«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2011-04-05 | #60, 2011-04-06 | #61, 2011-04-07


ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ

Որոնց արդյունավետությունը կերեւա տարվա երկրորդ կեսին

Գյուղի, գյուղացու եւ գյուղատնտեսության խնդիրների վերաբերյալ մի քանի օր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց ունեցավ հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ: Նրա մոտեցումներն այնքանով էին հետաքրքրական, որ վերաբերում էին մեր երկրի բնակչության մի զգալի մասի առօրյա խնդիրներին եւ տնտեսության մեջ մեծ մասնաբաժին ունեցող ճյուղին:

Հայտնի է, որ տարիներով եւ անգամ տասնամյակներով գյուղատնտեսությունում կուտակած խնդիրների մասին պարբերաբար մտահոգություն էին հայտնում մասնագետները: Նշենք դրանցից մի քանիսը եւ, համապատասխանաբար, թե ի՞նչ է առաջարկում Տիգրան Սարգսյանը դրանց լուծման համար:

Վարչապետի առաջարկների մեջ ամենաէականը թերեւս այն է, որ վերջին 20 տարվա մեջ առաջին անգամն է, որ պետությունը հատուկ ուշադրության է արժանացրել գյուղատնտեսությանը եւ անմիջականորեն օժանդակություն է ցուցաբերելու գյուղացիներին գործնականում բոլոր ուղղություններով: Այսինքն, նրա հավաստմամբ, «գյուղացիները ստանալու են ե՛ւ սերմ, ե՛ւ ֆինանսական օժանդակություն, ե՛ւ գյուղտեխնիկա»:

Հայաստանի գյուղատնտեսության հիմնական խնդիրը, որ մատնանշում են մասնագետները, ցածր բերքատվությունն է: Նրանց վկայակոչմամբ, խորհրդային տարիների համեմատ գյուղատնտեսության գրեթե բոլոր ցուցանիշները կրճատվել են երկու անգամ: Օրինակ, ըստ հանրահայտ տնտեսագետ ակադեմիկոս Աբել Աղանբեգյանի , առաջին խնդիրը գյուղատնտեսության խոշորացումն ու կոնսոլիդացիան է, քանի որ 1,7 մլն փոքր հողակտորների առկայությունը հնարավորություն չի տալիս ոչ մի ժամանակակից մեթոդի կիրառման գյուղատնտեսության մեջ: Ի՞նչ է նախատեսում Հայաստանի կառավարությունն այստեղ: Ինչպես վերոնշյալ հարցազրույցում նշել է Տիգրան Սարգսյանը, պետությունը խթանելու է կոոպերատիվների ձեւավորումը: Նա որպես օրինակ նշել է, որ կոոպերատիվներին մատակարարվելու է գյուղտեխնիկա նրա գնի 50 տոկոսի չափով, իսկ գնի մնացած 50 տոկոսի գումարը տրամադրելու է պետությունը: Այդ նպատակով շուտով 60 տրակտորներ էժան գներով հանվելու են աճուրդի:

Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ագրարային համալսարանի բուսաբուծության ամբիոնի վարիչ Անդրեաս Մելիքյանն էլ առաջնային է համարել իրացման խնդրի լուծումը, քանի որ գյուղացին ինքնուրույն այս հարցը լուծել չի կարող:

Այս հարցի լուծման նպատակով «Զվարթնոց» օդանավակայանում մայիսին նախատեսվում է բացել սառնարանային տնտեսության եւ ստեղծել ազատ տնտեսական գոտի, որտեղ կկազմակերպվի գյուղմթերքների իրացումը: Բացի դրանից, ինչպես նշեց վարչապետը, պետությունը մտադիր է օգնել 12 մթերող կազմակերպությունների, քանի որ «եթե գյուղացուն տրամադրում ենք պարարտանյութ կամ սուբսիդավորում ենք նրա այս կամ այն գործառույթը, դա որեւէ արդյունք չի տա, եթե գյուղացին չի կարողանալու վաճառել իր արտադրանքը»: Այս տեսակետից կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրել վերամշակող ընկերություններին եւ պտուղ-բանջարեղենի արտահանող ընկերություններին:

Ցածր բերքատվության մյուս պատճառը ցածր արտադրողականությունն է, որն էլ իր հերթին պայմանավորված էր բարձրորակ սերմացուի բացակայությամբ: Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ, այս տարի շուրջ 200 գյուղեր կստանան պետության կողմից բարձրորակ սերմացու: Արդեն հաղորդվել է ցորենի, գարու, եգիպտացորենի խմբաքանակների ներմուծման եւ նոր ծավալների նախատեսվող ներմուծման մասին: Սրա շնորհիվ ակնկալվում է արտադրողականության բարձրացում շուրջ 20 տոկոսով:

Բացի դրանից, պարարտանյութերի մասով նոր քաղաքականություն է իրականացվելու, որը միաժամանակ բխելու է գյուղացիների եւ տեղական արտադրողների շահերից: Պետությունը ֆինանսավորելու է տեղական օրգանական պարարտանյութերի արտադրողներին, որպեսզի նրանք իրենց արտադրանքը մատակարարեն գյուղացիական տնտեսություններին: Այստեղ, սակայն, առաջանում է գյուղացիներին նոր տիպի պարարտանյութի օգտագործման ձեւերը սովորեցնելու խնդիրը: «Գյուղացիական ժամ» հաղորդման վերականգման անհրաժեշտությունը, որի մասին նշել է վարչապետը, հենց նման դեպքերի համար է: Սակայն միանշանակ է, որ այդ հաղորդումը չպետք է լինի նախկին ձեւով ու որակով, որը ոչ մի կերպ չօգնելով գյուղացուն, միայն փոշիացնում էր պետական գումարները:

Գյուղատնտեսական վարկերի մատչելիության առումով հատկանշական քայլ է պետության կողմից տոկոսադրույքի մի մասի սուբսիդավորումը: Մասնավորապես, պետությունն իր վրա է վերցնելու տրամադրվող վարկերի 4 տոկոսը, գյուղացիները կստանան վարկ տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով: Այստեղ, թերեւս անհրաժեշտություն կա որոշ չափով նվազեցնելու գյուղացիներին վարկերի տրամադրման թղթարարությունը եւ պարզեցնելու ընթացակարգերը:

Գյուղատնտեսության խնդիրների նկատմամբ նոր մոտեցում է նաեւ դրանց զուգակցումը գյուղի խնդիրների լուծմանը: Այդ նպատակով Համաշխարհային բանկի ծրագրով, 21 մլն դոլարի (5 մլն դոլարըՙ Հայաստանի համաֆինանսավորմամբ) միջոցառումներ են իրականացնելու երկրի 5 մարզերի 55 համայնքներում: Մեկ այլ ծրագրով էլ, արդեն պետական բյուջեից, 10 մլրդ դրամ է հատկացվելու գյուղի սոցիալական խնդիրների լուծման համար: Սրանք մեծածավալ ծրագրեր են, որոնց համար բավականին լուրջ գումարներ են ծախսվելու: Հետեւաբար, հիմնական խնդիրը լինելու է դրանց նպատակային օգտագործումը եւ կառավարության վերահսկողությունը իրագործման ընթացքի նկատմամբ:

Ամեն դեպքում գյուղատնտեսական տարին դեռ առջեւում է: Սպասենք եւ տեսնենք, թե տարվա երկրորդ կեսին վարչապետի մատնանշած ծրագրերից որո՞նք եւ ի՞նչ հաջողությամբ են իրագործվել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4