Աշխարհում միջին հաշվարկով տարեկան արտադրվում է 4-5 տրիլիոն պլաստիկե տոպրակ: Առօրյայում խիստ անհրաժեշտ ապրանք համարվող պլաստիկե տոպրակների կյանքի տեւողությունն այնքան էլ երկար չէ. առավելագույնը 20 րոպե: Սակայն տոպրակի քայքայման համար պահանջվում է 100-200 տարի:
Տարեկան համաշխարհային օվկիանոս է լցվում 6 մլն 300.000 տոննա աղբ. դրանց զգալի մասը պլաստիկե տոպրակներ ու շշեր են: Հաճախ կենդանիները, դրանք համարելով սնունդ, ուտում են: Պլաստիկե տոպրակների պատճառով տարեկան 1 մլն թռչուն, 100.000 ծովային կաթնասուն եւ հազարավոր ձկնատեսակներ են սատկում:
Թեպետ Հայաստանին դեռեւս չի սպառնում համաշխարհային օվկիանոսի սարսափելի պատկերը, սակայն խնդիրն արդիական է նաեւ մեզ մոտ: Երկրի բոլոր գետերն ու Սեւանա լիճը աղտոտված են: Չեն պահպանվում աղբանոցների համար կիրառվող միջազգային ստանդարտները: Համաձայն ընդունված նորմերի` աղբանոցը պետք է լինի ոչ ջրաթափանց վայրում, աղբի շերտի վրա պետք է լցնել շինարարական ավազ եւ կանաչապատել: Հայաստանում նման «էլիտար» կարգի աղբանոց անհնար է գտնել. հայկական աղբանոցները բաց են: Անձրեւը, որ լուծում է քիմիական նյութերը, հոսում, ոռոգման ջուր է դառնում կամ էլ ներծծվում ու միանում խմելու ջրի պաշարներին. եւ բազմաթիվ հիվանդություններ, թունավորված մթերքներ:
Քաղաքից դուրս ամեն մի բնակավայրում կհանդիպեք տեսարանի, երբ աղբը թափում են մոտակա ձորում կամ գետակում: Այդպիսի պատկեր է Բջնիում, Գառնիում, Քաղսիում: Բնապահպան Գրետա Գաբրիելյանի մեկնաբանությամբ` առավել վտանգավոր են հատկապես թեթեւ պլաստիկե տոպրակները, որոնք թեթեւ քաշի պատճառով դժվար է հավաքել ու հանձնել վերամշակման. դրանք մնում են բնության մեջ:
Բազմաթիվ երկրներ, գիտակցելով պլաստիկե շշերի ու տոպրակների հասցրած վնասը, փորձում են այլընտրանքային միջոցներ կիրառել: Ֆրանսիայում, Բանգլադեշում, Տանզանիայում, Մոզամբիկում արգելում են դրանց արտադրությունն ու ներմուծումը: Չինաստանում դատական գործ կհարուցվի բոլոր այն խանութների տնօրենների դեմ, ովքեր մթերք վաճառելիս գնորդին կտրամադրեն ոչ թե թղթե կամ կտորե, այլ պլաստիկե տոպրակ: Եվրոպական բազմաթիվ երկրներում, որպես այլընտրանք, օգտագործում են կտորից ու թղթից տոպրակները, որոնք պիտանի են բազմակի օգտագործման համար: Այլընտրանքային վերոնշյալ տարբերակն է առաջարկում նաեւ բնապահպան Թամարա Գալստյանը : Սակայն սա կարող է հանգեցնել բնապահպանական մեկ այլ աղետի. թղթե տոպրակների կիրառման պարագայում երկրի սակավաթիվ անտառները կարող են իսպառ վերանալ:
Մինչ որեւէ քայլ ձեռնարկելը, բնապահպանի մեկնաբանությամբ, անհրաժեշտ է փոխել մարդկանց գիտակցությունը. Գալստյանն առաջարկում է դպրոցականների համար ոչ հաճելի, բայց շատ օգտակար էքսկուրսիա կազմակերպել ու նրանց տանել աղբանոց: «Եթե երեխան գիտակցի, թե իր նետած աղբը կուտակվելով հետագայում ինչպիսի խնդիրներ է առաջացնում, ապա ավելի զգույշ կլինի եւ խնամքով կվերաբերվի բնությանը»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