Ազգային ժողովում գյուղատնտեսությանը վերաբերող խորհրդարանական լսումների ժամանակ երեկ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը , որը փաստորեն հանդես եկավ չլուծված հարցերի վերաբերյալ «ինչուներ» հնչեցնողի դիրքից:. «Ինչո՞ւ է ընդունված ազգային ծրագիրը, որ այդքան շատ քննադատության է ենթարկվում, ինչո՞ւ չեն լուծվել գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումները, գուցե կա՞ն պատճառներ, որ այդ ծրագիրը չի կատարվել, հատկապես եթե հաշվի առնենք, որ արդեն 2011 թ. է, իսկ ծրագիրը մինչեւ 2012 թ. է ներառում», ասել է նա գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագրի վերաբերյալ` հավելելով, որ չիրագործվող ծրագրի պարագայում ոլորտի զարգացման մասին խոսք լինել չի կարող: Ըստ ԱԺ նախագահի` նոր հեծանիվ ամենեւին էլ պետք չէ հորինել, հարկավոր է ուղղակի գտնել կոնկրետ ուղղություններ, որոնք կնպաստեն գյուղատնտեսության զարգացմանը: Եվ նշեց մի քանիսը` հարկավոր է նվազեցնել գյուղացուն տրվող վարկերի տոկոսադրույքները, հավելյալ սուբսիդավորել այն գյուղացիներին, որոնք բնակվում են հատկապես անբարենպաստ կլիմայական պայմաններում, 20 տոկոսով սուբսիդավորել գյուղացուն` գյուղտեխնիկա ձեռքբերելու համար:
Իսկ գյուղնախարար Սերգո Կարապետյանն իր խոսքում հետաքրքրական ձեւակերպում արեց, թե մեր երկրում ոչ թե շուկա է, այլ «բազար` բառիս բուն իմաստով». «Տնտեսվարող սուբյեկտներն իրենց ապրանքները գյուղացիներին վաճառում են շատ բարձր գներով, ինչն ուղղակի անթույլատրելի է: Մինչեւ շուկան վերջնականապես չկարգավորվի, պետությունը պետք է ներկրի այդ ապրանքներն ու ցածր գներով տրամադրի ֆերմերներին». գյուղնախարարը նկատի ուներ, որ գյուղատնտեսության զարգացումն ապահովելու համար առաջիկա գոնե հինգ տարիների ընթացքում պետությունն ինքը պետք է ներկրի այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են թունաքիմիկատները, տեխնիկան, դիզելային վառելիքը:
Խորհրդարանական լսումները ներկայացուցչական էին եւ տաք, բայց կարեւորը տաքությունը չէ, այլ ինչ-որ վճիռների վրա հետագայում ազդեցություն ունենալը:
Մ. Խ.