Արաբական աշխարհում, Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների եւ հատկապես Լիբիայի դեմ Արեւմուտքի ձեռնարկած ռազմական գործողությունների կապակցությամբ նորովի հրատապ դարձավ ամերիկացի նշանավոր քաղաքագետ եւ սոցիոլոգ Սամուել Հանթինգտոնի տեսությունը քաղաքակրթությունների բախման մասին: Հիշեցնենք, որ նա իր համանուն «Քաղաքակրթությունների բախումը» հանրահռչակ աշխարհաքաղաքական տրակտում առաջ է քաշում այն հիմնադրույթը, որ հետառճակատման փուլում (ԽՍՀՄ-ի փլուզումից հետո) գլոբալ քաղաքականությունը եւ միջազգային հարաբերությունները ձեռք են բերում միջքաղաքակրթական բնույթ: Նախորդ դարի ռազմաքաղաքական դաշինքների դիմակայությունը գնալով փոխարինվում է կրոնական հիմք ունեցող վեց համաշխարհային քաղաքակրթությունների փոխգործակցությամբ, որն ի վերջո հանգեցնում է նրանց բախման: Մասնավորապես Հանթինգտոնը առավել հավանական է համարում քրիստոնեական եւ մուսուլմանական քաղաքակրթությունների առճակատումը:
Երեւի օրինաչափ է, որ այս օրերին աշխուժացել են նշված տեսության ե՛ւ կողմնակիցները, ե՛ւ հակառակորդները: Վերջիններս բերում են բազում օրինակներ, երբ մեկ երկրում, կայսրությունում եւ առհասարակ հսկայական աշխարհատարածքներում դարերով խաղաղ գոյակցել են կրոնական խոշորագույն հանրակցություններ: Տեսության ջատագովների կարծիքով, հիշյալ երկու քաղաքակրթությունները հետզհետե ավելի ու ավելի են կորցնում հանդուրժողականությունը միմյանց նկատմամբ, ավելի ագրեսիվ են դառնում միմյանց արժեքային համակարգերի հանդեպ: Չի բացառվում, որ ստեղծելով զանազան դաշինքներՙ հակամարտությունը վերածվի երրորդ համաշխարհային պատերազմի: Համենայն դեպս, Ժիրինովսկին արդեն հայտարարում է այդ մասին: Վլադիմիր Պուտինը Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւը համարեց «խաչակրաց արշավանքի միջնադարյան կոչ»:
Անշուշտ, քաղաքակրթությունների հակամարտության նախադրյալները բազմազան են ու բազմաբնույթ, ընդսմինՙ ոչ միայն ըստ Հանթինգտոնի: Վերջին ժամանակներս Արեմուտքում բավական ակտիվացել են գիտական ուսումնասիրությունները մոլորակի առաջատար կրոնների ու հատկապես մուսուլմանական աշխարհի ներկա վիճակի եւ զարգացման միտումների մասին: Առանձնակի ուշադրություն է նվիրվում մուսուլմանական ազգերի ժողովրդագրական գործոնին, քանզի դա այն ասպարեզն է, որտեղ Մուհամմեդի հետեւորդները անվերապահ առաջատար են, եւ որը նրանց որոշակի ագրեսիվություն է հաղորդում:
Ապշեցնում են, օրինակ, ամերիկյան գիտագործնական կենտրոններից մեկի ամենամյա հետազոտությունների արդյունքները մինչեւ 2030 թվականը սահմանագծով: Եթե 1990 թվականին մուսուլմանները կազմել են աշխարհի բնակչության 20 տոկոսըՙ 1,1 միլիարդ, ապա 2030-ին նրանք կկազմեն արդեն 26,4 տոկոսըՙ 2,2 միլիարդ մարդ: Բնակչության շեշտակի աճ է նկատվում մուսուլմանաբնակ բոլոր աշխարհամասերում: Եթե այսօր խոշորագույն մուսուլմանական երկիրը Ինդոնեզիան էՙ 200 միլիոն, ապա անհանգիստ Պակիստանը նրան կգերազանցիՙ ունենալով 256 միլիոն բնակիչ: Իսկ ընդհանուր առմամբ Պակիստանում, Բանգլադեշում եւ Հնդկաստանում կբնակվի 700 միլիոնից ավելի մուսուլման:
Հետաքրքրական է, որ նույնիսկ մի քանի տասնյակ տարիներ պատերազմող Աֆղանստանը կհատի 50 միլիոնի սահմանագիծը: Պարզվում է նաեւ, որ Իսրայելի կողմից աքցանի մեջ առնված Պաղեստինում ծննդաբերությունը ամենաբարձրն է մուսուլմանական աշխարհում: Ի դեպ, Իսրայելի առնչությամբ ամերիկացի հետազոտողները խիստ հոռետեսաբար են տրամադրված, քանի որ բուն Իսրայելում արաբները կազմում են բնակչության մեկ քառորդ մասը:
Արագ է բազմանում աֆրիկյան մայր ցամաքի մուսուլմանական բնակչությունը: Նիգերիայում, օրինակ, այն կհասնի 100 միլիոնի: Եվ դա այն դեպքում, երբ քրիստոնյաների քանակը 30 տոկոսից կիջնի 20-ի:
Իսկ ինչ է սպասում «մարդու իրավունքներով» եւ դավանանքի «ազատությամբ» կոմպլեքսավորված քրիստոնեական Եվրոպային: Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Շվեդիայում եւ Հոլանդիայում մուսուլմանները կկազմեն 10 տոկոսը: Ամերիկացի գիտնականների կանխատեսումներովՙ ԱՄՆ-ում այդ նույն 2030 թվականին մուսուլմանները կկրկնապատկվենՙ դառնալով 6,2 միլիոն:
Մուսուլմանական բազմամիլիոնանոց հզոր երկրներով շրջապատվածՙ շարունակվող արտագաղթի պայմաններում ապրող Հայաստանում մտածո՞ւմ են պոտենցիալ վտանգի մասին: Ռուսաստանի լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ հնչող այս կարծիքը, որ քրիստոնեական Արեւմուտքի եւ Իսրայելի կողմից մուսուլմանական Իրանին միջուկային հարված հասցնելու դեպքում Հայաստանը կվերանա որպես պետություն, հենվում է նաեւ մեր երկրում ժողովրդագրական անմխիթար վիճակի վրա: Իսկ եթե բանը իրոք հասնի ոչ թե լոկալ, այլ հենց միջքաղաքակրթական բախման...
Ավելացնենք, որ Ռուսաստանում նորերս ավարտված մարդահամարը եւս յուրօրինակ միտում է գրանցում. բնակչության աճի բարձր տեմպերով առաջատար տարածաշրջաններն են... անկայուն Չեչնիան եւ Դաղստանը: Նվազող ցեղը քրիստոնյա ռուսներն են: Էլ չենք ասում, որ այս երկրում կանայք 10 միլիոնով գերազանցում են տղամարդկանց:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա