Անցած շաբաթավերջին ՌԱԿ Արեւելյան Ամերիկայի եւ Կանադայի շրջանային վարչությունը Նյու Յորքում այցելություն է տվել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանին , որի հետ անցնող երկու տարիների հաջող համագործակցությունը նոր ծրագրերի առիթ է ընծայում: Դեսպանը գնահատանքով է արտահայտվել ներկայացուցչության եւ Նյու Յորքի Թեքեյան մշակութային միության միջեւ սերտ կապերի մասին, երկխոսություն է տեղի ունեցել նաեւ սեպտեմբերին Անկախության 20-րդ տարեդարձի եւ ՄԱԿ-ի նստաշրջանին նախագահ Սարգսյանի ներկա գտնվելու զույգ առիթներով Նյու Յորքում մեծարանքի հանդիսության ծրագրման վերաբերյալ: Վարչության պատվիրակության կազմում են եղել վարչության անդամներ Վաղինակ Դարբինյանը , Գրիգոր Սալպաշյանը , ՌԱԿ մամլո դիվանի ատենապետ Հակոբ Վարդիվառյանը ` գլխավորությամբ վարչության համաատենապետ Բաբկեն Մկրյանի : Զրույցի ընթացքում խոսվել է կուսակցության ներքին վիճակի մասին սփյուռքում եւ Հայաստանում, առաջիկա երկու տարիներին իրականացնելիք ծրագրերի մասին: Դեսպան Նազարյանը գնահատանքով է նշել «Արմինյըն միրոր սփեքթեյթըր» պաշտոնաթերթի դերը` հայրենիքին եւ Մայր աթոռին թիկունք կանգնելու առումով: