«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հրապարակ» հաղորդաշարի փետրվարի 24-ին եթեր հեռարձակված հաղորդումներից մեկին` նվիրված հայոց անունարանի անաղարտության խնդրին, տողերս գրողն անդրադարձել է գրեթե անմիջապես («Երկիր», 2 մարտի 2011). այնքա՛ն կարեւոր էր արծարծվող թեման, բայց նաեւ հաղորդման մասնակիցներից Լիա Ավետիսյանի միջամտությամբ այնքա՛ն հաճախակի էր այդ հաղորդումը հայտնվում զավեշտի եւ անհեթեթության սահմանին: Ուստի զարմանալի էր «Ազգ» օրաթերթում կարդալ Արամայիս Ղազարյանի «Հայ անունը` պատիվը մեր» հոդվածը, որը փաստորեն ուշացած գովքն էր մեկի եւ ջատագովությունը մի կեղծ հայրենասիրական գաղափարախոսության, որոնք էլ քննադատության թիրախ էին դարձել:
Հենց սկզբից ասեմ, որ անվերապահորեն համամիտ եմ հայոց անունարանի այսօրվա անմխիթար վիճակի, նրա անաղարտության կարեւորության, այս ոլորտում պետական հատուկ քաղաքականության մշակման ու իրականացման վերաբերյալ Ա. Ղազարյանի մտահոգություններին: «Ազգ» օրաթերթը տողերս գրողին բազմաթիվ անգամներ է հնարավորություն ընձեռել` հանդես գալու ազգամշակութային այս կարեւորագույն խնդրի վերաբերյալ դիտարկումներով եւ առաջարկություններով: Հետեւաբար ինձ համար բնավ էլ միեւնույն չէ, թե Ա. Ղազարյանն իր հոդվածում ի՛նչ ելակետից է մոտենում հայոց անունարանը մաքրելու խնդրին, քանզի այն հիացական վերաբերմունքը, որ նա ունի Լ. Ավետիսյանի ստուգաբանական «գյուտերի» ու լեզվաբանական «նոր տեսության» նկատմամբ, փաստորեն ի սկզբանե բացառում է որեւէ անհրաժեշտություն` մաքրելու հայոց անունարանը, քանզի... դրա հարկը չկա: Ինչո՞ւ` կտեսնենք ստորեւ:
Ա. Ղազարյանին «Երկիր Մեդիայի» վերոնշյալ հաղորդման մեջ դուր չի եկել, որ իբր թույլ չեն տվել Լիա Ավետիսյանին` ըստ հարկի հրապարակ գալ հայոց անունների վերաբերյալ իր հույժ ժամանակակից մեկնաբանություններով: Հիմա փորձեմ կարճառոտ անդրադառնալ իր լեզվափիլիսոփայությունը հաղորդավարի «մեղքով» շարադրել չկարողացած Լ. Ավետիսյանի նոր «գաղափարախոսությանը», որը կարելի է ամփոփել Ա. Ղազարյանի հոդվածի մի բնութագրական ձեւակերպմամբ. «Իրենց բնօրրան դիտվող Հայաստանից արիական ցեղերը սփռվելով աշխարհով մեկ` տարածել են հայկական արժեքները, այդ թվում` անուն-ազգանունները»:
Այս «հայրենասիրական» պնդումը, անշուշտ, գոնե մի քանի օրինակով պետք էր փաստարկել, ինչն էլ հեռուստադիտողի համար խնդրո առարկա հաղորդման ժամանակ արեց Լ. Ավետիսյանը` անվերապահ եւ անառարկելի: Նա, իրավամբ, միանգամայն «նոր լույսի ներքո ստուգաբանեց Ալեքսանդր, Ռոման, Իզաբելլա անունները» (Ա. Ղազարյան): Այո, մենք էլ ենք վկայում` նոր լույսի, բայց` զարմանալի լույսի: Որովհետեւ, եթե տիկնոջ ստուգաբանությամբ Իզաբելլան «բնիկ հայկական» անուն է