«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2011-04-02 | #59, 2011-04-05 | #60, 2011-04-06


ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Պարզաբանում են հոգեւորականն ու հոգեբանները

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2009 թվականի համեմատությամբ, Հայաստանում անցյալ տարի գրանցված ամուսնությունների թիվը նվազել է եւ կազմել ընդամենը 17984: Փոխարենն ավելացել են ամուսնալուծությունները, անցյալ տարի գրանցվել է ամուսնալուծության 2997 դեպք: 2010-ին, 1000 ամուսնական զույգի հաշվով, գրանցվել է 167 ամուսնալուծություն, իսկ 2009-ին` 151:

Ամուսնալուծությունների պատճառները տարաբնույթ են: Հոգեբան Մարիամ Մեհրաբյանն էլ անդրադառնալով մեկ այլ վիճակագրության` ասում է, որ վերջին տարիներին զույգերն ավելի շատ ամուսնալուծվել են ամուսնանալուց հետո 3-4 տարվա ընթացքում: Հոգեբան Մեհրաբյանի խոսքով` ամուսնական կյանքի առաջին 3 տարիները համարվում են հարմարվելու տարիներ. «Փաստորեն, զույգերը միմյանց հարմարվելու խնդիրներ են ունեցել»: Զրուցակիցս ավելացնում է, որ մեծ ընտանիքներով ապրելը կարող է դառնալ ամուսնալուծության պատճառ. «Ինչքան մեծ է ընտանիքը ու ինչքան շատ են տան անդամները, այնքան շատ են նորաստեղծ զույգի դժվարությունները: Կարծում եմՙ շատ ճիշտ է, որ զույգերն առանձին են ապրում»:

Նոր ամուսնացած երիտասարդներն առանց այն էլ խնդիր ունեն միմյանց հարմարվելու, իսկ երբ դրան գումարվում է ընտանիքի մյուս անդամների հետ հարմարվելը... Չէ՞ որ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը` սկեսուրը, սկեսրայրը, տղան, հարսը, տալը կամ տեգրը, տատիկը կամ պապիկն ունեն իրենց իրավունքներն ու ապրելաձեւը: Երբ սրան էլ գումարվում է փոքր բնակարանում ապրելու հարցը, ուստի նման պայմաններում առաջանում են հազարումի խնդիրներ, որոնք ազդում են նաեւ նորաստեղծ զույգի ամուսնական կյանքի վրա:

«Այգ» հոգեբանական ծառայությունների գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանը նշում է, որ նախկինում հայերն ապրել են գերդաստանով, ինչն ազգապահպան նշանակություն է ունեցել: Թեեւ հիմա գերդաստաններով չեն ապրում, սակայն հաճախ մեծ ընտանիքներով ապրելուց խուսափելն անհնար է լինում. նախ սոցիալական պայմանների պատճառով, քանի որ երիտասարդներն առանց ծնողների օժանդակության ինքնուրույն ապրել չեն կարողանում, երբեմն էլ ծնողները չեն կարողանում ապրել առանց երեխաների: Բացի դրանից` կա նաեւ մենթալիտետի խնդիր, առանձին ապրելուն հոգեբանորեն ոչ բոլոր երեխաներն ու ծնողներն են պատրաստ:

Այս թեմայով «Ազգը» զրուցել է նաեւ Վարդան աբեղա Նավասարդյանի հետ, որը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենն է: Հայր Վարդանը, խոսելով մեծ ընտանիքներով ապրելու ավանդույթից, համաձայնում է, որ ավանդույթն իրեն սպառել է: «Այսօր աշխարհն ու հասարակությունը յուրաքանչյուր անհատի թելադրում են վարել ինքնուրույն կյանք, անկախ նրանիցՙ մարդն ամուսնացած է, թե ոչ», ավելացնում է հայր Վարդանը, ապա ընդգծում. «Նախընտրելի է, որ երիտասարդ զույգերն առանձին ապրեն: Ավետարանում Հիսուս Քրիստոսը հստակ ասում է. «Ամուսինը թո՛ղ թողնի իր հորն ու մորը եւ գնա իր կնոջ հետեւից»: Նույնն էլ ասվում է կնոջ վերաբերյալ. «Կինն էլ թո՛ղ թողնի իր ծնողներին ու գնա ամուսնու հետեւից»: Հայր Վարդանը եւս ընդգծում է, որ մեծ ընտանիքներով ապրելը կարող է դառնալ ամուսնալուծության պատճառ:

