«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2011-04-02 | #59, 2011-04-05 | #60, 2011-04-06


ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵԱՀԿ-ԻՆ, ԱՄՆ-ԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ «ՉԽԱՌՆՎԵԼ»

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարություն է տարածել` իր մտահոգություններն արտահայտելով ապրիլի 2-ին Բաքվում ադրբեջանական ընդդիմության խաղաղ ցուցարարների դեմ երկրի կառավարության ձեռնարկած քայլերի առնչությամբ, հատկապես որ որոշ ընդդիմադիր ակտիվիստներ ձերբակալվել էին մինչեւ նախատեսված բողոքի ակցիաների իրագործումը:

Ըստ հայտարարության, Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը «հարգել իր քաղաքացիների` հանրահավաքներ անցկացնելու եւ խոսքի ազատության իրավունքները, որոնք երաշխավորված են Ադրբեջանի սահմանադրությամբ եւ մարդու իրավունքների միջազգային գործիքներով, ներառյալ ԵԱՀԿ առջեւ ստանձնած պարտավորությունները»: ԱՄՆ-ը Ադրբեջանին հիշեցրել է, որ այդ իրավունքները հարգելը էական նշանակություն ունի քաղաքացիների ու կառավարության միջեւ երկխոսության խրախուսման առումով: Հայտարարությամբ կոչ է արվում, որ ցույցերի առնչությամբ ձերբակալվածների նկատմամբ օրինական գործընթացներ անցկացվեն` բաց եւ թափանցիկ լսումներով եւ իրավական խորհրդատվության նկատմամբ համարժեք մատչելիությամբ:

Ապրիլի 2-ի ցուցարարների հանդեպ վերաբերմունքի մասին իր մտահոգություններն էր հայտնել նաեւ ԵԱՀԿ-ն, որի առնչությամբ, խոսքը նաեւ ԱՄՆ դեսպանատանը հասցեագրելով, Ադրբեջանը, ի դեմս նախագահի աշխատակազմի, կոչ է արել «օտարերկրյա ներկայացուցչություններին չխառնվել երկրի ներքին գործերին»: Ընդ որում, որպես հիմնական փաստարկ է նշվում այն, թե ապրիլի 2-ին ցուցարարների հանդեպ ադրբեջանական ոստիկանության կիրառած միջոցները «ընդունելի են Ադրբեջանի բնակչության համար», մինչդեռ ԱՄՆ-ն ու ԵԱՀԿ-ն «խառնվում են Ադրբեջանի ներքին գործերին»: Իսկ այն, որ Ադրբեջանում իբր հարգանքով են վերաբերվում խոսքի ազատությանը, կարող է անգամ մեր նման երկրի համար, որտեղ խոսքն էլի ազատություն շատ չի վայելում, ծիծաղելի հնչել:

Նշենք, որ «փոքր եղբոր» ավագը` Թուրքիան էլ այս օրերին ԵԱՀԿ «ջերմ» խոսքերին է արժանացել, այն հայտարարությամբ, որ այդ երկրում բանտերում են գտնվում նվազագույնը 57 լրագրող:

Ամեն դեպքում, օրերս Բաքվում կլինի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուն, եւ շատ հետաքրքրական է, թե ինչպես կարձագանքի ԵԽԽՎ նախագահը ստեղծված իրավիճակին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4