«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2011-04-02 | #59, 2011-04-05 | #60, 2011-04-06


«ԴԱ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԷ»

«Ժառանգությունը» թարմացնում է Տեր-Պետրոսյանի հիշողությունը

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ «facebook» սոցիալական ցանցում մեկնաբանություններ կատարելիս հանկարծ հիշողության զարթոնք է ունեցել ու հրապարակավ մեղադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին մարտի 1-ի 10 զոհերի սպանության մեջ: «Մարտի 1-ին ժամը 10:30-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտից զանգում են լրագրողներ եւ ասում, որ Տեր-Պետրոսյանը ժամը 11-ին պետք է ասուլիս տա: Բայց տան կողքը ոստիկանական կարդոն է կանգնած, եւ լրագրողներին թույլ չեն տալիս ներս մտնել: Մենք, 3 պատգամավորներս` ես, Վարդան Խաչատրյանն ու Զարուհի Փոստանջյանը, Ժաննա Ալեքսանյանն ու Սոնա Մուրադյանը իմ ծառայողական մեքենայով գնում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն, ոստիկաններից պահանջում բացել ճանապարհը»: Սաֆարյանը գրում է, որ ասուլիսից հետո մոտեցել են ՀԱԿ առաջնորդին ու ասել, որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ սկսվել է առճակատում, եւ ոստիկանները հարվածում են մարդկանց:

Սաֆարյանի հարցին` ի՞նչ փոխանցի այնտեղ հավաքված ժողովրդին որպես ուղերձ, ՀՀ առաջին նախագահն ասել է. «Ես չգիտեմ, թե ովքեր են հավաքված այնտեղ: Դա իմ ժողովուրդը չէ: Իմ շտաբը այնտեղ որեւէ հավաք չի պլանավորել»: Սաֆարյանն անկեղծանում է, որ Տեր-Պետրոսյանի նման հայտարարությունից հետո հասկացել է. նախկին նախագահը խուսափում է պատասխանատվությունից:

«Իհարկե չեմ կարող ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը քրեական պատասխանատվություն է կրում 10 զոհերի համար, բայց քաղաքական պատասխանատվություն կրում է: Քանի որ եթե ինձ համար տեսանելի էր, որ արյուն է թափվելու, ինքը հաստատ դա պետք է տեսներ: Հետեւաբար կամ պետք է գար, կամ մարդկանց տուն ուղարկեր»:

Զարմանալի է, որ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ իր հիշողությունները Սաֆարյանը ներկայացնում է միայն 3 տարի անց: Դեռեւս մեկ ամիս առաջ` մարտի 1-ին, Սաֆարյանը «Ժառանգության» առաջնորդի ու մնացած կուսակցականների հետ այցելել էր Մատենադարանի հարթակ` ՀԱԿ հանրահավաքին ներկա գտնվելու եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ սգալու մարտի 1-ի զոհերի հիշատակը: Այդ ժամանակ Սաֆարյանը չէր հիշում վերոնշյալ իրադարձությունն ու խոսակցությունը: Իհարկե հիշում էր, պարզապես գոյություն ունեն քաղաքական նպատակահարմարություններ:

Իհարկե, յուրաքանչյուր քաղաքական ուժ, կախված այդ նպատակահարմարություններից, ունենում է հիշողության կորուստներ ու զարթոնքներ, սակայն այս պարագայում առավել կարեւոր հարց է, թե ինչու հենց հիմա Սաֆարյանը հիշեց այդ ամենը: Բացատրությունը պարզ է: Արդեն մեկ ամիս «Ժառանգությունը» պայքարում է քաղաքական արեւի տակ իր տեղը պահելու համար: Սակայն իշխանությունը մի կողմից, ՀԱԿ-ը` մյուս, համառորեն փորձում են բացատրել, որ «Ժառանգության» լիմիտը սպառվել է:

ՀԱԿ առաջնորդի մարտիմեկյան բացահայտ արհամարհանքը, մարտի 17-ին «Ազատության» հրապարակում Ռ. Հովհաննիսյանին չմոտենալն ու չբարեւելը փաստեցին. ՀՀ առաջին նախագահը «Ժառանգությանն» առանձին ընդդիմադիր ուժ չի ընկալում եւ նախընտրում է ընդդիմադիր դաշտում մենակ գործել: Իհարկե այս հարցում ունենալով իշխանությունների «դոբրոն»: Որ իշխանությունների ու ՀԱԿ-ի միջեւ համաձայնություն կա` անհերքելի է: Գուցե հետագայում այդ համաձայնությունը վերածվի խորհրդարանում աթոռների բաշխմանը. այս պահին սահմանափակվում է նրանով, որ իշխանությունները թույլ են տալիս ՀԱԿ-ին նվաճել ու վերանվաճել «Ազատության» հրապարակը: Վստահաբար ապրիլի 8-ի հանրահավաքում էլ ՀԱԿ-ը կրկին կվերանվաճի «Ազատության» հրապարակը, սակայն նվաճելուց մի քանի ժամ անց Լեւոն Տեր-Պետրոսյանը կասի. «Շնորհակալություն ուշադրության համար. բարի գիշեր»:

ՀԱԿ առաջնորդը կսահմանափակվի այսքանով` պայմանավորվածությունը չխախտելու համար: Մինչ ՀԱԿ-ը փորձում է մնալ ընդդիմադիր դաշտում` միաժամանակ գործարքներ ստորագրելով իշխանության հետ, ձեռքերը ծալած չի նստում «Ժառանգությունը»:

15 օր հացադուլի նստելովՙ Րաֆֆի Հովհաննիսյանն իր վրա կենտրոնացրեց բոլորի ուշադրությունն ու թեպետ հացադուլի ավարտին, բոլորն իրար հարց էին տալիս` «Ինչո՞ւ նստեց, ինչո՞ւ հրաժարվեց», այնուամենայնիվ, Րաֆֆին կարողացավ բացահայտել ՀԱԿ առաջնորդի էությունը, անհանդուրժող կեցվածքն ու նարցիսիզմը` կամ ես, կամ ոչ ոք:

Ստյոպա Սաֆարյանի facebook-յան մեկնաբանությունն էլ նույն նպատակն էր հետապնդում` ցույց տալ Լեւոն Տեր-Պետրոսյան առաջնորդի իրական պատկերը:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին էլ Սաֆարյանի այս հայտարարությունը հիշեցրել է բարոն Մյունհաուզենին: «Ովքեր ուզում են հավատալ Մյունհաուզենին, թող հավատան: Ոստիկանների հետ ունեցած բազմաթիվ բանակցություններից հետո ես եկել եմ Տեր-Պետրոսյանի տուն, որտեղ ոչ ոք չի եղել: Դա սուտ է: Այո, մենք բոլորս կրում ենք քաղաքական պատասխանատվություն», հայտարարել է նա:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4