Հայ առաքելական եկեղեցին անհանգստացած է տարեցտարի ավելացող ամուսնալուծությունների թվով եւ ընտանիքներում ձեւավորվող անառողջ մթնոլորտով: Հայր Վարդանը կարծում է, որ ամուսնության խորհուրդը խաթարվել է. հաճախ երիտասարդներն ամուսնանում են ոչ թե մնայուն, այլ անցողիկ արժեքներին հետեւելով. «Ամուսնանում են տարբեր նկրտումներով` դրամի, սեռական ցանկություններին հագուրդ տալու համար եւ այլն»: Իհարկե, սա չի վերաբերում բոլորին. կան շատ զույգեր, որոնք ամուսնանում են իրար սիրելով եւ կարողանում են հաղթահարել ամուսնական կյանքի ընթացքում առաջ եկած հոգեբանական ու սոցիալական դժվարությունները, հետեւապես կարողանում են նաեւ ամուր պահել իրենց ընտանիքները, որտեղ հոգեւոր մթնոլորտի պահպանումը շատ կարեւոր է: Հայր Վարդանի փոխանցմամբ` հոգեւոր հովիվն ընտանիքներում անելիք ու դերակատարություն ունի, թեկուզ հենց հոգեւոր մթնոլորտի պահպանման առումով: Զրուցակիցս նշում է, որ Ս. Ղեւոնդյանց տոնի առիթով վերջերս Մայր աթոռում քահանայից հավաք է կազմակերպվել` նախագահությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի: Ավանդական հավաքին մասնակցել է նաեւ հայր Վարդանը, այս անգամ քննարկվող թեման եղել է «Ընտանիքն ու հոգեւոր հովիվը»: Քննարկման եզրահանգումների վերաբերյալ Վարդան աբեղան ասում է. «Հստակորեն շեշտվել է, որ հոգեւոր հովիվը պսակի խորհուրդը բացատրելուց զատ հետագայում ընտանիքների հետ պետք է կապ պահպանի, ինչն իրականացնելու համար առաջարկվել են տարբերակներ` ծխական մատյաններ ունենալու եւ համացանցի միջոցով կապ ստեղծելու վերաբերյալ»: Վարդան աբեղայի խոսքով` համացանցի միջոցով հնարավոր կլինի ընտանիքներին փոխանցել հանապազ տեղեկատվություն եւ խորհրդատվություն: Բացի գաղտնի խորհրդատվություն տրամադրելուցՙ ինտերնետային ցանցերը հնարավորություն կտան, որ ընտանիքները գտնեն իրենց հոգեւոր հովվին: Հայր Վարդանը մեկ այլ խնդրի եւս անդրադառնում է. «Հիմա ոչ բոլորն են պատրաստ իրենց խնդիրներով մոտենալու հոգեւոր հովվին ու հաղորդակցվելու նրա հետ»:

Ընտանիքների համար այսօր օրակարգային խնդիրներ են նաեւ սոցիալական ծանր վիճակն ու աշխատաշուկայի պակասը: Ռուբեն Պողոսյանն ասում է, որ հայկական ընտանիքները պահպանելու համար հարկավոր է կանգնեցնել Հայաստանից դեպի օտար երկրներ մարդկանց արտահոսքը, ինչը հնարավոր կլինի միայն սոցիալական խնդիրների լուծման դեպքում: Քիչ չեն դեպքերը, երբ ընտանիքի հայրը մեկնում է արտագնա աշխատանքի եւ խոստանում փող ուղարկելՙ երեխաներին մեծացնելու, ուսման վարձ տալու կամ երեխային որեւէ բուհ ընդունելու համար: Ցավոք, քիչ չեն նաեւ դեպքերը, երբ հայրը ոչ մի գումար էլ չի ուղարկում: Լինում են նաեւ դժբախտ պատահարներ, երբ շինարարական աշխատանքների ժամանակ անզգույշ են լինում, կոտրում են ձեռքն ու ոտքը, իսկ ինչքա՞ն մահվան լուրեր ենք լսել եւ ինչքա՞ն լուրեր, երբ ամուսինը Ռուսաստանում արդեն ռուս կին կամ սիրուհի եւ նույնիսկ արդեն երեխա ունի: Այսպես քայլ առ քայլ քայքայվում են հայկական ընտանիքները: Շատերը երբեմն մեղադրում են ոչ թե ամուսիններին, այլ կանանց, որոնք տղամարդկանց առաջ հազարումի պահանջներ են դնում ու պահանջում կատարել դրանք ինչ գնով էլ լինի: Ինչեւէ, հաճախ ընտանիքը պահելու ծանր բեռն ընկնում է կնոջ ուսերին, երբեմն կանայք իրենք են մեկնում արտագնա աշխատանքի, օրինակ` Միացյալ Նահանգներում կամ Եվրոպայում խնամում են մի հիվանդ ու ծեր տատիկի: Իսկ ամուսինը Հայաստանում մնում է առանց կնոջ. ինչ արած, սոցիալական պայմաններն են ստիպում: Կինը արտասահմանից գումար է ուղարկում, իսկ ամուսինն այստեղ խնամում է երեխաներին:

