Ճգնաժամը միայն տնտեսական չի լինում, կա ավելի սարսափելի մի բան` արժեքների ճգնաժամ: Տնտեսական ճգնաժամը հաճախ հենց արժեքային ճգնաժամի արդյունք է: Օրինակ` արժեքային ճգնաժամ է, երբ հնարավոր չէ տարբերել հանցագործին օրինավոր քաղաքացուց: Օրինավոր քաղաքացին, իր անզորությունից հուսահատ, լուռ տանում է իր շուրջը կատարվող անօրինությունները, իսկ հանցագործը, առանց բարդույթների, աղաղակում է իր շահերին դիպչող օրենքներից:
«Պիրատությունը» հանցագործություն է: Սա հայտնի փաստ է: Սակայն մեր երկրում «պիրատները» այնպիսի հոխորտանքով են բողոքում հեղինակային իավունքները պաշտպանող օրենքներից, որ քիչ է մնում պետությունն ու ողջ հասարակությունը վազեն ու ներողություն խնդրեն նրանցից:
Հակապիրատային օրենսդրության ձեւավորումը Հայաստանում երկար տարիների պատմություն ունի: Այս ուղղությամբ վերջին քայլը 2010 թվականին ԱԺ-ի կողմից ընդունված եւ հանրապետության նախագահի կողմից վավերացված «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսա-ձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքն է: Այս օրենքով նախատեսում է պետության կողմից հատկացվող դրոշմապիտակներ փակցնել վաճառվող CD/DVD-ների վրա, ինչպես նաեւ պարտադիր պայմանագիր ունենալ ստեղծագործության հեղինակի կամ հեղինակային իրավունքի իրավատիրոջ հետ: Այս օրենքը պարունակում է շատ կոնկրետ մեխանիզմներ «պիրատության» դեմ պայքարի համար: Եթե մինչ այդ եղած օրենսդրությունը «պիրատները» ինչ որ ձեւով շրջանցում էին, ապա այս օրենքը շրջանցելն արդեն դժվար է: Ուզեն թե չուզեն, պետք է պետական լիազոր մարմնից ստանան եւ փակցնեն դրոշմապիտակները, իսկ ստանալու համար պետք է ներկայացնեն իրավատիրոջ հետ պայմանագիրը: Օրենքը ուժի մեջ է մտել 2011 թվականի մարտի 1-ից, սակայն չի գործում, որովհետեւ կառավարությունը դեռ չի ընդունել օրենքի կիրարկման կարգը: Այս օրենքով «պիրատությունը» ուղղակի արմատախիլ է արվում, բայց քանի որ մեր երկրում «պիրատության» արմատները շատ խորն են, «պիրատները» օգտագործելով բոլոր PR տեխնոլոգիաները, փորձում են ոչնչացնել այս օրենքը: Կառավարությունն էլ իր դանդաղկոտությամբ, չհաստատելով օրենքի կիրարկման կարգը, ակամա նպաստում է նրանց:
«Պիրատները» բողոքում են, որ արտասահմանյան կատարողների եւ ֆիլմերի հեղինակային իրավունքների ձեռքբերումը անհնար է, որ հայկական շուկան շատ փոքր է: Իհարկե, անտեղյակ հասարակությանը մոլորեցնելը շատ հեշտ է: Ընդամենը պետք է զգացմունքային խոսելաոճ եւ աչքերի անմեղ արտահայտություն: Մեր քաղաքացիներից քանի՞սն են երբեւէ փորձել ձեռք բերել որեւէ արտասահմանյան ֆիլմի բազմացման եւ վաճառքի հեղինակային իրավունքներ: Հաստատՙ ոչ ոք: Ուրեմն կարելի է հռետորական հնարքներով դառնալ համոզիչ, ներկայանալ որպես անմեղ զոհ: Իրականում, գործից քիչ թե շատ տեղյակ մարդիկ հավաստում են, որ հեղինակային իրավունքներ ձեռք բերելու համար Սելին Դիոնին կամ Մել Գիբսոնին անձամբ հանդիպելու կարիք չկա:
Ապրիլի 1-ին «Տեսակետ» մամուլի ակումբում «Հայհեղինակ» ՀԿ գործադիր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը , անդրադառնալով այս հարցին նշեց, որ արտասահմանյան հեղինակները իրենք են շահագրգռված իրենց ստեղծագործությունների մասսայականացման գործում: Կան մասնագիտացված ընկերություններ, որոնք զբաղվում են այդ ստեղծագործությունների հեղինակային իրավունքների վաճառքով: Այդ ընկերություններն ունեն տարածաշրջանային ներկայացուցչություններ, որոնցից հեշտությամբ եւ շատ մատչելի գներով կարելի է ձեռք բերել հեղինակային իրավունքները: Տկն Ներսիսյանի դիտարկմամբ, այսօր շուկայում CD/DVD-ների գները բարձրացել են, եւ երբ հարցնում ես, թե ինչո՞ւ` պատասխանում են, որ նոր օրենք է ընդունվել: Ուրեմն վաճառում են առանց դրոշմապիտակների, հեղինակին գումար չեն հատկացնում եւ գներն էլ բարձրացնում են: Եվ իհարկե մնում են անպատիժ: Դեռ մի բան էլ բողոքում են օրենքից: Համոզված ենք, որ եթե կառավարությունը ժամանակին ընդուներ օրենքի կիրարկման կարգը եւ կիրառեր ողջ խստությամբ, ապա այսօր շուկայում վիճակը էականորեն կբարելավվեր, իսկ «պիրատները» ուղղակի ժամանակ չէին ունենա օրենքից բողոքելու, քանի որ զբաղված կլինեին օրենքի պահանջները կատարելով:
Զարմանալի է, բայց մեր մշակույթի գործիչները, փաստորեն լիովին կորցրել են հավատը օրենքի գերակայության հանդեպ, կամ էլ վախենում են եւ չեն կարողանում համախմբվել ու միասնաբար պահանջել կառավարությունից, որ օրենքը գործի:
ՄԽԻԹԱՐ ՍԱՐԳՍՅԱՆ