«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2011-04-05 | #60, 2011-04-06 | #61, 2011-04-07


ԵՐԿՈՒ ՀԱՅԱՍՏԱՆ` ՄՐՑԱՆԱԿ ՏՎՈՂՆԵՐԻ ԵՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արդեն մի քանի օր Facebook-ը լի է քննարկումներով, թե «Տաշիր-2011» մրցանակաբաշխության կազմակերպիչներից թանկարժեք նվեր ստացած երգիչ- երգչուհիները իրենց ստացած բնակարանները թող նվիրեն անապահովներին: Բոլորը լուրջ-լուրջ քննարկում են այդ հարցը, իրենց պարտքն են համարում նվիրառուներին դատափետող տեսակետ հայտնել ու ...անսպասելի, իսկ խոր մտածելու դեպքում` լավ էլ սպասելի, հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ հատկապես այսպիսի արձագանք եղավ: Նախ ասենք, որ այդ Facebook-ային եւ մամուլային առաջարկներին արդեն արձագանքել են մրցանակ ստացածներից մի քանիսը, եւ բավականին կոշտ: Նունե Եսայանն ու Շուշան Պետրոսյանն անկիրթ են համարել նվեր ստացածը վերանվիրելու առաջարկը, Ջիվան Գասպարյանը նեղացել է, թե` «արժանի չէի՞ ինձ տրված նվերին»: Բանավեճն աստիճանաբար ուռճացավ եւ անցանկալի դրսեւորումներ ստացավ: Հետեւելով բանավիճողներին` նկատեցինք, որ ողջ բանավեճը սխալ ուղղությամբ է ընթանում: Լավ նայելու դեպքում տեսանելի է նաեւ այդ սխալ ուղղվածության պատճառը: Պատճառներից մեկը եւ գուցե հիմնականը բանավիճողների եւ մրցանակաբաշխության կազմակերպիչների` տարբեր տարածաչափություններում ապրելու հանգամանքն է: Իրենց չափումում ապրող մեր հարուստներն իրականում չգիտեն եւ հասարակությունում իշխող մթնոլորտի մասին, եւ մարդկանց` նույն երգիչների հանդիսատեսի ապրելակերպի վերաբերյալ իրական պատկերացում չունեն, ասել է` նրանք չգիտե՛ն իրական Հայաստանը, որտեղ գործունեություն են ծավալում: Այդ պատճառով նրանց համար Հայաստանում հասկանալի չեն այս կարգի արձագանքները իրենց կարծիքով` բարի գործի համար: Մինչդեռ Հայաստանի` ժողովրդական չափումում հասկանալի չե՛ն այդ կարգի շռայլ նվերները, մանավանդ որ այդպիսի նվեր ոչ ոք չի մատուցում ոչ ակադեմիկոսին, ոչ գրողին ու արվեստագետին, ոչ արվեստի ավելի լուրջ ոլորտի ներկայացուցիչների. էժանագին-թանկարժեք մրցանակաբաշխություն` մեծ մասամբ էժանագին երաժշտության ներկայացուցիչներին (մի քանի սիրելի արվեստագետներից, որոնք մրցանակ ստացածների մեջ են` ներողություն), եւ անգամ նյարդերի լարված լինելու պարագայում` այդ նվերները կարելի է կանխավճար դիտել ընտրական տարվանից առաջ, ընտրական տարում նվիրառուներին քարոզարշավներում ըստ նշանակության օգտագործելու առումով. սա եւս բանավիճողները նշում էին:

Այսինքն` երկու Հայաստանների (աղքատ եւ հարուստ) միջեւ ըմբռնման ու ընկալման բաժանարարն այնքան է խորացել, որ հասարակական կարծիքը երգիչ-երգչուհիներին տրվող թանկարժեք նվերների փաստը «ժանտախտի ժամանակ շամպայնով լողանալու» քամյուական իրավիճակ է ընկալել` մեկն ուտելու հաց չունի, ինչպես ասում են, մյուսի հոգսն էլ ունեցած ադամանդների մանր լինելն է, ու այդ երկու Հայաստաններում ոչ մեկը մյուսին չի լսում եւ չի հասկանում: Սա է: Մեր այսպես կոչված էլիտան կտրվել է իր իսկ հասարակությունից` իր պալատներից այն կողմ ամենաշատը կարող է հեռուստատեսությամբ շփվել հասարակության հետ, իսկ մեր հեռուստատեսությունն ընդհանրապես չի ընկալում հասարակությունում առկա տրամադրություններն ու հենց ինքն է կիլոմետրերով հեռու հասարակությունից, այլապես այդպիսի այլասերող, անհոգի, հիմարացնող հաղորդումներով եթեր չէր պարտադրի ու բթացնի մարդկանց: Հիմա այս կտրվածության, միմյանց չհասկանալու, միմյանց հոգսերից անտեղյակ լինելու, վերջապես միմյանց բոլորովին անհասկալի կենցաղով ապրելու պարագայում միայն կարելի էր գլխի չընկնել, որ նման չտես մրցանակները կբարկացնեն հասարակությանը: Ո՞նց է, մի առեւտրական ուսանողի սպանությունը ողջ արաբական աշխարհը ցնցեց, ու հիմա, երբ աշխարհի բոլոր աղքատ շերտերի նյարդերը լարված են, Հայաստանի նույն շերտերն ինչո՞ւ պիտի այդ կարգի չարձագանքեին իրենց կարծիքով վիճակի համար անընկալելի նվերներին: Ուղղակի նրանց ուժը նվեր ստացողների վրա է պատում, բայց երգիչներին ուղղված կոչը, թե անապահովներին տվեք նվեր բնակարանները, ամենապրիմիտիվ արձագանքն ու սխալ թիրախն է պարզապես: Մինչդեռ արժե այս առիթով մեր հարուստներին, իրենց հասարակության սերուցք անվանողներին, հասարակությունից կտրված մեր նորահարուստներին սթափեցնել. մի բան որ անում եք, մտածեք դրանց ոչ միայն ուղիղ, այլեւ հետեւանքային նշանակության մասին, ոչ ոք չգիտե, թե ո՞ր աննշան դիպվածը կարող է հասարակության համբերության բաժակը լցնել: Իսկ մեր երգիչներին այնքան է կողոպտել ամեն ոք` հենց նրանց DVD-ները գողանալ-ծախելով, որ ստացած բնակարանների մասով նրանց դիմելը սխալ մոտեցում է` այնքան այդպիսի կոչերի իրական հասցեատերեր ու թիրախներ կան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4