եւ նշանակում է «իզ Բելա»` «Բելի իզը»` «Բելի հետքը», եթե Ալեքսանդրը նույնպես «բնիկ հայկական» անուն է եւ նշանակում է «Ա/լ/-եկ անդր»` «Աստված եկավ այնտեղից», եթե հաղորդման մասնակիցներից մեկի հեգնանքով նետված խոսքը, թե, այդ դեպքում, Սաշիկն էլ է հայկական անուն, եւ դրան հետեւած տիկնոջ ակնթարթային արձագանքը` բա իհարկե՜, Սաշիկ նշանակում է «Ստ /Աստ/ աշի»` «Աստված աշում` նայում է»,- ուրեմն մենք իրոք ներկա էինք զարմանալի ներկայացման, աբսուրդի թատրոնի: Եվ այդ ներկայացման «գործող անձերից» Լ. Ավետիսյանի ներկայությունն իսկապես այնքան էր աբսուրդ, որ մեղադրել այդ ներկայացման «բեմադրիչ»` հաղորդումը վարող Վ. Օնանյանին, կարծում եմ, այնքան էլ ազնիվ չէ:
Ա. Ղազարյանը, չգիտես ինչու, մոռացել է հոդվածում նշել, թե իր գոված «լեզվաբանի» կողմից ինչ փայլուն ստուգաբանության արժանացավ «Համլետ» անունը, ստուգաբանություն, որ կարող էր ամբողջությամբ բնորոշել Լ. Ավետիսյան ստուգաբանին: Նախ` վերստին հայտարարվեց, որ, ինչպես բոլոր նախորդները, այս անունն էլ «մաքուր հայկական» ծագում ունի եւ նշանակում է, ոչ ավելի, ոչ պակաս, «համից հագեցած» («համ» + լետ/լեթ/լեթվել (չափից դուրս ուտել)): Ստուգաբանական այս գյուտի «համն» էին դեռ վայելում հաղորդման մասնակիցներն ու հեռուստադիտողները, երբ Լ. Ավետիսյանը միանգամայն լուրջ հայտարարեց, որ ամենայն անուն, որ հիմա կրում են հայերը, առանց բացառության` հայկական է: Ընդամենը մի բացառություն կա, որի մասին տիկինը դեռ կխոսի: Իսկ երբ հաղորդման մասնակիցներից Անժելա Տերյանին առաջարկվեց փոխել իր ոչ հայկական անունը, Լ. Ավետիսյանը շտապեց կանխել` ինչո՞ւ փոխել, եթե «Անժելա»-ն հին հայկական անուն է` ծագած, ի՜նչ հունարեն-ինչ բան, Տորք աստվածության Անգեղ անվանումից` Անգեղ-Անգել-Անժել:
Ահա այս մակարդակի ստուգաբանություններին անշուշտ պիտի հետեւեր «գիտական» եզրահանգումը. հայ ժողովրդից է ծագում, հողագործության ու անասնապահության մշակույթի հետ մեկտեղ, անվանակոչության համաշխարհային մշակույթը նույնպես, որը հետո տարածվել է ողջ աշխարհում` բոլոր ժողովուրդների մոտ: Հետեւաբար, աշխարհում չկա որեւէ անուն, որ ծագումով հայկական չէ...
Ավարտելուց առաջ դարձյալ ընդգծեմ. անշուշտ արդարացի է Ա. Ղազարյանը, երբ գրում է հայոց անունարանը եւ հատկապես հայկական ազգանունները օտար եւ խորթ տարրերից ազատելու անհրաժեշտության մասին: Սակայն, իմ համոզմամբ, դա պետք է անել մի պայմանով` գոնե մոտավոր իմանալով այն սահմանը, որ բաժանում է բնիկը եւ օտարը, բնական ճանապարհով փոխառյալն ու հանգամանքների պարտադրածը, հարազատը եւ խորթը:
Մի բան, որ, ցավոք, չի կարելի ասել Լ. Ավետիսյանի ստուգաբանությունների մասին:
ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