել էր մարտական ոչ-ոքիՙ 3-3: Այս անգամ կրկին գրանցվեց ոչ-ոքի, սակայն դարպասները մնացին անառիկ: Թիմերին չհաջողվեց գոլային շատ պահեր ստեղծել: Մրցակիցներն այս անգամ ուշադիր էին գործում պաշտպանությունում:

Կապանում «Գանձասարի» եւ «Շիրակի» մրցակցության ելքը վճռվեց խաղասկզբում տուգանային հարվածով Արթուր Քոչարյանի խփած միակ գոլի շնորհիվ: Առանց պարտության հանդես եկող «Գանձասարն» անդրանիկ հաղթանակը տոնեց, իսկ «Շիրակն» առաջին անգամ խաղադաշտը թողեց պարտված:

Առաջնության երկու հետնապահներիՙ «Իմպուլսի» եւ «Արարատի» մրցավեճում 2-0 հաշվով հաղթեցին դաշտի տերերը: Թիմի հաղթանակն ապահովեցին Հովհաննես Գոհարյանի եւ Զավեն Բադոյանի խփած գոլերը: «Իմպուլսն» առաջին հաղթանակը տոնելով, հեռացավ վերջին տեղիցՙ հետնապահի դերը զիջելով «Արարատին»:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Ուլիս32104-17
2. Միկա31203-05
3. Գանձասար31202-15
4. Փյունիկ31112-24
5. Շիրակ31112-24
6. Իմպուլս31023-33
7. Բանանց30212-42
8. Արարատ30121-61

Ռմբարկուները

Արթուր Քոչարյան«Գանձասար»2
Արտյոմ Ադամյան«Ուլիս»2


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4