«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2011-04-02 | #59, 2011-04-05 | #60, 2011-04-06


ԵԿԵՂԵՑԻՆ ԵՐԿՈՒՍՏԵՔ ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՀԱՅ ԵՎ ՍԵՐԲ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ

Երեկ ավարտվեց Հայաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Սերբիա: Երեկվա համարում տեղեկացրինք, որ այցի առաջին օրը Սերժ Սարգսյանին ընդունել են Սերբիայի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը: Երկու երկրների ղեկավարները հանդես են եկել «մամուլի համար հայտարարությամբ», որին երեկվա համարում անդրադարձել է «Ազգը» : Այցի երկրորդ օրը Հայաստանի նախագահին ընդունել է Սերբիայի պատրիարք Կիրինեն: Վերջինս նշել է, որ հայ եւ սերբ ժողովուրդների ամենամեծ ընդհանրությունը կրոնն է: Նախագահ Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ եւս եկեղեցին մեծ դեր է խաղացել` երբեմն փոխարինելով պետականությանը: Նախագահը այցելել է Սուրբ Գաբրիել հրեշտակապետի Մայր տաճար, որտեղ սերբ պատրիարքն իր հյուրին է ներկայացրել եկեղեցու պատմությունն ու նշանակությունը սերբ ժողովրդի համար: Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը հանդիպել է նաեւ Սերբիայի փոքրաթիվ` 350-հոգանոց հայ համայնքին:

Երեկ Հայաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի իր գործընկերոջ` Նուրսուլթան Նազարբաեւի հետ եւ շնորհավորել վերջինիս` նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի` Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ «երկու երկրների նախագահների ձեռք բերած անձնական վստահելի հարաբերությունները կշարունակեն հետագայում եւս ծառայել` ի շահ հայ եւ ղազախ ժողովուրդների»: Նշենք նաեւ, որ Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակեց անցյալ կիրակի անցկացված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք նախնականից ոչնչով չեն տարբերվում. Ղազախստանի վերընտրված նախագահ Նազարբաեւը հավաքել է ընդհանուր ձայների` 95,5 տոկոսը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4