Հայր Վարդանն ընդգծում է, որ այսօր շարունակ խոսում են կնոջ դերի բարձրացումից, բայց որեւէ մեկը չի խոսում հայր հասկացության խաթարումից: Հաճախ ընտանիքի հայրը ճարահատյալ կատարում է մորը վերապահված գործերը, այսինքն` մայրը գնում է աշխատանքի, իսկ հայրը տանը խնամում է երեխաներին: Իհարկե, տղամարդը նման գործերում երբեմն պետք է օժանդակի կնոջը, սակայն միայն օժանդակի, ոչ թե մշտապես կատարի կնոջ գործերը: «Ընտանիքում, որտեղ տղամարդու գործն անում է կինը, իսկ կնոջ գործը` տղամարդը, այդ ընտանիքին լավ ապագա չի սպասում», ասում է հայր Վարդանը, ապա հավելում. «Հայերս մի վտանգավոր արտահայտություն ունենք, ասում ենք` ինչ տղամարդ կին է, մինչդեռ կինը չի կարող տղամարդ լինել, կինը պետք է կանացի լինի: Ըստ իս` տղամարդուՙ հայր, ընտանիքի հովիվ ու առաջնորդ լինելու բանաձեւն ինչ-որ առումով աղճատվել է, եւ նման դեպքում առողջ ընտանիք լինել չի կարող»: Հայր Վարդանի խոսքով` հայր հասկացության խաթարումն ինչ-որ առումով պայմանավորված է սոցիալական խնդիրներով. «Սակայն դա չի նշանակում, որ նյութապես ապահովված ընտանիքներում չկա այդ խնդիրը»:

Ընտանիքների քայքայման ու ամուսնալուծությունների պատճառներից են սոցիալական ծանր պայմաններն ու սոցիալ-հոգեբանական խնդիրները: Հարկավոր է առաջին հերթին լուծել հենց այս խնդիրները: Ռուբեն Պողոսյանը նշում է, որ պետք է լինեն սոցիալական ավելի լավ պայմաններ, որպեսզի երիտասարդների համար ընտանիք կազմելը չդառնա բեռ:

Ամուսնալուծությունների պատճառները տարբեր են` սկսած սոցիալականից, վերջացրած սեռական խնդիրներով: Ոչ բոլոր զույգերն են բարձրաձայնում իրենց ընտանիքների քայքայման իրական պատճառները, մանավանդ, եթե դրանք առնչվում են սեքսուալ կյանքին: Ամուսնալուծված մի քանի մարդկանցից «Ազգը» փորձեց հարցազրույց վերցնել, սակայն նրանք գերադասեցին չխոսել այս թեմայով, առավել եւս` հրապարակավ: Հայերիս մեջ մի վատ սովորություն կա, սիրում ենք անընդհատ փնտրել մեղավորների` ամուսնալուծությունների դեպքում մեղադրում ենք կա՛մ կնոջը, կա՛մ ամուսնուն, կամ «չարաբաստիկ» սկեսրոջը, այնինչ մոռանում ենք, որ ամեն մարդ ինքն է պատասխանատու իր կյանքի համար, եւ բացի դրանից` սիրում ենք տեսնել ուրիշի աչքի փուշը` չտեսնելով մեր աչքի գերանը:

Շատ կարեւոր է, որ երիտասարդները միմյանց սիրելով ամուսնանան, որպեսզի նվազի ամուսնալուծությունների թիվը: Ամուսնական կյանքի խնդիրները հաղթահարելու համար թերեւս սերն ամենամեծ ուժը կլինի:

Առաջիկա համարներից մեկում «Ազգը» այս թեմային կրկին կանդրադառնա:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4