«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2011-04-01 | #58, 2011-04-02 | #59, 2011-04-05


ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵԼ ԷԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ

Ֆրանսիայում վերջնագիծը հատեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց 12-րդ անհատական առաջնությունը, որում բացի մեդալներից, խաղարկվեցին նաեւ աշխարհի գավաթի խաղարկության 23 ուղեգրերը: Ցավոք, Հայաստանը ներկայացնող 9 շախմատիստներն էլ անմասն մնացին խաղարկվող պարգեւներից եւ ուղեգրերից:

Մեր շախմատիստներից լավագույն արդյունքի հասավ Արման Փաշիկյանը, որը 7,5 միավորով գրավեց 38-րդ տեղը 393 մասնակիցների մեջ: Ավարտական 2 տուրերում նա ոչ-ոքի խաղաց Բորիս Էսենի հետ եւ հաղթեց ռուսաստանցի Արթուր Գաբրիելյանին:

7-ական միավոր վաստակեցին Սամվել Տեր-Սահակյանը (50-րդ տեղ), Ավետիք Գրիգորյանը (54-րդ), Վլադիմիր Հակոբյանն (58) ու Զավեն Անդրեասյանը (65-րդ): Գաբրիել Սարգսյանը 6 միավորով 127-րդն է: Նույնպիսի արդյունքով ՀՀ չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը զբաղեցրեց 154-րդ հորիզոնականը: Հրանտ Մելքումյանը 5 միավորով 228-րդ տեղում է, իսկ Վլադիմիր Պողոսյանը 4,5 միավորով հանգրվանեց 310-րդ հորիզոնականում: Ֆրանսահայ Տիգրան Ղարամյանը 7 միավորով գրավեց 63-րդ տեղը, իսկ ռուսաստանցի Արթուր Գաբրիելյանը 6,5 միավորով զբաղեցրեց 85-րդ հորիզոնականը:

Եվրոպայի չեմպիոնը որոշվեց լրացուցիչ գործակիցներով: Չորս շախմատիստներՙ ռուսաստանցի Վլադիմիր Պոտկինը, լեհ Ռադոսլավ Վոյտաչեկը, հունգարուհի Հուդիթ Պոլգարը եւ ուկրաինացի Ալեքսանդր Մոիսեենկոն վաստակեցին հավասարՙ 8,5-ական միավոր: Ավարտական տուրում Պոտկինը հաշտություն կնքեց Պոլգարի հետ, Վոյտաչեկը միավորը կիսեց Պյոտր Սվիդլերի հետ մրցավեճում, իսկ Մոիսեենկոն հաղթեց Լուկ Մակշեյնին: Լրացուցիչ գործակիցներով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Վլադիմիր Պոտկինը, որը բացի ոսկե մեդալից, պարգեւատրվեց նաեւ 20 հազար եվրոյով: 28-ամյա Պոտկինի մարզական կարիերայում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի նվաճումն առայժմ ամենամեծ հաջողությունն է: Արծաթե մրցանակակիր դարձավ լեհ Ռադոսլավ Վոյտաչեկըՙ արժանանալով 15 հազար եվրոյի: Բրոնզե մեդալը բաժին հասավ հունգարուհի Հուդիթ Պոլգարին: Նա ստացավ 11 հազար եվրո: Հաջող մրցելույթների շնորհիվ հունգարացի շախմատիստուհին իր վարկանիշն ավելացրեց 15-ով եւ երկարատեւ ընդմիջումից հետո կրկին ընդգրկվեց 2700 եւ ավելի վարկանիշ ունեցող շախմատիստների շարքը: Վերջին անգամ նա այդ սահմանագիծը հատել էր 2008-ին: Այժմ Պոլգարի ընթացիկ վարկանիշը 2706 է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4